2018-ի, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությանը» հանրությունը չի կարողանում հստակ ու ողջամիտ գնահատական տալ: Մինչդեռ դա շատ կարեւոր է, որովհետեւ ցայժմ հասարակությունը շարունակում է բաժանված մնալ մի քանի հակադիր մասերի՝ սեւեր-սպիտակներ, նախկիններ-ներկաներ, հայաստանցի-ղարաբաղցի եւ այլն: Սա է, թերեւս, փողոցածին խմբակի այս տարիների «առաքելության» հիմնական արդյունքը, մնացածը հետեւանքներն են: Ճշգրիտ գնահատման անկարողությունը մեզ թույլ չի տալիս առաջ շարժվել ու ստեղծված իրավիճակից ելքեր որոնել: Փորձենք ձեւակերպել 2018-ի իրադարձությունների վերաբերյալ ժողովրդի մեջ տարածված պատկերացումները.
- 2018-ին երիտասարդներն ապստամբություն բարձրացրին եւ ցանկանում էին փոփոխություններ, որոնց նպատակը կոռուպցիայի, հովանավորչության, անօրինականության, ընտրական մանիպուլյացիաների դեմ պայքարն էր: Շարժումն ինքնաբուխ էր ու անկեղծ:
- Սա հայ ժողովրդի դեմ Արեւմուտքից համակարգվող դավադրություն էր, որը խնդիր ուներ ոչ միայն խարխլելու մեր ազգային արժեհամակարգը եւ Արցախը զիջելու Ադրբեջանին, այլեւ միմյանցից մեկուսացնելու Ռուսաստանին ու Իրանին եւ, ի վերջո, մասնատելու այդ երկրները:
- «Թավշյա հեղափոխությունը» Արեւմուտք-Ռուսաստան պայքարի արգասիք էր, որտեղ Ռուսաստանը չի կարողանում դիմակայել Արեւմուտքի «փափուկ ուժի» տեխնոլոգիաներին: Այս տեսակետից բխում է, որ «հեղափոխության» գործող անձինք դրսից ներմուծված գործակալներ են:
- «Հեղափոխությունը» կազմակերպել է Սերժ Սարգսյանը, որպեսզի Արցախի խնդիրը «գցի Նիկոլի ջեբը», այսինքն՝ չկարողանալով դիմադրել ՌԴ-ի եւ/կամ Արեւմուտքի ճնշումներին, նման եղանակով տարածքների հանձնման պատասխանատվությունը «խեղճ հարիֆի» վրա է բարդել: Այս տարբերակի ենթատարբերակն է նաեւ այն, որ Սերժ Սարգսյանն ու Փաշինյանը գործել են նախապես համաձայնեցված ծրագրով: Ըստ այդ տեսակետի՝ դա ներքին դավադրություն էր ընդդեմ հայ ժողովրդի:
- Գոյություն ունի «ռուս-թուրքական» դավադրության տեսակետ եւս, համաձայն որի՝ այդ երկրները ստվերային պայմանավորվածություն են ձեռք բերել Արցախն ու մնացյալ տարածքները Ադրբեջանին հանձնելու համար, իսկ ՀՀ-ում՝ նախեւառաջ բանակում, գոյություն ունի «5-րդ շարասյուն», որն, իբր, գաղտնի կերպով աջակցում է այդ ծրագրին: Այս իմաստով Փաշինյանն ավելի շուտ որպես զոհ է ներկայանում, քան՝ այս ամենի գլխավոր գործող անձ:
Կարծես թե սրանք են հասարակության մեջ գեներացվող հիմնական հայեցակետերը: Կան նաեւ համակցված տեսակետներ՝ վերոնշյալից երկուսը կամ մի քանիսը միասին վերցված:
Բնականաբար՝ այս տեսակետները խանգարում են իրավիճակից ելք որոնելուն, քանի որ եթե կա անվստահություն Հայաստանի քաղաքական առաջնորդների հանդեպ, ապա ցանկացած իշխանափոխություն կարող է զուտ այդպիսի դիպաշարերի շարունակություն դիտարկվել, իսկ ժողովրդի դժգոհությունն ու ընդվզումը՝ ընդամենը գործիք նմանատիպ դավադրությունների շարունակությունն ապահովելու համար: Գուցե հենց դա՞ է ՀՀ-ում նոր դերակատարների պահանջի բացակայության պատճառը:
Փաստացի՝ ստացվում է ոչինչ չտվող, սնամեջ շրջապտույտ, դավադրության հերթական շղթայի նոր օղակ, որի գործող անձինք ամեն ինչ սկսում են նոր էջից, եւ հանրությունն ամեն անգամ մնում է ձեռնունայն ու իրեն խաբված է զգում: