Friday, 04 October 2024

F Free Platform

Սպանվող հայրենասիրություն

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Հայրենասիրությունն էլ թիրախում հայտնվեց։ Միակ իրականը` հայրենիքի հանդեպ սերն ու երկիրը թշնամուց փրկելու ձգտումը, որին զոհ գնացին հազարավորներ: Հենց այնպես չէր ասված`«հանուն ոչնչի…» Այս օրերի համար էր ասված, որպեսզի անհայրենասերներին լավ հասկանանք: Հասկանանք, թե ինչու են ուզում «մաքրել» դպրոցների պատերը։ Թերեւս՝ մեջբերեմ «Փաստ»-ի արձագանքը.

«Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է հերոսների, ֆիդայիների, պատմական դեմքերի նկարներին, հայ մեծերի մտքերին, հայրենասիրական կարգախոսներին, ազգային ոգին բարձրացնող աֆորիզմներին եւ նմանատիպ գրառումներին, այսինքն՝ այն ամենին, ինչ սովոր ենք տեսնել մեր դպրոցների պատերին։ Ըստ այդմ՝ բոլոր դպրոցների պատերը պետք է լինեն անթերի «մաքուր»՝ «աշակերտների մտածելակերպի ու ենթագիտակցության վրա արհեստական ներգործությունից խուսափելու նպատակով»։

Այսպես են ցանկանում սերնդի մեջ սպանել հայրենիքի սերը, որն սկսում են նաեւ դպրոցական ծրագրերից` հեռացնելով հայրենասիրական ստեղծագործությունները  դասագրքերից։ Սկսում են դպրոցի պատերը «մաքրելուց», որ  դպրոցականը մարտական ճանապարհ անցած ազգի նվիրյալներին չճանաչի:

Սպանում են սերնդի մեջ հայրենասիրությունը, որ հայրենիքի համար երբեւէ չմարտնչեն  մեր հայորդիները։ Հայրենասիրությունը սպանում են, քանի որ իրենք երբեւէ հայրենիք չեն պաշտպանել, քանի որ զինվորական ծառայության մեջ չեն եղել, քանի որ նրանց համար այն լեռներն ու ձորերը, դաշտերն ու արոտավայրերը, լճերն ու գետերը հայրենիք չեն:

Հայրենիք չէր նաեւ Շուշին, որ դժգույն էր, հայրենիք չէին այն բոլոր բարձունքները, որոնց տիրացավ թշնամին, հայրենիք չէր մեր երկրի ընդերքը, որի աշխատանքը կանգնեցրին։ Անհայրենասերների համար հայրենիքը միֆ է, երեւակայություն, նրանց համար այն շոշափելի չէ, հանուն որի՝ կարելի է զոհաբերել կյանքը…

Հենց այսպես էլ հանձնվում է Արցախը, որը հայրենասիրությունը չգիտակցողների համար հայրենիք չէ։ Հանձնում են հայրենիքի սրբազան սահմանները, փորձում սպանել սերնդի մեջ հայրենիքի սերը, նվիրումը, անձնազոհությունը…

- Հանուն ինչի՞ զոհաբերվել,- ծնվում է հարցը։

- Հանուն ոչնչի,- լսվում է աղաղակը անհայրենասերների:

Հայրենիքը փրկել է պետք ոչնչություններից, այն սեր է, նվիրում… Այն մեր ճաքճքած հողն է, մեր տան ծեփաթափ պատը, որ համբուրում ենք հեռանալիս, այն մամռակալած  մատուռներն են, խաչքարերը ճանապարհների, որոնք քանդել են տալիս անհայրենասերները։

Հայրենասիրությունն էժանագին արարածների համար չէ, որոնք չգիտեն հայրենիքի գինը, որ անչափելի է ու անգին:

 

Նատաշա Պողոսյան
Արցախ

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.