Friday, 04 October 2024

F Free Platform

Հայրենական

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Այս օրը պետք է հիշել, որ խորհրդային համակարգի մայրամուտին Արցախյան շարժումը նոր զարթոնք բերեց Մայր Հայաստանին, բայց, ցավոք, նոր օրերում Արցախը հանձնված է, եւ վտանգված է հայոց պետականության կյանքը։ Հայաստանի Առաջին հանրապետության 106 տարին է, որի հաղթական ճանապարհի սկիզբը դրվեց Մայիսյան հերոսամարտերում։ Այն մեծ շրջադարձ էր Հայոց ցեղասպանությունից հետո: Փրկվեց Հայաստանը լիակատար ոչնչացումից:

  1. Դարերի խորքից եկող ամրակուռ ոգի

Դա մեր լինելությունն էր, մեր ազատ ու անկախ ապրելու իրավունքը, որ շարունակվեց ու ձգվեց Սարդարապատից մինչեւ Արցախ: Այդ պետականությունը կարճ կյանք ունեցավ՝ ընդամենը երկու տարի (1918-1920), քանի որ Հայաստանը խորհրդայնացվեց, եւ միայն յոթ տասնամյակ անց Արցախյան շարժումն իր հետ մի նոր զարթոնք բերեց՝ Մայր Հայաստանի պետականության ու անկախության հռչակմամբ։ Այն դարձյալ մայիսի 28-ին էր, որ դարձավ հայ ժողովրդի հավաքականության, հավերժ ապրելու իրավունքի, մի նոր զարթոնքի ու հաղթանակի օր:

Նոր օրերում մեր հայրենիքը վտանգված է, ժողովուրդը՝ տրոհված: Համաժողովրդական, թե ազգային-ազատագրական շարժմամբ հաստատակամորեն ազդարարվում է, որ չպետք է մոռանալ Սարդարապատը, մայիսյան այն բոլոր հերոսամարտերը, որ պետականության ծնունդը հասցրին 106 տարվա՝ ի լուր աշխարհի հայտարարելով, որ հայ ժողովրդի ամրակուռ ոգին դարերի խորքից է եկել ու հար դարեր հավերժության մեջ պիտի թեւածի՝ հակառակ նրանց, ովքեր պատմական Հայաստանը անջատում են իրական Հայաստանից։ 

  1. Կանգնած ենք, որ ապրեցնենք երկիրը…

Կանգնած ենք Հանրապետության հրապարակում՝ աջակիցը դառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Կանգնած ենք ստի, կեղծիքի, խաբեության դեմ՝ կողմ լինելով այն ճշմարտությանը, որ սկիզբ դրվեց այս շարժումով, եւ որն առաջնորդում է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Կանգնած ենք, որ բռունցք դառնանք ու ասենք՝ Արցախի կորստից հետո չպետք է թույլ տալ Մայր Հայաստանի մաս-մաս հանձնումը, որը տանում է հայկական պետականության կորստյանը։

Պետք է տեր կանգնել հայոց երկրին, մեր մշակույթին, ազգային արժեքներին, հայոց պատմությանը, պիտի վերջ տալ հպատակի, ենթարկվողի ստրկական հոգեբանությանը, տգետ դիվանագիտությանը… Բավական է հայրենին ձեռնոց դարձնել՝ անկուշտ գազանի ախորժակը հագեցնելու համար։

Կանգնած ենք հրապարակում, որպեսզի Արցախի վերածնունդը, որքա՜ն էլ փշոտ ու տատասկոտ լինի կամ անհեռանկար՝ ապրեցնենք մեր սրտերում, մեր հոգու մեջ, մեր հիշողություններում՝ ի հեճուկս նրանց, ովքեր ուրացան ու հանձնեցին հայրենին։ Կանգնած ենք, որ հայ ժողովրդի ազգային միասնությամբ, մեր համերաշխությամբ  ու Աստծով ապրեցնենք երկիրն՝ իր հին ու նոր պատմությամբ:

 

Նատաշա Պողոսյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.