Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Ազատ ամբիոն

Արդարադատության զիգզագները

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

«Թավշյա» հեղափոխության հաղթանակից հետո մեզանում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում մի շարք բացահայտումներ եղան՝ բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավվածությամբ, որոնք խախտել էին օրենքը եւ զգալի վնաս հասցրել պետությանը՝ ոչ միայն տնտեսապես, այլեւ սոցիալապես: Գաղտնիք չէ, որ մինչեւ 2018-ի մայիսյան իշխանափոխությունը, Հայաստանում ինստիտուցիոնալ դատական համակարգ չկար: Գերիշխում էր «հեռախոսային օրենքը», եւ ցանկացած դատավոր վերեւներից պատվեր էր ստանում այս կամ այն անձին քրեական կամ քաղաքացիական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Ներկայիս իշխանությունները, Սահմանադրությանը համապատասխան, ամբողջովին հեռու են մնում դատական համակարգից՝ համարելով այն, ինչպես բոլոր քաղաքակիրթ ժողովրդավարական պետություններում, բացարձակ առանձին իշխանություն, որի առջեւ բոլորը հավասար են՝ անկախ սոցիալական կամ պաշտոնական դիրքից, ընդհուպ մինչեւ երկրի ղեկավարությունը:

Սակայն դատական եւ իրավական համակարգի կտրուկ շրջադարձը՝ առանց աշխատակազմի փոփոխության եւ բոլոր դատական ատյաններում դատավորների համապատասխան վերաատեստավորման, հանգեցրեց նրան, որ երկրում էլ ավելի սրվեց արդարադատության խնդիրը: Արդարադատության նախարարությունն ի զորու չեղավ այն հաղթահարել: Որոշ դատավորներ, ժամանակի ոգուն համընթաց, սկսեցին ինքնուրույն որոշումներ կայացնել, մյուսներն էլ չկարողացան պոկվել «հեռախոսային օրենքից» եւ շարունակում են սպասել «վերեւից» իջեցվող հրահանգի: Ընդ որում՝ ոչ միայն պետության բարձրաստիճան պաշտոնատար անձանցից, այլեւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից, որոնց մի մասը պատասխանատվության է ենթարկվել կամ գործում է ստվերից:

Այս խորապատկերին հասարակության շրջանում տարաձայնություն է առաջացրել քրեական հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց նախնական կալանքի վերցնելու, ապաեւ գրավի դիմաց նրանց ազատ արձակելու գործելակերպը: Այստեղ պետք է կրկնել պարզ ճշմարտությունը՝ հանցագործության մեջ անձի մեղավորությունն ապացուցված չի համարվում, քանի դեռ չկա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը: Մարդը կարող է ձերբակալվել միայն դատարանի որոշման հիման վրա: Երբ քննիչը նախնական կալանքի միջնորդություն է ներկայացնում, դատախազը եւ դատարանը պետք է հաշվի առնեն կասկածյալի՝ վկաներին կամ դատական գործընթացի մյուս մասնակիցներին սպառնալու, ապացույցները վերացնելու կամ քրեական վարույթին որեւէ այլ կերպ խոչընդոտելու հնարավորությունը, ինչպես նաեւ ներկայացված մեղադրանքի ծանրությունը:

Բոլոր հարուցված քրեական գործերում, որոնց արդյունքում կասկածյալները կալանքի տակ են վերցվել, աղմկահարույց, հանրությանը հայտնի անձինք են: Մեղադրանքի հիմնական հոդվածը կոռուպցիան է: Բայց ի՞նչ է կոռուպցիան: Դա պաշտոնի կամ իշխանության չարաշահումն է՝ անձնական շահի համար: Փաստորեն սա «գողություն» բառի քողարկված հոմանիշն է: Միայն թե գողը ինչ-որ անձից կամ ընտանիքից է գողանում, իսկ կոռումպացված պաշտոնյան՝ ողջ ազգից: Տարբերությունը զգո՞ւմ եք՝ նա կողոպտում է բոլորին անխտիր: Վերջերս սոված երեխաներին կերակրելու համար իր հարեւանից 10 հազար դրամ գողացած մի կնոջ գործը սոցիալական ցանցերում քննարկման թեմա էր դարձել: Եվ եթե չլիներ հանրության լայն արձագանքը, հազիվ թե վերանայվեր կնոջը 5 տարի ազատազրկման դատապարտելու՝ Սյունիքի մարզի դատարանի որոշումը: Մեր «մեծապատիվ» գողերը (հասկացեք՝ կոռումպացված պաշտոնյաները) ժողովրդից եւ պետությունից հարյուր միլիոնավոր կամ նույնիսկ միլիարդավոր դոլարներ են գողացել, որի ընդհանուր գումարը գրեթե համարժեք է Հայաստանի կուտակած արտաքին պարտքին, եւ ոչի՞նչ: Ինչպե՞ս է ստացվում, որ առաջին ատյանի դատարանը նախնական կալանքի համար թույլտվություն է տալիս, իսկ Վերաքննիչի դատավորը որոշում է ազատել գրավի դիմաց: Արդյո՞ք սա չի նշանակում, որ այդ երկու դատավորներից մեկն իրավասու չէ իր գործում: Կամ էլ ձեռքերը մաքուր չեն: Եթե քննիչներն ու դատախազները կասկածյալների նախնական կալանքի համար բավարար հիմքեր չեն բերում, եւ եթե փաստաբանները հանգիստ տապալում են տվյալ գործը, ապա դրանում մեղավոր են հենց առաջինները:

Այժմ մի քանի խոսք կասկածյալների մասին, որոնց նախ՝ կալանավորել, իսկ հետո ազատ են արձակել: Գումարի չափը որոշում է դատարանը: Օրինակ՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակից, իսկ դրանից առաջ նրա վարորդ Վաչագան Ղազարյանը երկու անգամ ձերբակալվեց եւ ազատ արձակվեց: Սկզբում գրավի գումարը 1 մլրդ դրամ էր, ապա` 50 մլն: Միանգամից մի քանի հարց է ծագում: Որտեղի՞ց վարորդին այդքան գումար: Այդ պաշտոններում աշխատելիս Ղազարյանն, ի վերջո, գործարարությամբ զբաղվելու ժամանակ փաստացի չուներ, քանի որ այդ պատոնները չնորմավորված աշխատանքային օր են ենթադրում: Որտեղի՞ց նրան ավելի քան 2.1 միլիոն դոլար: Գրավի չափը սահմանելիս՝ դատարանը մտածե՞լ է այդ մասին: Այդպիսի գումար ունենալու համար Ղազարյանը պետք է 10 տարի անընդմեջ ամսական ստանար 17.500 դոլարին համարժեք մաքուր աշխատավարձ (առանց հարկերի) եւ ոչ մի տեղ չծախսեր` չուտեր, չխմեր, կոմունալ վարձեր չվճարեր: Հայաստանում քաղաքացիական ծառայողներից ո՞վ նման աշխատավարձ ունի: Շատերն արդարանալով, ասում են՝ հարազատներն ու ընկերներն են օգնել վճարել գրավը: Այդ դեպքում հարց իրավապահ մարմիններին. Որտեղի՞ց նրանց այդպիսի գումարներ եւ ովքե՞ր են այդ «ընկերները»: Իսկ մինչ այդ, միայն մեկ փաստ է ի հայտ գալիս: Գրավի նման չափ սահմանելիս՝ դատարանը նախապես գիտի, որ տվյալ անձը տարրական գող է եւ գրավադրում է ոչ թե իր, այլ ժողովրդից գողացված փողերը: Այստեղ արդեն բարոյական խնդիր է ծագում: Ստացվում է, որ մարդը կարող է հանգիստ խղճով գողանալ ժողովրդից, ապա այդ գողոնի մի չնչին մասով ազատվել կալանքից:

Հետաքրքիր է Սամվել Մայրապետյանի պատմությունը: Նա լուրջ հիվանդ դուրս եկավ, եւ փաստաբանները նրան ներկայացնում էին որպես մահամերձ մարդու: Դեմ ոչինչ չունենք: Աստված նրան առողջություն տա: Սակայն հարց է ծագում՝ ինչպե՞ս է ստացվում, որ մահամերձ հիվանդը, երբ նրան կալանքի տակ էին վերցնում՝ տանն էր, ոչ թե հիվանդանոցում կամ էլ չէր բուժվում արտերկրում: Իսկ հենց որ նրան կալանավորեցին, անմիջապես հարկ եղավ գնալ Գերմանիա՝ բուժվելու: Այս առումով պակաս հետաքրքիր չէ ՄԻԵԴ-ի արագ արձագանքման փաստը, որը Մայրապետյանի վերաբերյալ հարցեր է ուղղել Հայաստանի քննչական մարմիններին: Սովորաբար, երբ բողոք է ուղարկվում ՄԻԵԴ, պատասխանը ստանալու համար մեկ կամ նույնիսկ երկու տարի է պահանջվում: Իսկ այս դեպքում՝ ակնթարթային պատասխան:

Մեծ արձագանք առաջացրեց գրավի դիմաց Մանվել Գրիգորյանի ազատ արձակումը: Մի մարդու, ով հեշտությամբ կարող է պետությանը նվիրաբերել տասը միլիոն դոլար, ով ունի 330 հա հող, ավելի քան հինգ հազար քառակուսի մետր տարածքով շենքեր ու շինություններ: Կրկին նույն հարցն է ծագում՝ որտեղի՞ց գեներալական աշխատավարձ ստացող մարդուն այդքան գումար: Բայց դատարանը նրան ազատում է՝ հարուցելով մարդկանց զանգվածային ընդվզումներ: Այստեղ եւս փաստաբանները նրան ներկայացնում են իբրեւ սաստիկ հիվանդ անձի, որը չի կարող կալանքի տակ գտնվել: Ազատ արձակվելուց հետո այդ մարդը չի տեղափոխվում հիվանդանոց, այլ անմիջապես մեկնում է Արցախ, փաստացի՝ Հայաստանից դուրս:

Պետք է նշել, որ կալանավորված անձն իրավունք ունի օգտվելու բանտային հիվանդանոցից, որի ուղեգրով միայն բանտարկյալը կարող է բուժման ուղարկվել այլ բուժհաստատություն, եթե տեղում հնարավոր չէ որակյալ բուժում ապահովել: Այն նաեւ իրավունք ունի բանտային հիվանդանոց հրավիրել բարձրակարգ բժիշկների՝ բուժման եւ խորհրդատվության համար: Նման պրակտիկա լայնորեն կիրառվում էր խորհրդային ժամանակներում: Նկարագրված վիճակը փաստում է, որ մեր դատական համակարգը բացարձակապես չի համապատասխանում ժամանակի ոգուն: Հույս կա, որ նոր կառավարությունը հատուկ ուշադրություն կդարձնի դատաիրավական համակարգի վերակենդանացմանը եւ նրա աշխատանքը միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանեցնելու կարեւոր գործին: Խնդիրը դժվար է, բայց՝ լուծելի:

 

Կարապետ Կալենչյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: