Ամանորից առաջ իմ «ես»-ով էի գրում՝ «մենք»-ի մեջ մտածումներով խտացած։ Արցախի կորստից հետո Հայոց մայր երկրում գոնե ինչ-որ բան պիտի գտնեի ու գտա: Բազմաթիվ հիվանդություններ, որոնց մասին չեմ գրի, երբ վաղուց դրանք ինձ հավատարմորեն ուղեկցում են։
Տուն-տեղ կորցրած եմ, հայրենազրկությունն՝ ինձ հետ, որը նաեւ ինձ նման հազարավոր արցախցիների ուղեկիցն է։ Բնակարանային խղճուկ ծրագրեր, որ անհասանելի են շատերիս, առանձնապես փոքր ընտանիքներին։ Այստեղ դպրոցում դասավանդելու մեծ ձգտումս սպառել է իրեն՝ Արցախի ուսուցչի հեղինակության բարձր վայելքը կորցնելուց հետո։
Ես ապահո՞վ եմ զգում ինձ, երբ մեր գլխավերեւում «խաղաղության» խաբկանքն է թեւածում։ Հարցնենք, թե որտեղ են մեր պատանդառված գերիներն անօրեն դատապարտվում, հարցնենք, թե այն ինչ «Արեւմտյան Ադրբեջանի» վերադարձի մասին են հորջորջում մեր թշնամիները։
Հոգու դատարկություն, սրտի անհանգիստ թրթիռներ, որ միշտ ուղեկցում են ինձ այս վտանգված երկրում, որ իմն է նաեւ, իմ հայոց երկիրը։ Վտանգված ժողովուրդ, որի մի մասնիկն եմ ես, խաբված ու անտարբեր հասարակություն, որի համար մտահոգությունս մեծ է, նաեւ՝ լցված հիասթափությամբ։
Նպատակներ ունե՞մ, այո՛։ Միշտ էլ նոր լուսաբացի ավետիսը հոգուս մեջ է, եթե այդ արեւագալը խավարով չպատեն մութ ուժերը, որոնք մեր շուրջն են՝ իրենց իշխանատենչությամբ, շահամոլ ձգտումներով, տիրելու մոլուցքով:
Ապրելու, ստեղծելու ձգտումս մեծ է, երբ ինձ ապրեցնողներ կան շուրջս՝ ընտանիք, հարազատներ, մտերիմներ, որ հեռու են թե մոտիկ, հավատարիմ հոգիներ են, որոնց սրտերի խորությունն ու լայնությունը անեզրական են այնքանով, որ ազատ տեղ ունեմ նրանց սրտերի անդաստանում։
Սիրում եմ կյանքը, հասկացող մարդուն եւ այդ իսկ գիտակցությամբ շնորհավորում եմ Նոր տարին, թեպետ վիշտս մեծ է, կարոտս՝ անչափելի, երբ գերության մեջ են Արցախը, նրա նահատակ զավակները, ամեն, ամեն ինչ։
Մոռացել եմ «երջանկություն» ասվածը, որն ինձ երբեմն այցելում է պահի զգացողությամբ, երբ իմն է դառնում աշխարհն ամբողջ՝ այն գիտակցությամբ, որ ողջ եմ դեռ ու պատրաստ էի դիմավորելու 2026-ը` մեր բոլորիս խաղաղ ու բարեկեցիկ կյանքի մեծ կամեցողությամբ։
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ, իմ հարգելինե՛ր ու սիրելինե՛ր։ Շնորհավոր այն նոր կյանքը, որի երազանքով ապրում ենք եւ հույս փայփայում, որ առողջ լինենք ու խաղաղ, որ մեզ էլ բախտը ժպտա՝ տոնածառի լուսապայծառ շողերով, մեր բոլորիս նպատակների իրականացումով։ Խաղաղություն ու բարօրություն հայոց երկրին, համայն մարդկությանը, աշխարհին։
Նատաշա Պողոսյան

