Ասում են՝ լռել ես։ Ախր լռելը փրկություն է, երբ տեսնում եմ, թե այս «ժողովրդավար» կոչվող երկրում ինչպես են իշխանավորները փառավոր կյանքով ապրում՝ անտեսելով այն խեղճ ու կրակ ժողովրդին, որին տված շռայլ, մեծադղորդ խոստումները մնացել են որպես «ձայն բարբառո անապատի»:
Լռելը լավ է, պապանձվել եմ այն անարդարությունից, որ կա մեր շուրջը։ Հասկացանք՝ արցախցիներին չեն սիրում եւ այդ չսիրելուց է, որ մեզ ու մեր երկիրը զոհաբերեցին՝ ուղղակի նվիրեցին դարավոր թշնամուն, զրկեցին մեզ ինչքից, տուն ու տեղից… լավ, բա երեւանցու, գյումրեցու, սյունեցու, վանաձորցու, բոլոր մյուսների մե՞ղքը որն է, որ «նստեցրել են երկու կոպեկի վրա», ու դեռ հաշվում են, թե այն հարյուր հազարավոր թոշակառուներն ինչպե՞ս են վատնելու անկանխիկ առեւտրի մնացորդները։
Բա թե՝ թոշակառուն լավ չի կողմնորոշվի՝ ինչի վրա ծախսել թոշակին հավելվող 10 հազար 400 դրամ գումարը, որը նախատեսվում էր ի սկզբանե: Եվ նպատակահարմար համարվեց այդ հավելավճարը փոխանցել առողջության ապահովագրության հիմնադրամին, որպեզի թոշակառուները կարիքի դեպքում կարողանան օգտվել անվճար բուժօգնության հնարավորությունից:
Սակայն «հպարտ քաղաքացին» այլեւս չի հավատում գործող իշխանության ոչ մի խոսքին, թոշակառուի համար ավելի նախընտրելի է իր օրինական հասանելիքը ստանալ կանխիկ դրամով, եւ ի՛նքը կիմանա՝ դեղի՞ համար այն օգտագործի, թե՝ կոմունալ ծախսերը փակելու: Այնպես չէ, որ անկանխիկ առեւտրի համակարգը՝ գործարքի որոշակի տոկոս հետվերադարձի իր հնարավորությամբ, գոհացնում է բոլոր թոշակառուներին: Նրանց մի պատկառելի հատված դրանից չի էլ օգտվում:
Չնայած դրան՝ Կառավարությունն ուզում է այս տարվա ապրիլից անցնել թոշակների ու նպաստների ստացման բացառապես անկանխիկ եղանակի: Ժողովրդի կարծիքը, կամքը իշխանություններին չի հետաքրքրում, իրենց «էշն են քշում», բայց մինչեւ ե՞րբ… Ի՞նչ է, մարսեցի՞ն տարեմուտին ստացած միլիոնները՝ աղքատության ճիրաններում գոյություն քարշ տվող հազարավոր չարքաշ հայացքների ներքո։
Արդարացում կա՞ այն նենգությանը, որին առերեսվում ենք այս իրականության մեջ՝ այս իշխանությունների կամայականությունների պայմաններում։ Դժվար է պատկերացնել, բայց փաստ է. արցախցի հայրենազուրկներիս 3-ական միլիոն դրամի թղթի կտոր են տալիս, թե գնացեք բնակարան գնեք ձեզ համար, երբ այդ թիվը մայրաքաղաքում ընդամենը իշխանականների գրպանի գումար է։
Ասում են՝ կուշտը սովածին մանր կբրդի։ Հենց մեզ համար է ասված։ Իմ նմանները ի՞նչ են ուզում այս երկրի տերերից: Անձամբ ինքս ոչ մի սպասելիք չունեմ եւ երբեւէ չեմ էլ ունեցել, որովհետեւ սրանց լավ եմ ճանաչում՝ իշխանության գալու օրվանից:
Նատաշա Պողոսյան

