Օրերս Երեւանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում մասնակցում էի Մելիք Հայրապետյանի «Մեր ճակատագրի աստիճաններով» ռուսերեն բանաստեղծությունների գրքի շնորհանդեսին։ Կանխավ մեր հայրենակցուհի, լոսանջելեսաբնակ Նելի Ավակովայի կողմից տեղեկացված էի կազմակերպվող միջոցառման մասին եւ՝ հրավիրված։ Հասցրի մինչ շնորհանդեսը հեղինակի ՖԲ էջից կարդալ նրա բանաստեղծություններից, որոնք անմիջական, շատ պարզ ու մատչելի շարադրված էին եւ, կարծես, երկխոսություն ստացվեց գրողի ու ընթերցողի միջեւ, որ շատ հասկացված էր, առօրեական ու մերօրյա…
Мне говорят, пиши про счастье,
Пиши про радость и любовь,
Пиши про молодость и страсти,
Что будоражат нашу кровь.
Пиши про то, что мир прекрасен,
Что люди, в нем всегда чисты,
Что он простой и не опасен,
Пиши или марай листы.
Որ Հայրապետյանի առաջին գիրքը լույս էր տեսել շնորհիվ Նելի Ավակովայի խմբագրման ու օժանդակության, շատ ողջունելի է, մարդասիրական քայլ ստեղծագործող անհատի հանդեպ, ով կյանքի դժվարություններով է անցել ու շարած տողերը հանձնել թղթին՝ իր ժամանակակիցների եւ սերունդների համար։ Ստեղծագործող անհատի ճակատագրին ենք բախվում, ում կերպարն ընդհանրական է դառնում. նա մեկն է, ով փոքրուց Բաքվի ոճրագործությունից փրկվել, ընտանիքով հաստատվել էր Արցախում ու դարձել ականատեսն այն բոլոր դառնությունների, որոնցով 2023-ի սեպտեմբերին անցան 120 հազար արցախցիներ։ Նա հավաքական կերպար է՝ անհաշտ այն իրականության հետ, որը բերեց ավերածություններ, մարդկային կորուստներ, տառապանքներ, որոնք երբեւէ չեն մոռացվում.
Это место любит тишину.
Чтобы не тревожить сон ребят…
Эти люди видели войну,
Каждый каждому и друг, и брат.
Попытайтесь лица их запомнить,
Боль отцов и матерей понять.
Хоть немного их теплом заполнить,
Хоть и трудно - эту боль унять.
Հոգուս հարազատ տողերն ինձ տարան գրքի շնորհանդեսին, որը Նելի Ավակովայի նախաձեռնությամբ կազմակերպվել էր Արցախի «Մայրություն» հասարակական կազմակերպության նախագահ Հասմիկ Միքայելյանի եւ Արցախի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի նախկին փոխտնօրեն եւ բանաստեղծուհի Ալիսա Բաղդասարյանի կողմից։
Բազմամարդ էր դահլիճը, հայացքդ փնտրում էր տարբեր մասնագիտությունների ծանոթ թե անծանոթ մտավորականների, ովքեր հետաքրքրությամբ հավաքվել էին Մելիք Հայրապետյանի անդրանիկ գրքի շնորհանդեսին։ Մինչ միջոցառումը ծանոթացա հեղինակի հետ՝ ինձ հետաքրքրող մի քանի հարցեր ուղղելով նրան։ Չսխալվեցի, երբ հարազատ դեմքեր տեսա, ովքեր հուշեցին, որ մեզ արցախաբույր ու թախծախառն ապրումներ են սպասվում։ Առավել շատ արձագանքն էի լսում բանաստեղծի տողերի՝ ապրված, սրտամոտ ու մտերմիկ…
Мне часто говорят и говорили,
Что я родился слишком поздно.
Что мне бы жить, как раньше жили.
А не сейчас, когда все сложно.
Նատաշա Պողոսյան