Լսում եմ Արեւմուտքում ուսանած մեր երիտասարդներին, ովքեր մեծամասամբ հանդես են գալիս «Բուն» հեռուստատեսությամբ, եւ որոշ հանգամանքներ հասանելի են դառնում անգամ իմ ծերացող ուղեղին։
Մենք միշտ էլ ակնածանքով ենք վերաբերվել օտար երկրներում կրթություն ստացած հայ երիտասարդներին՝ կարծելով, որ նրանք այն սպիտակ աղավնիներն են, որոնք իրենց կտուցին հայրենիք են բերելու ձիթենյաց այն սերմը, որը ուղենիշ է հանդիսանալու մեր զարգացման համար։
Սակայն այսօր՝ ուսումնասիրելով իշխանական շրջանակներում Արեւմուտքում ուսանած քաղաքական գործիչների գործունեությունը, այնպես էլ գիտության, կրթության ոլորտում գործող որոշ մտավորական գործիչների աշխատանքը, հասկանում ես, որ նրանք հեռավոր ափերում կրթվել, գիտելիք են ստացել ոչ այնքան սեփական ազգին ծառայելու համար, այլ պարզապես գործիք են աշխարհի գլոբալ շահերին ծառայելու համար։
Նրանց գործունեության սուր ծայրը մեծապես ուղղված է Հայոց ինքնության կողմը։ Նրանք թշնամի են այն ամենին, ինչ ազգային է, առանձնահատուկ, էկզոտիկ՝ լինի դա պատմական դեմք, դեպք, թե ավելի խոշոր իրադարձություն։ Այդ ամենը դիտվում եւ քննվում է Արեւմուտքի գլոբալ շահերին համապատասխան, շատ հաճախ էլ ելնելով Թուրքիայի ու Ադրբեջանի շահերից, իբր թե երաշխիք, Հայաստանի անվտանգության համար։
Այսինքն՝ մեր իսկ ձեռքով նախադրյալ ենք ստեղծում մեր ազգի «ամորձատման» համար, փորձելով ստեղծել մանկուրտացված ժողովրդական մի կոնգլոմերատ, որի գոյությունը տանելի կլինի, նախեւառաջ, մեր դարավոր թշնամու համար։
Փոխվել են ժամանակները։ Այլեւս դորպատներից Հայաստան լուսավորիչներ չեն ժամանելու։ Պարզապես նրանք մեր գենը կրող օտարերկրյա գործակալներ են՝ սովորական ՇՊԻՈՆՆԵՐ։
Լեւոն Ջավախքյան