Ուրբաթ, Հոկտեմբերի 04, 2024

Ազատ ամբիոն

Դարձյալ կոռուպցիայի մասին

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Երեւում է` կոռուպցիայի արմատներն այլեւս այնքան խորն են մխրճվել մեր կյանքի բոլոր ոլորտները, որ դրա հետեւանքները, այսպես շարունակվելու դեպքում, կարող են ազգային անվտանգության գլխին մեծ փորձանք բերել: Չէ՞ որ կոռումպացվածության բարձր աստիճանը երկիրը խոցելի է դարձնում արտաքին մարտահրավերների առջեւ: Իրավիճակի աղետալիությունը հետզհետե բյուրեղանում է` մտահոգելով ՀՀ շարքային քաղաքացիներին: Սակայն մտահոգությամբ այդ չարիքի դեմը չես առնի: Իրական պայքարի անհրաժեշտություն կա, բայց պայքարող չկա: Բոլորս ազգովին դարձել ենք «ճառասացներ»՝ կոռուպցիան վատն է, պատուհաս է, այս է, այն է: Է՛, բա հետո՞...

Արդեն քանի տարի` իշխանության վերին էշելոններից մեզ հանգստացնում են, թե համբերեցեք, ժողովուրդ ջան, բարեփոխումներ ենք իրականացնում կյանքը շեն ու երջանիկ դարձնելու համար, մինչդեռ գործնականում` մանավանդ եթե խոսքը կոռուպցիային է վերաբերում, ոչինչ չի արվում: Այսինքն՝ քայլեր իրականում արվում են, մշակվում է հակակոռուպցիոն ռազմավարություն, ստեղծվում են կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, կոռուպցիայի կանխարգելման եւ բացահայտման մարմիններ, կազմակերպվում հանային լսումներ, խորհրդաժողովներ, քարոզարշավներ, հեռախոսային «թեժ գծեր», թողարկվում թեմատիկ բուկլետներ:

Եվ սա դեռ ամենը չէ: Կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի «սայլին» լծվել են ինչպես հայաստանյան ոչ կառավարական կազմակերպություններ, այնպես էլ միջազգային շատ կառույցներ` «Թրանսփարենսի ինթերնեշնլ», «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամը եւ այլք: Միայն վերջինիս ծրագիրը, որը մեկնարկել է 2007 թվականից, ուղղված է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ պետական կառավարման մարմինների, ՀԿ-ների եւ զանգվածային տեղեկատվական միջոցների դերի բարձրացմանը: Հիմնադրամի կողմից հակակոռուպցիոն ցանցին տրամադրվել են մի շարք դրամաշնորհներ, որոնք, ըստ ներկայացված հաշվետվությունների, ծախսվել են ռազմավարական եւ ընթացակարգային առաջարկների, դեպի Եվրոպա եւ ԱՊՀ երկրներ ուսուցողական այցերի, համաժողովների ու դասընթացների համար: Բայց այս ամենի ՕԳԳ-ն զրոյական է:

Կոռուպցիա կոչվածը աներես շան պես շնթռկել է մեր տան շեմին ու հեռանալու միտք չունի: «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն՝ Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) մեզանում գրեթե միշտ համահունչ է կոռումպացվածության բարձր սանդղակ ունեցող երկրների ցուցանիշին: Այդ աղյուսակում մեր «հարեւանները« աշխարհի ամենակոռումպացված երկրներն են՝ Մադագասկարը, Էրիթրեան, Նիգերիան եւ այլք: Քիչ է սփոփում այն հանգամանքը, որ թշնամի Ադրբեջանը մի քանի հորիզոնական վար է մեզնից: Այդ վիճակագրությունում ամենազավեշտալին այն է, որ դարասկզբի առաջին տասնամյակում, երբ կոռուպցիայի թեմայով մեծադղորդ խոսքեր շատ չէին հնչում եւ հակակոռուպցիոն ներդրումներն էլ բավականին պակաս էին, Հայաստանի ԿԸՀ-ն տատանվում էր 2,9-3 միավորի միջակայքում, այսինքն` վիճակն անհամեմատ բարվոք էր, քան վերջին 5-6 տարում:

Փաստորեն ստացվում է` որքան հետագայում հաճախակիացան հիմնախնդրի արծարծումները եւ որքան ավելի շատ միջոցներ հատկացվեցին չարիքն արմատախիլ անելու համար, այնքան ցուցանիշները սկսեցին նվազել: Ի՞նչ կատարվեց: Չլինի՞ կոռուպցիայի հաղթահարմանն ուղղվող միջոցները նույնպես մանրից վերածվեցին կոռուպցիայի առարկայի: Թե չէ` միլիոնավոր դոլարների գումար է ներդրվում, մշակվում է մի ամբողջ ռազմավարություն, գրվում են հոյակապ հայեցակարգեր ու ծրագրեր, սակայն այդ ամենի արդյունքում կոռուպցիան միայն աճում է:

Առհասարակ` բնակչության ցածր եկամուտ ունեցող մեզ նման երկրներում կոռուպցիայի բարձր մակարդակի պահպանումը կարող է «հումանիտար աղետի» հանգեցնել: Դիտարկումները ցույց են տալիս, որ այդպիսի երկրներում դժվար է կոռուպցիայի դեմ պայքարում օգտվել հանրային աջակցությունից, առանց որի առաջընթացի մասին խոսելն ավելորդ է: Այդ առումով նույնպես Հայաստանի պարագան յուրօրինակ է. մի հասարակություն, որը «Հոկտեմբերի 27» ու «Մարտի 1» է տեսել եւ որտեղ իրականացվող հեռախոսային գաղտնալսումները, ընդդիմության հալածանքները, դատաիրավական ամենաթողությունը սովորական երեւույթ են` ժամանակ ու ջանքեր դեռ շատ կպահանջվեն վախի, հուսալքության համախտանիշը հաղթահարելու եւ, մանավանդ, մարդկանց մտածողությունը փոխելու համար:

Խնդրին տիրապետող փորձագետների պնդմամբ` կոռուպցիան ՀՀ-ում համակարգային բնույթ ունի, ինչը պայքարի համարժեք միջոցների կիրառում է ենթադրում: Մինչդեռ անտեսվում է այն հանգամանքը, որ մեզանում կոռուպցիայով ախտահարված են ամբողջ համակարգեր ու ոլորտներ եւ, առաջին հերթին, իշխանական բուրգը` վերից վար: Իսկ այլասերված համակարգը, ինչպես հայտնի է, ինքն իր դեմ երբեք չի պայքարի, այսինքն` չի կտրի այն ճյուղը, որի վրա նստած է:

Հիմա դաժան իրականությունն այն է, որ կոռուպցիան սողոսկել է մեր նյութական ու հոգեւոր տիրույթները եւ ավերածություններ է գործում: Իսկ մենք մի կողմ քաշված՝ նայում ենք եւ «վայ-վիշ» անում: Այլեւս գաղտնիք չէ, թե ինչ է կատարվում հայրենի նախարարություններում ու գերատեսչություններում, էներգակիրների հայկական շուկայում, բոլոր մյուս ոլորտներում: Օրինակ՝ ԱԺ-ում լիքը գործարարներ կան, ինչը ինքնին կոռուպցիոն ռիսկեր պարունակող երեւույթ է: Օրերս աղաղակող մի փաստ հրապարակվեց: Ամեն տարի 150 միլիոն խորանարդ մետր գազի կորուստ ենք, իբր, ունենում, որի ծախսը, սակայն արտացոլվում է սակագնի մեջ, եւ մենք՝ սպառողներս ամսեամիս բարեխղճորեն վճարում ենք: Իսկ թե ում գրպաններն են հոսում հավելյալ միլիոնները, չենք էլ հետաքրքրվում կամ պահանջում:

Այդպես պետական չարաշահումների շղթան` ի հեճուկս պաշտոնապես հայտարարված բարեփոխումների, երկարում է ու, թվում է, երբեք վերջ չի ունենալու: Գանձագողություն, բյուջետային միջոցների փոշիացում, պետական ու վարկային գումարների յուրացումներ... եւ այս ամենը շարունակվող արտագաղթի ու աղքատության, քայքայված տնտեսության, սոցիալական բազում չլուծված խնդիրների խորապատկերին:

Սթափվել է պետք, ժողովուրդ ջան: Այսպես մինչեւ ո՞ւր կհասնենք:

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: