Շաբաթ, Դեկտեմբերի 07, 2024

Ազատ ամբիոն

Մայրենին մեր սրտի թրթիռն է…

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Մայրենիի միջազգային օրը ցավով եմ տողերս շարում՝ չնայած գիտեմ, որ ոսկեղենիկ հայերենը մեր անպարտելի զենքն է, որը ոչ մի թշնամի չի կարող մեզնից խլել, ինչպես չի կարող խլել մեր համոզմունքն ու հավատամքը։

Երբեմն լռությանս մեջ, երբ խոհերով Արցախում եմ՝ մտածումներիս խառնարանում, թվում է՝ Մայրենին թողել եմ մեր սրբարանում՝ Ամարասի վանքում, որտեղ Մեսրոպ Մաշտոցն առաջին դպրոցն էր բացել։ Ինչպե՞ս հաշտվել նման իրականության հետ, երբ վանական համալիրին եւ ամբողջ հայկական Արցախին այսօր տեր ու տիրական է դարձել մեկդարյա կենսագրություն ունեցող քոչվոր ցեղը։

Ինչպե՞ս կարելի էր թույլ տալ, որ հինավուրց մի ժողովուրդ 21-րդ դարում՝ անտարբեր աշխարհի լուռ հայացքի ներքո, հայրենիք կորցնի ու կանգնի հայոց պատմության, հայ գրականության, ճարտարապետության, մշակութային մի ողջ ժառանգության եւ հոգեւոր այլ արժեքների ու ավանդույթների աղճատման ճանապարհին:

Այս օրերին ազգային արժեքների կորստյան դատավճիռն է մեր ճակատին դրոշմված, Մայրենի լեզվի ուծացման վտանգը, երբ հայրենազուրկ արցախցիները պարտադրված են մայր երկիրը թողնել եւ մեկնել օտար ափեր։

Ի՞նչ է մեզ սպասում անիմանալի հեռուներում: Անշուշտ՝ միաձուլում, երբ խառն ընտանիքներ կստեղծվեն, ուծացում, երբ մայրենին սերտած հայ երեխան ոչ հայեցի կրթություն կստանա այն հեռուներում։

Մայրենին, որ մեր սրտում է, մեր լեզվի վրա, բայց որքա՜ն շատ է աղավաղվում, ցավոք։ Նայենք ՖԲ հարթակում տարբեր հայացքների տեր անձանց մոլագար խոսակցությանը` գռեհիկ, հայհոյախառն «բառերի» գործածությամբ։ Լեզուն կեղտոտվում է, Մայրենին խեղճանում անբարո, անվայել խոսվածքից, որի համար դատավճիռ չկա, երբ մարդն ազատ է իր կեղտոտ բառապաշարն օգտագործելիս։

Ինձնից միշտ անպակաս են աշակերտներիս հետ արված լուսանկարները, որոնք հաճելի հիշողություններ են արթնացնում: Ահա դրանցից մեկը. տարիներ առաջ Ամարասում էինք։ Այնտեղ, որտեղ հայերենի առաջին Ուսուցիչը իր բացած դպրոցում հայ մանուկներին սովորեցնում էր հայոց գրերը, որպեսզի հայը հավերժանա սերնդեսերունդ, ապրի ու ապրեցնի իր ազգակիցներին, պահի-պահպանի մեր Մայրենին։

Հիմա Մայրենիի թրթիռը մեր սրտի զարկերում է, նրան անաղարտ պահելը՝ բոլորիս պարտքը: Մայրենին մեր զենքն է, որն անբաժան է հայրենիքից… Դարերով անցած հայերենով խոսենք՝ ուր էլ որ լինենք, պանծացնելով Մայրենին, իսկ արցախցիներս՝ նաեւ արցախյան համուհոտով բարբառը՝ յուրահատուկ եւ քաղցրահունչ:

 

Նատաշա Պողոսյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: