Ուրբաթ, Հոկտեմբերի 04, 2024

Ազատ ամբիոն

Ապրիլյան պատերազմ. երկու տարի անց

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Երկու տարի առաջ` 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, հակառակորդի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջեւ ծավալվեց քառօրյա պատերազմ, որի ընթացքում հայկական կողմը տվեց ավելի քան հարյուր զոհ, ամբողջովին ավերակվեց Թալիշ գյուղը: Այս թեմային վերադառնալիս` ակամա առաջ են գալիս մի շարք հարցեր, որոնք վերաբերում են այդ ժամանակվա իրադարձությունների տրամաբանությանը` ինչպես ճակատում, այնպես էլ այդ ժամանակաշրջանում Հայաստանի իշխող շրջանակների արտաքին քաղաքական գործունեության համարժեքությանը:

Հատկանշական է, որ պատերազմը սկսվեց այն ժամանակ, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները գտնվում էին Միացյալ Նահանգներում, որտեղ 2016 թվականի մարտի 31-ից մինչեւ ապրիլի 1-ն անցկացվում էր միջուկային թեմայի վերաբերյալ գագաթաժողովը: Հայաստանի քաղաքական ղեկավարությունն այն ժամանակ հայտարարեց, որ հարձակումն անսպասելի էր մեր կողմի համար: Սակայն «չնկատել»` թեկուզեւ գիշերը, նման մեծաքանակ զինված ուժերի ու ռազմական տեխնիկայի հարձակումը` նշանակում է, ընդհանրապես չունենալ ռազմական հետախուզություն, որը կնախազգուշացներ շփման գծում բոլոր դիրքերին եւ տագնապով ամբողջ բանակը ոտքի կհաներ: Շատ շուտով պարզ դարձավ, որ «անսպասելիության» մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Արդեն պատերազմի ավարտից հետո համացանցում հայտնվեց «Ոտքի, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության կողմից ներկայացված մի տեսահոլովակ, որում մեր զինվորները նկարահանել էին ադրբեջանական զինվորների շարժը: Վարելով հակառակորդի կենդանի ուժի թվաքանակի համրանքը, հոլովակում լսելի են թիրախի վրա կրակ բացելու` վերադաս հրամանատարությանն ուղղված հորդորները: Հրամանատարությունը լուռ է եւ ոչինչ չի ձեռնարկում: Ինչո՞ւ: Կարեւոր հարց, որին հետագայում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ի պատասխան լրագրողների հարցի, պարզաբանեց, թե` «ռազմական գործողությունների ժամանակ կրակելու թույլտվություն ստանալու անհրաժեշտություն չկա, քանի որ Հայաստանի Հանրապետության եւ Ղարաբաղի պաշտպանության բանակի յուրաքանչյուր զինվոր գործում է ինքնուրույն` մարտական խնդիրների շրջանակներում»: Այսպիսով` մեղքը բարդվում է ջոկերի ու դասակների հրամանատարների վրա: Բայց ինչո՞ւ, այնուամենայնիվ, չկար կրակ բացելու հրաման:

Այս տեսանյութում կա եւս մեկ ուշագրավ պահ, որին շատերն ուշադրություն չէին  դարձրել: Այնտեղ պարզ երեւում է, որ ադրբեջանցի զինվորները խստորեն գնում են միմյանց ետեւից: Ինչի՞ մասին սա կարող է խոսել: Բոլորին հայտնի է, որ չեզոք դիրքերի միջեւ ընկած տարածքը, ինչպես իրենց, այնպես էլ մեր մոտ, ականապատ է: Երբ զորքերը շարժվում են այդպես մեկ գծով` դա մատնում է, որ ճանապարհի երկայնքով մի նեղ շերտ ինչ-որ մեկի կողմից վաղօրոք ականազերծվել էր: Ակտիվ մարտական գործողությունների ժամանակ հատուկ սարքերով ականազերծվում է այն տարածքը, որով պետք է անցնեն զորքերն ու տեխնիկան: Այդ սարքերի միջոցով պարզապես պայթեցվում է 2,5-3 մ լայնությամբ երթուղին, ինչի հետեւանքով պայթում են նաեւ այդ հատվածում գտնվող բոլոր ականները: Սա, այսպես կոչված, ակտիվ ականազերծումն է: Այդ տարածքի ակտիվ ականազերծման համար, ինչպես ցուցադրված է տեսանյութում, անհրաժեշտ էր նախապես պայթեցնել այն: Բայց որեւէ պայթյուն ոչ ոք չի լսել ու չի տեսել: Որպեսզի ականազերծումն իրականացվեր դասական եղանակով, այն է` ականաորսիչ սարքերով սակրավորների օգնությամբ, նրանք պետք է հայտնվեին ադրբեջանական կողմից` հարձակումը սկսելուց առաջ, եւ ականազերծեին տարածքը: Բայց նույնիսկ այս դեպքում որոշ ականներ վնասազերծելու համար պետք է դրանք պայթեցվեն տեղում, քանի որ ունեն մի քանի պայթուցիչներ: Նման ականները պատկանում են դուրս չբերվողների կարգախմբին: Սակրավորները դա շատ լավ գիտեն: Բայց կա նաեւ երրորդ տարբերակը` երբ ունես ականապատված դաշտի ճշգրիտ քարտեզը: Այս կապակցությամբ Հայաստանի իշխանությունները որեւէ պարզաբանում այդպես էլ չեն տվել: Ավելին` պատերազմի սկզբին, ըստ իրավապաշտպան Արթուր Սաքունցի, ով զեկույց է հրապարակել ապրիլ ամսվա ռազմական գործողությունների հետեւանքով Արցախի Պաշտպանության բանակի զոհերի մասին, շփման գծում տիրող ծայրահեղ վատ իրավիճակի վերաբերյալ բարձրագույն հրամանատարներին ուղղված բազմաթիվ զեկույցներին ոչ մի արձագանք չի եղել` ոչ մի հրաման չի ստացվել, ինչպես նաեւ զինամթերք չի առաքվել դիրքեր: Ահա թե ինչու հիմնական կորուստները մենք կրեցինք պատերազմի առաջին օրը:

Դրա հետ մեկտեղ անսպասելիորեն հրաժարական տվեց առաջին հայացքից ոչնչով աչքի չընկնող մի պաշտոնյա՝ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը: Ապրիլի 4-ին` պատերազմի ավարտի օրը, Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) հրապարակեց պանամացի մատենավար Մոսակ Ֆոնսեկայի հետ կապված` աշխարհի առաջնորդների օֆշորների մասին անդրադարձային հետազոտությունները, որոնցում հիշատակված էին նաեւ Պողոսյանի եւ Իլհամ Ալիեւի անունները: Ընդ որում` նա իր հրաժարականը հիմնավորեց «բռնապետական Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ քաղաքակրթական զուգահեռներ անցկացնել չցանկանալու» հանգամանքով: Բայց թե Ադրբեջանը սրա հետ ինչ կապ ունի, նա այդպես էլ չպարզաբանեց: Տեղին է հիշեցնել, որ մինչեւ Պողոսյանը, Հայաստանում այլ օֆշորային սկանդալ կար՝ կապված ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Եվ՝ ոչինչ, ամեն ինչ ներվեց, գործը փակվեց, եւ ոչ ոք նրա անունը չկապեց Իլհամ Ալիեւի հետ: Բայց, ինչպես Տիգրան Սարգսյանը, այնպես էլ Միհրան Պողոսյանը հետագայում պաշտոնի բարձրացում ստացան: Ու դեռ մի բան էլ ավելի՝ Պողոսյանը ստացավ նաեւ պատգամավորական անձեռնմխելիություն: Ինչի՞ց էր նա այդքան վախենում: Միգուցե ապրիլյան պատերազմի նախօրեին Ալիեւի գործի հետ իր գործի իսկապես գոյություն ունեցող «ոչ քաղաքակրթական» կապերի բացահայտումի՞ց:

Նախագահ Սերժ Սարգսյանը 2016 թվականի ապրիլի 4-ին Երեւանում հանդիպում ունեցավ ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ, որտեղ նշեց, որ «Ադրբեջանը, նախապես մշակված դիպաշարի համաձայն, աննախադեպ սադրանք է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում` իրականացնելով լայնածավալ ռազմական գործողություններ, կիրառելով սպառազինության ողջ համալիրը, այդ թվում` զրահատեխնիկա, ծանր հրետանի եւ ռազմական օդուժ»: Նա չանվանեց դա ռազմական ագրեսիա (քանի որ այդ դեպքում ինքնաբերաբար` ինչպես խոստացել էր, ստիպված էր ճանաչել Արցախը), եւ հարյուրավոր զոհեր պատճառած պատերազմը բնութագրեց իբրեւ սադրանք (ցանկացած գործողության հրահրում):

2016թ. հունիսի 6-ին «Ոտքի, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության առաջնորդ Անդրեաս Ղուկասյանը «Ո՞ւմ է խաբում Սարգսյանը» վերնագրով տեսանյութ է զետեղել համացանցում, որտեղ նշում է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը իր կայքում տեղադրել է երկու բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունը՝ առանց ազգանունները հրապարակելու: Նրանց կարծիքով` Վիեննայում Ալիեւի ու Սարգսյանի հանդիպումից հետո վերջինս Մինսկի խմբին չի ներկայացրել ապացույցներ Ադրբեջանի ագրեսիայի գործողության վերաբերյալ եւ համարում է, որ 1994 թվականին ԼՂՀ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո էական խախտումներ չեն եղել: Պաշտոնական որեւէ պաշտոնական հերքում, հայտարարություն, որ սույն հրապարակումը սադրանք կամ, գոնե, կեղծ տեղեկություն է, իշխանության կողմից չհետեւեց:

Նախագահներ Ալիեւի եւ Սարգսյանի սանկտպետերբուրգյան հանդիպումից մեկ շաբաթ առաջ` հունիսի 11-ին, Ժիրայր Սեֆիլյանը հրավիրել է մամուլի ասուլիս, որտեղ մասնավորապես հայտարարել է. «Հայաստանում վաճառքի համար այլեւս բան չի մնացել, հիմա Արցախի հերթն է: Այո, Սերժ Սարգսյանն իր լիազորությունները երկարաձգելու համար մանիպուլյացիայի է ենթարկում Արցախի վերաբերյալ որոշումը՝ դրա դիմաց մեծ խոստումներ ստանալով: Այս խոստումներում մեծ գումարներ են պտտվում, որոնցով նա կարող է երկարաձգել իր իշխանությունը»:

Պատերազմի հետեւանքով մենք կորցրինք տարածքներ եւ ռազմավարական կարեւոր բարձունքներ` շփման գծի հյուսիսում եւ հարավում: Թալիշ գյուղը պաշտպանող բարձունքն այժմ Ադրբեջանի ձեռքում է` ուղիղ նշանառության հեռավորության վրա: Երբ մեր բանակային ստորաբաժանումները սկսեցին հակագրոհը, հակառակորդի զորքերը եւ տեղի բնակչությունը փախուստի դիմեցին` թողնելով գյուղերն ու զինվորական դիրքերը, եւ անհրաժեշտ էր գոնե այս ամենն անկորուստ վերադարձնել: Լիակատար զինադադարի հրաման է ստացվում: Կոնկրետ ո՞վ տվեց այս հրամանը` մենք չգիտենք: Վիեննայից վերադառնալիս` ինքնաթիռում տված իր հայտնի հարցազրույցում Սարգսյանն ասաց, որ մենք 800 հեկտար հող ենք կորցրել: «Այդ տարածքները ոչ մի նշանակություն չունեն, հայկական ուժերն ի վիճակի էին վերադարձնել այդ հողերը, սակայն դրված առաջնահերթությունների համաձայն` այդ 800 հեկտարը չարժե այն կորուստները, որոնք հայկական զինված ուժերը կարող էին կրել»: Ի պատասխան այս հայտարարության, 2016թ. մայիսի 20-ին արցախյան պատերազմի հերոս, Շուշիի առանձին գումարտակի հրամանատար եւ «Հիմնադիր խորհրդարան» շարժման համակարգող Ժիրայր Սեֆիլյանը պատրաստակամություն հայտնեց ստանձնելու Արցախի տարածքային ամբողջականության վերականգնման պատասխանատվությունը, որը խախտվել էր, նրա բնորոշմամբ, Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի ժամանակ: Իր հայտարարությունում Սեֆիլյանը, ի մասնավորի, ընդգծել է. «Ես` Ժիրայր Սեֆիլյանս, հայտարարում եմ, որ պատրաստ եմ իմ եւ իմ նախաձեռնությամբ ստեղծված «Շուշիի առանձին գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության կամավորների ուժերով ստանձնել Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու պատասխանատվությունը»:

Արդյունքում արցախյան պատերազմի հերոս Ժիրայր Սեֆիլյանը, ինչպես Անդրիաս Ղուկասյանը, որը հրապարակել էր վերը նշված տեսանյութերը, նստած են  բանտում: Հավանաբար՝ իշխանություններին դուր չի եկել, որ նրանք ապրիլյան պատերազմի վերաբերյալ հայտնել են իրենց հիմնավորված կարծիքը: Իսկ տեղի ունեցածի իրական մեղավորներն այդպես էլ չպատժվեցին: Լավագույն դեպքում որոշ պաշտոնյաներ հեռացվեցին բանակից, իսկ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովն անգամ արժանացավ պաշտոնի բարձրացման: Երկու տարի առաջ տեղի ունեցած դեպքերի բոլոր վկաները, փառք Աստծո, ողջ եւ առողջ են: Դրանք են` գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյան, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրով, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյան, ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյան, ՀՀ ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյան: Կասկած չկա, որ մի օր նրանք վկայություն կտան, եւ Հայաստանի ու Արցախի հասարակությունները կիմանան, թե ով ինչ դեր է ունեցել 2016 թվականի այդ ռազմաքաղաքական պարտությունում: Իսկ հիմա, ինչպես մարտի 1-ի դեպքերի պարագայում, հարցերն առայժմ մնում են:

 

Կարապետ Կալենչյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: