Այժմ աշխարհի գրեթե բոլոր երկրների ջանքերն ուղղված են COVID-19 կորոնավիրուսի (թագաժահր) դեմ պայքարին: Ի տարբերություն գրիպի այլ վիրուսների, դրա առանձնահատուկ վտանգավորությունն այն է, որ թագաժահրը անմիջականորեն ներթափանցում է մարդու թոքերը` քայքայելով նրա շնչառական համակարգը եւ, որպես հետեւանք, հարուցելով խրոնիկական հիվանդություններ:
Ինչպես հայտնի է, այդ հիվանդությունն առաջին անգամ գրանցվել էր 2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի Ուհան քաղաքում: Հաշվի առնելով հիվանդության ծանրությունը եւ դրա տարածման սրընթացությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պետք է շատ ավելի վաղ հայտարարեր պանդեմիայի (համավարակ) մասին: Դրա համար, արդեն մեկ ամիս անց, բավականաչափ հիմքեր կային: Սակայն ԱՀԿ գլխավոր տնօրեն Գեբրեիսուսը միայն մարտի 11-ին հայտարարեց` «մենք հանգեցինք այն գնահատականին, որ COVID-19-ը կարելի է բնութագրել որպես պանդեմիա»:
Բնական է, որ համարժեք միջոցների ձեռնարկման ժամանակը բաց էր թողնվել ինչպես բնակչության անվտանգության ապահովման, տնտեսության վերակառուցման եւ մի շարք այլ կազմակերպչական խնդիրների գործնական լուծման առումով, այնպես էլ վտանգավոր համավարակի դեմ պայքարում շուտափույթ հետազոտությունների անցկացման տեսակետից: Այժմ աշխարհի բոլոր առաջադեմ պետություները մանրազնին հետազոտում են նոր համավարակը, մշակում ավելի արագ թեստավորման արդյունավետ մեթոդներ, պատվաստանյութեր ու բուժական պատրաստուկներ:
Կարո՞ղ է արդյոք Հայաստանը նույնպես այդ հիվանդության դեմ պայքարի մեջ մտնել գիտական, այսինքն` պատվաստանյութերի, դեղերի եւ բուժման նոր միջոցների պատրաստման մակարդակով: Շատերը միգուցե թերահավատորեն առարկեն, թե ինչպես կարող ենք մենք` հայերս, գիտության համաշխարհային կենտրոնների հետ ոտք մեկնել: Ոչ մասնագետի համար դժվար է դատել այդ մասին: Սակայն տեղին կլիներ արձանագրել, որ Հայաստանը դեռ ԽՍՀՄ ժամանակներից գիտական մեծ ներուժ ուներ կենսաբանական հետազոտությունների ոլորտում:
Մենք կենսաբանության եւ միկրոկենսաբանության գիտահետազոտական խոշորագույն ինստիտուտներ ունեինք: Երեւանի պետհամալսարանում կար եւ այժմ էլ գոյություն ունի կենսաբանության ամբիոնի առանձին մասնաշենք, որտեղ կադրեր են պատրաստվում կենսաբանության ու միկրոկենսաբանության ոլորտի համար: Այն մասին, որ Հայաստանում այդ ոլորտի մասնագետների պատրաստման հոյակապ դպրոց է եղել, վկայում է փաստը, որ իննսունական թվականների վերջին եւ քսանականների սկզբին հայաստանցի կենսաբան-մասնագետներին գրկաբաց էին ընդունում ԱՄՆ-ում, Կանադայում եւ Ռուսաստանում: Ընդ որում` ԱՄՆ-ում եւ Կանադայում նրանց միանգամից տալիս էին ըստ մասնագիտության աշխատանք եւ կեցության իրավունք: Եվ դա շատ բանի մասին է խոսում:
2016 թվականին Երեւանում, Գյումրիում եւ Իջեւանում ԱՄՆ-ի աջակցությամբ բացվել էին երեք կենսալաբորատորիաներ, որոնց կոչումը զանգվածային համաճարակներից բնակչության եւ կենդանիների պաշտպանությունն էր: Հայաստանում ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսին ժամանակին հայտարարել էր. «Մենք հպարտանում ենք, որ կենսաբանական անվտանգության հարցերով Հայաստանի կառավարության հետ աշխատում ենք 2008 թվականից: Այս լաբորատորիաները մեր համագործակցության արդյունքն են»: Նրա խոսքով` այդ կառույցները հայկական լաբորատորիաներ են, որտեղ հայ մասնագետներ են աշխատում, եւ նրանք գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո:
Խնդիրն այն է, թե այդ լաբորատորիաներում եւ կենսաբանության ոլորտի այլ հետազոտական կենտրոններում աշխատող մասնագետներն ի զորո՞ւ են արդյոք զբաղվել անմիջականորեն ախտորոշման, պատրաստանյութերի ստեղծման, այդ համաճարակի բուժման նոր մեթոդների հետազոտություններով: Մեծ հեռանկարներ կունենային ԱՄՆ-ի, Կանադայի, Իսրայելի, Ռուսաստանի առաջատար մասնագետների հետ մեր կենսաբանների համատեղ հետազոտությունները:
Հարցադրումն աննպատակ չէ եւ իմաստ ունի զբաղվել դրանով: Առավել եւս, որ համավարակի վերջը դեռ չի երեւում, եւ այդ հիվանդության դեմ պայքարի արմատական եղանակները տակավին գտնված չեն: Թող իրենց ծանրակշիռ խոսքն ասեն հայ մասնագետները: Համենայն դեպս, դա մեծ օգնություն կդառնար երկրին` հիվանդության դեմ պայքարում եւ դրական արդյունքների դեպքում կմոտեցներ ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու օրը:
Կարապետ Կալենչյան