Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Ազատ ամբիոն

Երբ ետ ես մնում ժամանակի թելադրանքից

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Անցած շաբաթ Հայաստանի կառավարությունը խորհրդարանում քննարկման ու վավերացման էր ներկայացրել «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման մասին» Հայաստանի Հանրապետության ու Զարգացման եւ վերակառուցման միջազգային բանկի (ԶՎՄԲ) միջեւ ստորագրված վարկային համաձայնագիրը: Վավերացման դեպքում ԶՎՄԲ-ն Հայաստանին վարկ կտրամադրի 13 մլն 400 հազար եվրոյի չափով: Գումարն ինքնին այնքան էլ մեծ չէ: Սակայն հարց է ծագում` արժե՞ արդյոք այդպիսի վարկեր վերցնել ներկա պայմաններում, երբ կորոնավիրուսի դեմ պայքարում ոչ միայն Հայաստանը, այլեւ բոլորը, նույնիսկ աշխարհի ամենազարգացած երկրները, հայտնվել են գոյատեւման եւ համավարակից վերջնականապես դուրս գալուց հետո ենթադրվելիք ճգնաժամի հաղթահարման հնարավորությունների եզրին:

Մեր տնտեսական ներուժի անկումն ակներեւ է: Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերանայել է Հայաստանի էմիթենթի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշների (ԷԴՎ) կանխատեսումը անցած տարվա «Կայուն»-ից` այս տարվա «Բացասական»-ը, եւ այն հաստատել ԷԴՎ-ը (Long-term Issuer Default Rating – IDR) «BB» մակարդակի վրա: Գործակալության մամուլի հաղորդագրության համաձայն` COVID-19-ի ցնցակաթվածը բացասաբար է անդրադարձել Հայաստանի տնտեսության վրա, ինչին հանգեցրել է վերջինիս կախվածությունը հումքային ապրանքներից, Ռուսաստանի տնտեսությունից ու զբոսաշրջությունից, որը միայն մասնակիորեն է փոխհատուցվում նավթի ցածր գների օգուտից: «Դա պայմանավորված է Հայաստանի համեմատաբար բարձր զուտ արտաքին պարտքով եւ ընթացիկ գործառնությունների հաշվի կառուցվածքային պակասուրդով, որը սոսկ մասամբ է ֆինանսավորվում պարտքային պարտավորություններ չառաջացնող կապիտալի հոսքի հաշվին»,- նշում են մամլո հաղորդագրության հեղինակները: Եթե 2019 թվականի վերջին Հայաստանի արտաքին պարտքը տնտեսական ցուցանիշների ընդհանուր աճի պարագայում կազմել է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 53,6%-ը, ապա 2020 թվականի վերջին, գործակալության տվյալներով, այն կարող է աճել մինչեւ 59,2%:

Կարո՞ղ էր արդյոք կառավարությունը այս դժվար ժամին գործը գլուխ բերել առանց լրացուցիչ վարկերի եւ գտնել ֆինանսական խնդիրները բացառապես ներքին պաշարամիջոցներով լուծելու հնարավորություններ: Կյանքն ինքը հուշում է, որ մենք ժամանակը բաց ենք թողել` «թավշյա» հեղափոխությունից անմիջապես հետո չմշակելով ու չընդունելով սեփականության մասին օրենք, որը մինչ օրս ընդունված չէ: Մինչդեռ այդ օրենքի ընդունմամբ բնակչության ողջ մասնավոր սեփականությունը պաշտպանված կլիներ օրենքով, եւ խոշոր ձեռնարկատերերը, գործարարներն ու միջին օղակի արտադրության մեջ աշխատողները մտավախություն չէին ունենա, որ վաղը կամ մյուս օրը կխլեն իր գույքը: Նրանք պաշտպանված կլինեին օրենքով: Մյուս կողմից էլ` այդ օրենքը կարող էր հիմք լիներ բռնագանձելու համար այն անձանց գույքն ու ֆինանսները, ովքեր չկարողանան ապացուցել դրանց օրինական ծագումը: Դրա փոխարեն վերջերս մշակեցին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը, որը նույն բանը չէ:

Վերջին 25 տարիներին Հայաստանից միլիարդավոր դոլարներ են թալանվել: Եթե մենք կարողանայինք ետ բերել այդ ամբողջ թալանված եւ օֆշորներում թաքցված հարստությունը, Հայաստանը ոչ միայն վարկեր չէր վերցնի, այլեւ կկարողանար ամբողջությամբ փակել արտաքին պարտքը եւ նույնիսկ դառնալ որեւէ այլ երկրի վարկատու: Իսկ այժմ բոլոր այդ կողոպտիչները կամ հանգիստ ապրում են արտասահմանում, կամ շարունակում են անհոգ ման գալ Հայաստանում: Եվ երբ նրանցից որեւէ մեկի գլխավերեւում խտանում են ամպերը, իսկույն փախչում են Ռուսաստան, որը, ինչպես միշտ, նրանց ետ չի տալիս: Ընդ որում` նրանք ոչ միայն իրենք են փախչում Ռուսաստան, այլեւ այնտեղ են տանում անօրինաբար կուտակած կապիտալը, որն արդեն աշխատում է ռուսական տնտեսության օգտին:

Հարցն ավելի քան լուրջ է: Արտակարգ պայմաններում, ինչպիսիք համավարակներն են, որոշումները պետք է կայացնել արագ եւ ստեղծված իրողություններին համարժեք: Նա, ով ուշանում է ժամանակի թելադրանքից, տանուլ է տալիս:

 

Կարապետ Կալենչյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: