Կիրակի, Մայիսի 19, 2024

Ազատ ամբիոն

Մեր ներսի անմիաբանությունը թշնամու հաղթանակն է

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Թոթովենցի «Բաքու» վեպը կարդալուց հետո սկսեցի տարբերակել թուրքի երկու տեսակ` իրենց ապրելու տեղանքի տարբերությամբ, մնացած ամեն ինչում նրանց ձեռագիրը նույնն է։ Թուրքիայում ապրողներն օսմանյան թուրքեր են, Ադրկովկասում ապրողները՝ «ադրբեջանցիներ» անվան տակ «ծպտված» կովկասյան թուրքեր։

Նույն թշնամին է, որոնց հանդեպ մեր ներսի թրքամետները առանձնակի վերաբերմունք ունեն։ Օսմանյան թուրքերի հանդեպ հարգանք, հպարտություն, որ իբր բարեկամական նոր հարաբերություններ են հաստատում նրանց հետ` մոռացած մեկուկես միլիոն անմեղ զոհերի արյունը։

Հայ ստրկամիտներին վերեւից նայող այդ թուրքերը պատրաստ են մեր ստրուկների բարեւն առնել մի պայմանով, որ երբեւէ չհիշեն «ցեղասպանություն» բառն անգամ։ Ու այդպես էլ կա, 2018-ին քայլելով իշխանության եկածները պատրաստ են ժպտալ նրանց երեսին, որքան էլ որ նրանք հրաժարվեն հայկական Արարատ անունն արտահայտելուց, որը շատ դյուրին նրանց շուրթերին դառնում է Արաբաթ։

Հիշենք, թե ինչպես Միրզոյան-Չավուշօղլու հանդիպումից հետո Հայաստանի ԱԳ նախարարին թուրքական հեռուստատեսությամբ ներկայացրին Արաբաթ Միրզոյան անունով: Դեռ լավ է, որ Միրզոյան ազգանունը չդարձրին Միրզոեւ: Սա պատահական չէր, թուրքերը երբեք չեն ընդունել «Արարատ» անվանումը, եւ անգամ բիբլիական լեռն են անվանափոխել՝ դարձնելով «Աղրիդաղ»:

Նույն ստրկամտությունն այսօրվա ոչ հայերի կողմից կա նաեւ կովկասյան թուրքերի հանդեպ, բայց որոշակի տարբերությամբ՝ սրանց պահանջներին լուռ ենթարկվում են ու այդպես էլ շարունակում այս թուրքերի հետ ստրուկի կարգավիճակով հարաբերություններ հաստատել՝ երկիրը մաս-մաս հանձնելով նրան:

Ե՞րբ է թուրքը հայի բարեկամը եղել, որ հիմա լինի, եթե մեծ ու փոքր թուրքերը հայկական մեծ ու փոքր երկրները կուլ տալու չարամիտ նպատակն են իրականացնում, մեր ոչ հայերը  արագացնում են այդ նվիրատվությունը` հայոց դրախտավայրը կամաց-կամաց հանձնելով։

Թուրքերը միաբանված՝ «մերոնց» ձեռքով են իրականացնում իրենց վաղեմի ծրագիրը` «խաղաղության պայմանագիր» կեղծ անվան տակ։

Մենակ ենք մնացել: Մեր ներսի անմիաբանությունն ու թուլացումը նրանց հաղթանակն է։ Նորօրյա «ֆեյքեր», «ժեխեր», «զոմբիներ» անվանումների տակ «հավատարմագրվածները»  մեծ դեր են խաղում իրենց ուռռաներով, կեղծ կոչերով, անիմաստ կեցցեներով` գուցեեւ ոմանք չհասկանալով, որ իրենց բարձրագոչ ձայները նպաստում են երկրի կործանմանը։

Երանի անցած-գնացած այն տարիներին, երբ համացանց չկար, գոնե այն ժամանակ միմյանց չէին բզկտում, բոլորի սրտում Մայր Հայաստան կար` դրախտավայր Արցախով:

 

Նատաշա Պողոսյան
Արցախ

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: