Կիրակի, Մայիսի 19, 2024

Ազատ ամբիոն

Ցույց տանք, որ մենք մանկուրտ չենք

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

 

Ժամանակին ՀՀ խորհրդարանում առաջարկ եղավ ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ։ Այն ժամանակ ես դա համարում էի անօգուտ եւ անիմաստ նախաձեռնություն՝ վստահ, որ երբեւէ որեւէ հայ չի կարող ժխտել Հայոց ցեղասպանությունը, իսկ օտարերկրացիները հայոց հողի վրա դա անել չէին հանդգնի։

Սակայն պարզվեց, որ Հայաստանում իշխանության կարող են գալ մարդիկ, որոնք  կասկածի տակ կդնեն Ցեղասպանության փաստը եւ 1,5 միլիոն նահատակների անունները հրապարակել կպահանջեն, որ կարող են լինել ՀՀ քաղաքացիներ, որոնք կհայտարարեն, թե Թուրքիան մեզ թշնամի չէ։

Ես միշտ՝ դեռ ուսանողական տարիներից, կողմնակից եմ եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, սակայն չի կարելի այդ հարաբերությունների կարգավորմանը զոհաբերել հայոց պատմությունն ու  պետականությունը, ուրանալ Ցեղասպանությունը։

Ցեղասպանությունը կասկածի տակ դնողների ցուցակը, հնարավոր է, ահասարսուռ այդ եղեռնագործության 109-րդ տարելիցի կապակցությամբ մեծացել է, քանի որ ՀՀ վարչապետի խոսույթում զանգը հնչել էր՝ «պատմական եւ իրական Հայաստանի»  վտանգահարույց հակադրությամբ։

Իհարկե, անհավանական է, որ այս խորհրդարանը նախաձեռնի եւ ընդունի Հայոց  ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ։ Ապազգայնության եւ ուրացման այս քաղաքականությանը պետք է լրջորեն հակադրվեին հանրային հասատատությունները, կուսակցությունները, սակայն մեզանում դրանք առանձնապես գործունակ չեն։

Առաջիկայում պետք է խստացնել օրենքները եւ քրեական խիստ պատասխանատվության ենթարկել հայոց պատմության կեղծարարությամբ եւ Հայաստանի ու հայ ժողովրդի ազգային-պետական շահերի դեմ հանդես եկողներին։

Մեր պատասխանը այս ուրացմանը պետք է նախ լինի այն, որ ապրիլի 24-ին, գարնանային հորդառատ գետի պես, բարձրանանք Ծիծեռնակաբերդ՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 1,5 մլն նահատակներին եւ ցույց տալու, որ մենք մանկուրտներ չենք, որ մենք պատմական հիշողություն ունենք եւ այն պետք է փոխանցենք հաջորդ սերունդներին։

 

Նարինե Մկրտչյանի ՖԲ էջից

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: