Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին պաշտոնական հայտարարությունը կտրուկ սրել է ներհայաստանյան քաղաքական իրավիճակը: Ու թեպետ այդ հայտարարությունը հիմնականում առնչվում էր հայ-ռուսական հարաբերությունների երկու ուղղություններին (արցախյան խնդրին եւ Հայաստանի հանդեպ Ռուսաստանի վարած արտաքին քաղաքականության հետ ռուսական կապիտալով մեզանում աշխատող ընկերությունների գործունեության միջեւ կապին), կրքերը բավական շիկացել էին: Ավելին` հանրության ճնշման տակ Լավրովի այդ հայտարարությանը ստիպված էին պատասխանել Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակը եւ երկու անգամ էլ` նախարար Զոհրաբ Մնացականյանը: Եթե հաշվի առնենք, որ հայկական կողմի պատասխանն ինչ-որ չափով ավելի հավասարակշռված էր, քան այդ թեմայով նախկինում հնչած հայտարարությունները, միեւնույն է, նստվածք մնաց: Մնացականյանն այդպես էլ չասաց, թե կոնկրետ ինչպիսի փաստաթղթի շուրջ են ընթանում բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբում: Ընդ որում` Լավրովի հայտարարությունը չհերքեցին մյուս երկու համանախագահները` Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը: Ճիշտ է, Լավրովի հայտարարությունից օրեր անց, ի պաշտպանություն Հայաստանի, ԱՄՆ թվով 10-րդ նահանգը ճանաչեց Արցախի անկախությունը, ինչը հետագա բանակցային գործընթացում զգալիորեն կամրապնդի Հայաստանի դիրքերը: Մնում է կանխագուշակել, թե ինչպես դրանից կօգտվեն մեր բանակցողները:
Լավրովի հայտարարության հիմնական նպատակն է` ցույց տալ ԵԱՏՄ-ի` կանխավ նախագծված աստիճանակարգության մեջ մեր տեղը եւ նախազգուշացնել, որ մենք ձեռք չտանք ռուսական ընկերություններին, որոնք Քոչարյանի ու Սարգսյանի օրոք աշխատում էին խստիվ կոռուպցիոն սխեմաներով: Այժմ դրանք չեն կարող եւ չպետք է աշխատեն առաջվա պես: Դա, բնականաբար, դուր չի գալիս ռուսական ընկերություններին, եւ Լավրովի բաց տեքստով հայտարարված գազային շանտաժը հասկացնում է, որ գազի գինը Հայաստանի համար ոչ մի դեպքում չի նվազեցվի, մինչեւ որ չբավարարվեն նրանց պահանջները: Այդ առումով ուսանելի է «Գազպրոմ»-ի հետ գազի հարցը լուծելու գործում Լեհաստանի օրինակը: Ցավոք, «Գազպրոմ»-ի հետ մեր պայմանագրում գազի գինն ամրագրված է: Բայց հիմա ֆորս-մաժորային իրադրություն է: Դա կորոնավիրուսի համավարկն է եւ նավթի գների կտրուկ անկումը:
Ինչո՞ւ Հայաստանը ստիպված է գազի համար վճարել չորս անգամ ավելի թանկ, քան մյուս այն երկրները, որոնց եւս «Գազպրոմ»-ը գազ է վաճառում: «Հայաստանի Հանրապետությանը բնական գազ մատակարարելու դեպքում գների ձեւավորման կարգի մասին Ռուսաստանի Դաշնության կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ 2018թ. օգոսոսի 2-ին կնքված համաձայնագրի» 4-րդ հոդվածում սեւով սպիտակի վրա գրված է. «Սույն համաձայնագրի մեկնաբանման ու կիրառության վերաբերյալ Կողմերի միջեւ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Եթե այդ ձեւով վեճը չի կարգավորվում բանակցությունների սկսման ամսաթվից հետո վեց ամսվա ընթացքում, ապա ցանկացած Կողմի պահանջով այն հանձնվում է միջնորդական դատարանի քննությանը»:
Այնտեղ մանրամասն նկարագրված է, թե ինչպես է ստեղծվում միջնորդական դատարանը, ինչպիսի իրավունքներով է նա օժտված եւ ինչպես պետք է կատարվի նրա որոշումը: Ինչո՞ւ այդպիսի պայմաններում մենք չենք դիմում միջնորդական դատարան: Եվ հետո` Ռուսաստանի հետ գազի վերաբերյալ որեւէ պայմանագրում կոնկրետ գրված չէ, որ Հայաստանն իրավունք չունի գազ գնել ուրիշ երկրներից, այլ պարտավոր է գնել միայն Ռուսաստանից: Եթե մեզ համար գազի գինը ձեւավորվում է ոչ թե տնտեսական, այլ քաղաքական հարթությունում, ապա մեր կառավարությունը նույնպես պետք է այդ հարցին մոտենա բացառապես քաղաքականորեն: Դա պետք է անել անհապաղ: Մենք բոլոր միջազգային մակարդակներում պետք է պաշտպանենք մեր շահերը, այլ ոչ թե Կրեմլինը: Դա չի արվում եւ մոտ ապագայում համարժեք որոշումների ընդունումը մեզ համար ավելի դժվար է լինելու, քանզի ՀՀ վարչապետի վարկանիշը գնալով նվազում է:
Ինչ վերաբերում է Արցախի մասով հայտարարությանը, ապա եթե Նիկոլ Փաշինյանը նույնիսկ «ճնշման տակ» ցանկանա իրականացնել փուլային տարբերակը, չի կարող դա կատարել: Ժողովուրդը թույլ չի տա, եւ ժամանակներն այն չեն: Փուլային տարբերակի փորձաքարի վրա է «սայթաքել» ՀՀ առաջին նախագահը, եւ «կսայթաքեն» նաեւ բոլոր նրանք, ովքեր կփորձեն համաձայնել Արցախի խնդրի ոչ հայանպաստ լուծումներին:
Փաստորեն Լավրովի հայտարարության տոնայնությունն ուղղված էր այն բանին, որպեսզի ցույց տա, թե ով է մեր երկրում տերը: Ավելին` ապրիլի 24-ի այդ հայտարարությունների խորապատկերին ոչ ոք Ռուսաստանում չհիշատակեց այդ տարելիցը եւ իր զորակցությունը չհայտնեց համայն հայ ժողովրդին, այդ թվում` Ռուսաստանում ապրող հայերը: Բայց այժմ այդպես գործելն անարդյունավետ է: Չի կարելի մեր ժողովրդին անկյուն քշել: Թող այդ մասին բոլորն իմանան ե´ւ Ռուսաստանում, ե´ւ Հայաստանում: Պատասխան արձագանքը հետեւելու է: Ու թեպետ այդ պատասխան արձագանքը կարող է մինչեւ վերջ համարժեք չլինել, բայց սկիզբը դրված է: Կողմերն արդեն սկսել են բաց խաղալ: Դրանում մեղավորը մենք չենք: Լեւ Տոլստոյի «Պատերազմ եւ խաղաղություն» հանճարեղ ստեղծագործության մեջ կա մի դրվագ, որտեղ նա շոշափում է պատերազմների պատճառների փիլիսոփայական հարցին ընդհանրապես: Նա կռվող կողմերին համեմատում է սրերով սուսերամարտիկների հետ, որոնք մարտնչում են մենամարտիկների բարեվարքության բոլոր կանոններով: Եվ երբ մենամարտիկներից մեկը տեսնում է, որ ինքը պարտվում է եւ, ուր որ է, վայրկյաններ անց հակառակորդն իրեն կսպանի, նա դեն է նետում սուրը եւ վերցնում հսկայական մի դագանակ եւ այդպես պաշտպանում իրեն: Մեր ժողովուրդը պատրաստ է պաշտպանել իրեն: Դա մենք ակնառու կերպով ցույց տվեցինք 90-ականների սկզբին եւ ապրիլյան քառօրյա պատերազմում:
Կարապետ Կալենչյան