Շաբաթ, Դեկտեմբերի 07, 2024

Ազատ ամբիոն

Հեղափոխության դասերը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Սերժ Սարգսյանի հրաժարականից երեք տարի անց, հեղափոխության հանդեպ ատելության եւ անեծքի այս մթնոլորտում, հարց է առաջանում՝ արդյո՞ք հեղափոխությունն էր մեղավոր այս աղետալի իրավիճակի համար: Իմ համոզմամբ՝ ոչ: Մեղավորը հեղափոխությունը չէր, այլ նրանք, ովքեր թույլ տվեցին, որ հեղափոխությունը յուրացվի, մսխվի, փոշիացվի, այլակերպվի Նիկոլ Փաշինյանի կողմից:

Հեղափոխությունից երեք տարի անց այդ հեղափոխության դասերը, իմ համոզմամբ, հետեւյալն են.

1. Հայաստանի որեւէ ղեկավար չպետք է այնքան կեղեքի հանրությանը, որ նրա հեռանալը դառնա միակ քաղաքական օրակարգը:

2. Հայաստանի որեւէ ղեկավար չպետք է այնքան հոգնեցնի հանրությանը, որ նույն հանրությունը չկամենա, չփորձի մտածել, թե ով է ստանձնելու պետության ղեկը հեղափոխությունից հետո:

3. Հայաստանի որեւէ ղեկավար չպետք է այնքան զզվեցնի հանրությանը, որ նրա վերադարձի հնարավորությունները տրավմատիկ հիշողություն դառնան հանրության համար:

4. Հայաստանի որեւէ ղեկավար չպետք է այնպես կառչի իշխանությունից, որ նրա հեռացումը համահայկական ընդվզում առաջացնի:

5. ՀՀ յուրաքանչյուր ղեկավար պետք է գիտակցի, որ նա երկու ճանապարհ ունի հեռանալու՝ ընտրությունների կամ հեղափոխության արդյունքում:

6. Հայաստանի հանրությունը պետք է գիտակցի, որ միայն մերժմամբ եւ ատելությամբ պետություն չի կարելի կառուցել, որովհետեւ երբ կգա կառուցելու ժամանակը, ատելությունից  արդեն ուժասպառ կլինեն բոլորը:

7. Հանրությունը պետք է գիտակցի, որ իր այսօրվա հերոսը վաղվա դավաճանը կարող է դառնալ, եթե ինքը քաղաքականության մեջ շարունակի առաջնորդվել  պարզամտությամբ:

8. Քաղաքական դաշտը եւ քաղաքական միտքը չպետք է այնպես հրկիզել, որ ամեն մի բախտախնդիր, երկու շաբաթ քայլելուց հետո, չդառնա պետության ղեկավար:

9. Հեղափոխության նպատակը չի կարող միայն իշխանափոխությունը լինել, այլ հիրավի հեղափոխական մեծ փոփոխություններն ու նվաճումները:

10. Հեղափոխությունը պետք է ավարտել, հակառակ դեպքում այն երբեք չի ավարտվում եւ հընթացս փոխվում է քաոսի, անիշխանության կամ բռնապետության:

Հեղափոխության այս դասերը ո՛չ միայն հանրության, ո՛չ միայն նախկինների, ո՛չ միայն ներկաների, այլ նախեւառաջ հեղափոխության երբեմնի առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանի համար են, որն այժմ Տարաս Բուլբային է նման. նա ծնեց հեղափոխությունը, նա էլ սպանեց այն: Բայց եթե Տարաս Բուլբան սպանեց որդիներին դավաճանության համար, ապա Նիկոլը ինքը դավաճանեց հեղափոխոությանը:

Բայց արդյո՞ք միայն հեղափոխությանը:

 

Նարինե Մկրտչյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: