Ներքաղաքական իրավիճակը վերջին 10-15 օրվա ընթացքում բավական սրվել է: Եթե առաջ նախկին իշխանությունների շուրջ համախմբված ուժերը սահմանափակվում էին տեղեկատվական գրոհներով եւ պարզ էր, թե ով որ ճամբարից է, ապա այժմ նախկին վերնախավին մոտ կանգնած անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերի կապակցությամբ առճակատումը սպառնալի ձեւեր է ընդունել: Արդյո՞ք մեր իրավապահ մարմինները համապատասխանում են ներկայիս հարաճուն գործընթացների ոգուն ու բովանդակությանը: Ցավոք, պետք է արձանագրել, որ այդ կառույցներն ի վիճակի չեն համարժեք արձագանքելու այն մարտահրավերներին, որոնք նրանց առջեւ դնում է կյանքը: Օրինակներ հրապարակի վրա շատ կան եւ անիմաստ է դրանք կրկնել:
«Թավշյա» հեղափոխությունից հետո այդպես էլ համակարգային մոտեցում չդրսեւորվեց ժողովրդի պահանջների ու սպասումների լույսի ներքո այդ մարմինների բարեփոխման նկատմամբ: Իրավապահ համակարգի նույնիսկ կոսմետիկ բարեփոխման ցանկացած փորձեր նախկին իշխանությունների կողմից ընդունվում էին «սվիններով», եւ «ընդդիմախոսները» միշտ վկայաբերում էին այդ ոլորտի մասով քննարկվող օրենքների նոր նախագծերի անհամապատասխանությունը Վենետիկի հանձնաժողովի պահանջներին: Այդ առումով տեղին կլիներ հիշեցնել Վրաստանում իրավապահ համակարգի` մասնավորապես Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) բարեփոխման օրինակը, երբ իշխանության էր եկել Միխեիլ Սաահակաշվիլին:
Այդ բարեփոխումը հետխորհրդային տարածքում ամենահաջողվածներից է համարվում: Այն սկսվել էր 2004 թվականին: Երկու տարվա ընթացքում աշխատանքից հեռացվել էր գերատեսչության 85 հազար աշխատակիցներից 75 հազարը, այդ թվում` գրեթե ողջ ղեկավար կազմը: Տեղական ավտոտեսչությունը, որտեղ 15 հազար մարդ էր աշխատում, կազմալուծել էին: Արդյունքում գերատեսչության ընդհանուր հաստիքային թվաքանակից կրճատվել էր շուրջ 26 հազար մարդ: Նոր ոստիկանական կադրերը հավաքագրվել էին բաց մրցույթով, որին մասնակցել չէր թույլատրվում ուժային կառույցներում արդեն աշխատանքի փորձ ունեցողներին:
Աշխատանքի ընդունվելիս թեկնածուներն անցնում էին արեւմտյան չափանիշներով մշակված հոգեբանական թեստեր, որոնք թույլ էին տալիս բարձրացնել ոստիկանների միջին մտավոր մակարդակը եւ մաղել անկայուն կամ նախահարձակ հոգեբանության տեր անձանց: Գործող ծառայողների մշտական մաղումը կատարվում էր ՆԳՆ գլխավոր տեսչության օգնությամբ: Այդ հատուկ ստորաբաժանումը ստեղծվել էր կազմակերպելու համար «փոխձիեր»` իրավիճակներ, որոնք ոստիկաններին գայթակղում, դրդում են իրավախախտման, օրինակ` դրամաշորթության կամ պաշտոնեական հրահանգներից շեղումների: Ընդամենը 2003-2010 թվականներին տարբեր հանցագործությունների համար պատասխանատվության էր ենթարկվել 1064 ոստիկան:
Ինչո՞ւ այս երկու տարում մենք չգնացինք այդ ճանապարհով: Ինչո՞ւ լիակատար լյուստրացիա չանցկացրինք ՆԳՆ-ում, արդարադատության նախարարությունում, հետաքննչական կոմիտեներում եւ ԱԱԾ-ում: Երբ Սաահակաշվիլին արմատից ջարդում էր ամբողջ իրավապահ համակարգը, ինչ-որ մեկը լսե՞ց, թե ինչ էր ասել Վենետիկի հանձնաժողովը: Իհարկե` ոչ: Ուրեմն ինչո՞ւ պիտի մենք երկրպագենք այդ հանձնաժողովին` ինչպես կուռքի:
Ժամանակի պահանջներին իրավապահ համակարգի անհամապատասխանության հետեւանքով մենք այժմ կանգնած ենք դժվարլուծելի խնդրի առջեւ: Դատական համակարգի բարեփոխման վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարի այս շաբաթ առաջարկած ծրագիրը, դատելով լրատվամիջոցների հրապարակումներից, անարդյունավետ է լինելու, եւ այս դեպքում աշխատավարձի 50-տոկոսանոց բարձրացումը` առանց հին կադրերի ամբողջական փոփոխության, միայն կավելացնի մեր հարկատուների բեռը, ոչ ավելին: Եթե մենք այժմ իրավապահ մարմիններում չիրականացնենք համապատասխան բարեփոխումներ, հետո դժվար է լինելու հենվել իրավապահ որեւէ ուժի անաչառության վրա: Սա ոչ միայն օրվա հրամայականն է, այլեւ երկրի անվտանգության գլխավոր երաշխիքը:
Կարապետ Կալենչյան