Անցած շաբաթ օրը Սիլվա Կապուտիկյանի անվան տուն-թանգարանում էի։ Հրավիրված էի Զաբելա Աբելյանի գրքերի շնորհանդեսին, որը, սակայն, որոշ հանգամանքների պատճառով տեղի չունեցավ։ Բայց կյանքում լինում են հաճելի պատահականություններ եւ՝ այնքան մտերմիկ միջավայրում, որ չես ուզում հավատալ, որ այն իրականություն է այս հակասական, գլխիվայր շրջված աշխարհում։
Թանգարանում մասնակիցը դարձա մեկ այլ միջոցառման։ Զահրատ գրողի մեկդարյա կյանքն ու գործունեությունն էր գրականասեր անհատների խոսույթում՝ անսահման մեծ հմայքով, սիրով ու հիշողություններով լցված։ Յուրաքանչյուր խոսք որքան պարզ էր, նույնքան՝ խոր ու խիտ գրողի կյանքի, սովորությունների, բանաստեղծելու տաղանդի մասին, որն ընթերցասեր մարդուն մղում է դեպի գրողը, դեպի նրա գրական անդաստանն ավելի խորքային ուսումնասիրելուն։
Մեծագույն անակնկալը թանգարանում իմ լավ բարեկամ Սեյրանուհի Գեղամյանին հանդիպելն էր, ում հետ մեր հեռավար ընկերությունը ՖԲ հարթակում հրապուրանքի, միմյանց հանդեպ սիրո ու հարգանքի մեծ տարածքներ ուներ։ Առավել ոգեւորիչ էր լսել արվեստասեր հայուհու նույնքան հմայիչ խոսքը, երբ ներկայացնում էր Սիլվա Կապուտիկյան բանաստեղծուհուն եւ Մարդուն։
Անի Տեր-Գուլանյանին թանգարանում տեսնելը որքան ուրախալի, նույնքան հարազատական էր, քանի որ վաղուցվա ծանոթներ էինք: Միաժամանակ «Անդին»-ն ինձ հիշեցնում է անցած տարիներին Կոստան Զարյանի եւ Համաստեղի մասին իմ հրապարակումները, որ տեղ էին գտել այդ ամսագրում։ Ինձ համար հպարտություն էր թանգարանի այդ միջոցառմանը մասնակցելը, երբ շուրջս գրականասեր անհատներ էին, շատ խելացի խոսք էի լսում, միմյանցից տարբեր, բայց մի ամբողջ համաձուլվածք, որ լեզվով էր արտահայտվում։
Անգամ մտքովս չէր անցնում, որ Սեյրանուհի Գեղամյանի շնորհիվ առիթ կունենայի ես էլ արտահայտվել՝ որպես արցախցի մանկավարժ, ով օրագրային ամենօրյա գրառումներով արձանագրել էր իր փոքրիկ լեռնաշխարհի խաղաղ օրերի ու պատերազմներով անցած կյանքը, այն մղձավանջը, որի ականատեսն էին մեր առջեւ նստած դպրոցականները եւ սահմանամերձ Մարտակերտում նրանց դասավանդող ուսուցիչները։
Թանգարանի տնօրեն Արմենուհի Դեմիրճյանի հետ նոր ծանոթությունն ընդունեցի խորին ակնածանքով։ Արմատներով Արցախից լինելը, արցախցիներին ճանաչելը, հյուրընկալ օջախում մտերմիկ զրույցը մեզ երբեմն տանում էր հայրենիք… Մենք հասկանում էինք, որ արցախցի-հայաստանցի խոսույթը շինծու է, երբ բոլորս հայեր ենք եւ մտահոգ ընդհանուր հոգսերով ու երկրի ճակատագրով։ Պատիվ ունեցա ընդունել առաջարկը եւ տիկին Արմենուհու կողքը նստել՝ խմբովին նկարվելու։ Այդ պահին այլ մտածումներով էի՝ ես Կապուտիկյան տաղանդավոր բանաստեղծուհու բնակարանում էի, նրա տան աթոռին, տեսնում էի նրա իրերը, այն ամենը, ինչին երբեւէ հպվել էին նրա մատները…
Եվ ինձ հետ էին բանաստեղծուհու մասին տիկին Սեյրանուհու հմայիչ խոսքի ելեւէջները…
Միջոցառումը վարելու մեծագույն պատիվը պատկանում էր Գոհար Գալստյանին` հայ գրականության եւ արվեստի անխոնջ մշակներից մեկին, ում հետ ծանոթանալը, նրա կողքին մտերմիկ նստել-զրուցելը բոլորի ներկայությամբ, ինձ տարավ Արցախ, դեպի իմ սեր-հայրենիքը, որ մնաց հեռվում:
…Նանե՝ գրող եւ նկարիչ: Ուզում եմ միասին տեսնել նրա մեջ այս երկու շնորհը: Եվ ստացվում է՝ նրա քնքուշ խոսքում ես համատեղված եմ տեսնում այդ երկուսը։ Ու իմ մտապատկերում հրատարակածս «Գրողը եւ ուսուցիչը» գիրքն է, եւ իմ ներսում ծառացած հարցը. արդյո՞ք, ուսուցիչ լինելով, ես կարողացա ինձ տեսնել որպես գրող։ Ո՛չ, գիրք հրատարակել՝ դեռ չի նշանակում գրող դառնալ: Ես այդպես էլ հավատարիմ մնացի մանկավարժի իմ մասնագիտությանը եւ հպարտ, որ իմ երկրի ինչ-որ ժամանակաշրջանի վավերագիրը դարձա, բայց ոչ գրողը։
Ցավոք, հրաժեշտ տվեցի իմ մանկավարժական գործունեությանը Արցախում անցած տարվա սեպտեմբերին՝ պատերազմի առաջին օրը, երբ թշնամու հրետակոծության տակ ընդհատվեցին դասերը, եւ ես հասկացա, որ սեպտեմբերի 18-ին դպրոցում իմ վերջին դասն էր։ Բայց մայր երկրում «իմ դասերը» շարունակվում են, ուղղակի այստեղ ես դասավանդող չեմ, ընդամենը ունկնդիրն եմ արվեստի, գրականության նվիրյալների վարած դասերի, որտեղ զգում, ընկալում ենք ամեն ինչ հոգով ու սրտով, մեծ երախտիքով:
Այսօր Կապուտիկյան բանաստեղծուհու «տանը» կազմակերպված «դասերից» մեկի ունկնդիրն էի`գոհունակությամբ լի, միաժամանակ՝ շնորհապարտ սիրելի Զաբելա Աբելյանին, ում հրավերով այցելել էի թանգարան եւ վայելել անմոռաց մի օր գրքի ու գրականության առինքնող աշխարհում:
Նատաշա Պողոսյան