Դատաիրավական համակարգի բարենորոգչության թեման իշխանափոխությունից հետո անցած երկու տարում ամենաքննարկվողներից մեկն է, ինչը պատահական չէ: Այն պետությունները, որոնց հաջողվում է կառուցել իշխանության մյուս երկու թեւերից լիարժեք անկախություն երաշխավորող եւ միջազգային չափանիշներին վայելող դատական համակարգ, շատ արագ գտնում են իրենց տեղը ժողովրդավարական զարգացած երկրների շարքում: 2018 թվականի մայիսին Հայաստանը ստացավ այդպիսի հնարավորության, բայց չկարողացավ օգտագործել: Փոխանակ անհապաղ ձեռնամուխ լինելու ոլորտի բարեփոխումներին, «իմքայլականները», մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ժամանակ առ ժամանակ անհարկի թմբկահարում էին Անցումային արդարադատության կարեւորությունն ու այն կյանքի կոչելու իրենց մտադրությունները:
Փորձագիտական եւ հանրային հարթակներում այսօր էլ շարունակվում են թեմայի շուրջ բանավեճերը, խնդրի արծարծումները, մշակվում են ծրագրեր, հնչում առաջարկներ, բայց գործը տեղից չի շարժվում: Տպավորություն է, թե Անցումային արդարադատության օգտին բարձրագոչ հայտարարություններ հնչեցրած նոր իշխանությունները փոշմանել ու հետքայլ են արել այդ մտքից: Դա պարզորոշ երեւաց «թավշյա» իրադարձություններից ամիսներ անց, երբ սեպտեմբերի 11-ին համացանցում տարածվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը, իսկ նույն տարվա դեկտեմբերին` ԱԱԾ տնօրենի ու վարչապետի խոսակցության ձայնագրությունը: Այդպիսով` Նիկոլ Փաշինյանի այն պնդումները, թե դատական համակարգը Նոր Հայաստանում անկախ է, եւ ինքը երբեք չի միջամտում դատական իշխանության գործունեությանը, ի դերեւ ելան:
Ինչպես հայտնի է, երկու ձայնագրություններում էլ բարձրաստիճան պաշտոնյաները քննարկում էին «Մարտի 1»-ի գործով անցնող անձանց կալանավորելու հարցը: Ուրեմն` ո՞ւր մնացին չմիջամտելու մասին հավաստիացումները: Ըստ երեւույթին, վարչապետը մտքին դրել էր «անցումայինի» փոխարեն նախապատվությունը տալ «հեռախոսային» արդարադատությանը: Ինչո՞ւ «փորձված թանը» թողած` պիտի գնամ «անփորձ մածնի» ետեւից` հավանաբար այսպես էր կշռադատել Փաշինյանը: Դատական իշխանության անկախության առասպելը վերջնականապես փշվեց «թավիշի» առաջին տարեդարձից անմիջապես հետո` անցած տարվա մայիսի 20-ին: Դրանից մեկ օր առաջ վարչապետը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել «հայկական հեղափոխության երկրորդ` ամենակարեւոր փուլի մեկնարկը» տալու մասին` նշելով, որ ակնկալում է համաժողովրդական աջակցություն:
Խոսքը դատարանները շրջափակելու` նրա հայտնի կոչի մասին է, որն աննախադեպ էր, չլսված-չտեսնված բան: Երկրի գործադիր իշխանության ղեկավարը, որ պետության առաջին դեմքն է նաեւ, փաստորեն ապստամբություն բարձրացրեց իշխանության մեկ այլ ճյուղի դեմ: Եվ դա արեց «թավշյա» հայտարարված հեղափոխությունից մեկ տարի անց` «հեղափոխության երկրորդ փուլի» քողի տակ: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր արդարադատության համակարգի զտմանն ուղղված քայլերին, այդ թվում` խոստացված ու մոռացված Անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման հրամայականին` «ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար»: Ըստ նրա, ՀՀ-ում գործող բոլոր դատավորներն, առանց բացառության, պետք է ենթարկվեն վեթինգի: Սա նշանակում է, որ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի քաղաքական կապերի, բարոյական նկարագրի, գույքային վիճակի, անհատական ու պրոֆեսիոնալ հատկանիշների մասին: Վեթինգի անհրաժեշտությունը պայմանավորվում էր նաեւ համակարգի նկատմամբ հանրության անվստահությամբ: Ի դեպ, այս նույն դրդապատճառն էր դրված Սահմանադրական հանրաքվեի հիմքում:
Այդ ժամանակներից անցել է եւս մեկ անպտուղ տարի: Վեյթինգը բոլորի շուրթերին է, բայց ոչ գործնական շրջանառության մեջ: Փոխարենը դատաիրավական համակարգի երկնակամարում դեռ թեւածում է «հեռախոսային» արդարադատության» շունչը: Արժե հիշեցնել, որ դատաիրավական այդ «ֆեյքային» տիպը գոյություն է ունեցել Հայաստանի երրորդ Հանրապետության ողջ պատմության ընթացքում: Նախորդ իշխանության օրոք այն բյուրեղացվել, հասցվել էր գրեթե ինստիտուցիոնալացման նիշի` վարչակարգի ձեռքին դառնալով քաղաքական հակառակորդներին լռեցնելու, երկրում վախի մթնոլորտ գեներացնելու կամ անհաճո գործիչներին քաղաքական հետապնդումների ենթարկելու լծակ: Երեւում է` Սերժին մերժելով, «Իմ քայլը» այդպես էլ չմերժեց նրա արատավոր իրավակարգը, ինչպես որ չհրաժարվեց վարչապետական գերլիազորություններից:
Արդյունքում` երկու տարի առաջ «թավշյա» հարթակից սեր ու հանդուրժողականություն սերմանող «իմքայլականները» այսօր երկրորդ շնչառություն են տվել «հեռախոսային» արդարադատությունը, որն Աստծո ամեն օր բերում է բռնությունների, վենդետաների, «սամասուդների» եւ ապօրինի այլ գործողությունների նորանոր դրսեւորումներ, որոնց կնախանձեին անգամ «հեռախոսայինի» քաղաքական հայրերը: Ամենաթարմ օրինակը Սյունիքում տեղի ունեցած ամոթալի դեպքերն են: Դե, իսկ վարչապետը չի շտապում քանիցս խոստացած բարենորոգչությունները կյանքի կոչել: Նա համոզված է, որ այդ գործը շտապողականություն չի սիրում, այլապես դրանից կարող է ստացվել թեժ կրակի վրա պատրաստված չուտվող «խորոված»` երեսանց այրված, իսկ մեջը` հում:
Գեւորգ Բրուտենց