Միացյալ Նահանգներում հունիսի 20-ին Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ իրադրությունը հակամարտության գոտում դարձյալ լարվել էր: Դիպուկահարները շարունակում էին սպանել մեր զինվորներին եւ, մինչեւ բանակցությունների մեկնարկը, Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ լայնածավալ զորավարժություններ էր անցկացնում Նախիջեւանում, ապաեւ Արցախի հարթավայրային մասում` նպատակ ունենալով հայկական կողմի հետ բանակցություններում խոսել ուժի դիրքերից: Ծանոթ մարտավարություն է, որը շարունակվում է ավելի քան մեկ տասնամյակ: Ոչ մի նոր բան չի հորինվել:
Ադրբեջանի ԱԳ նախարարության եւ այդ երկրի պաշտոնական ներկայացուցիչների վերջին հայտարարությունները վկայում են, որ Ադրբեջանը մնում է եւ կշարունակի մնալ իր դիրքերում: Այսպես` նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ «ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների հիմնական մասը կարող է վարվել միայն Ադրբեջանի գրավյալ տարածքների ազատագրման դեպքում»: Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը բանակցային գործընթացին Արցախի ներգրավվածությունը գնահատում է «որպես բանակցային գործընթացի խափանմանն ու բռնազավթման վրա հիմնված ապակառուցողական ստատուս-քվոյի պահպանմանը միտված քայլ»:
Այն փաստը, որ արցախյան կարգավորման հարցում Ադրբեջանը երբեք չի փոխի իր դիրքորոշումը, վաղուց պարզ է բոլորին: Ավելին` Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հունիսի 15-ին հրավիրել էր խորհրդակցություն եւ պաշտոնատար անձանց առջեւ խնդիր դրել «դիպուկահարների հետագա գործունեության, անձնակազմի պաշտպանության ու անվտանգության կայունության ապահովման, քողարկման արդյունավետ կազմակերպման, ինչպես նաեւ ենթադրյալ ուղղություններում հակառակորդի սադրանքների կանխարգելման` հատուկ հարմարանքների ու միջոցների կիրառմամբ անմիջականորեն եւ համապատասխան միջոցառումների ձեռնարկման կապակցությամբ»: Այսինքն` սահմանամերձ գոտում իրավիճակի լիցքաթափման մասին խոսք անգամ չի կարող լինել:
2016-ի պատերազմից անմիջապես հետո Արցախը միակողմանիորեն սկսել էր շփման գծի մշտադիտարկման տեխնիկական միջոցներ տեղակայել (այժմ եւս շարունակում է տեղակայել), մինչդեռ Ադրբեջանը ցուցադրաբար դա չի անում եւ բացեիբաց հայտարարում է, որ կշարունակի սպանել, քանի դեռ «հայկական զավթողական զորքերը դուրս չեն բերվել Լեռնային Ղարաբաղի տարածքից»: Մեր զինվորի սպանության առնչությամբ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հունիսի 14-ին հայտարարել էր, որ «…Ադրբեջանի կողմից հրադադարի պայմանակարգի շարունակական դատապարտելի խախտումները եւ սադրիչ գործողությունները, որոնք վերջին օրերին պատճառ են դարձել մարդկային անդառնալի կորուստների եւ հանգեցրել շփման գծում իրավիճակի լուրջ լարմանը, ձեւավորել են հանդիպմանն ընդառաջ ոչ նպաստավոր միջավայր»: Զարմանալի է, որ մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը, որը խստորեն հետեւում է Էդվարդ Նալբանդյանի ավանդույթներին, մեր զինվորների սպանությունը բնութագրում է իբրեւ «ոչ նպաստավոր միջավայրի» նախադրյալ: ՀՀ-ում Ռուսաստանի դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի խոսքով` «Ղարաբաղյան հարցի վերաբերյալ որոշում պետք է կայացնեն հակամարտող կողմերը»: Այսինքն` Մոսկվան պաշտոնապես իրեն հեռու է պահում այս հարցից եւ հակամարտող կողմերին տալիս է ընտրության ազատություն:
Այժմ, երբ Արցախի զինված ուժերը համարժեք զորավարժություններ են անցկացնում, Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաեւան հայտարարում է. «... դժվար է հասկանալ Հայաստանի ղեկավարության տրամաբանությունը: Մի կողմից` այս երկրի պաշտպանության նախարարը հայտարարում է Ադրբեջանի գրավյալ տարածքներում 10 հազար զինծառայողների մասնակցությամբ զորավարժությունների անցկացման մասին, իսկ մյուս կողմից` նրանց արտաքին գործերի նախարարը պատրաստվում է մասնակցել հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին: Հետաքրքիր է իմանալ` արդյոք Հայաստանի ղեկավարությունն ի զորո՞ւ է իր գործողություններին տալ տրամաբանական բացատրություն»: Ինչպես ասում են, հիվանդ գլխից` առողջին:
Ի դեպ, այս հոդվածի համատեքստից դուրս, Ադրբեջանը վաղուց կարող էր պատերազմ սկսել Արցախի դեմ, բայց նույն Զաքիր Հասանովի խոսքով` «միջազգային իրադրությունը թույլ չի տալիս մեզ պատերազմ սկսել Ղարաբաղում»: Թե որն է այդ «միջազգային իրադրությունը», նա այդպես էլ չի հստակեցրել: Ստացվում է` «միջազգային իրադրությո՞ւնը» թույլ տվեց Ադրբեջանին պատերազմ սկսել 2016 թվականին: Ապրիլյան պատերազմի հանգամանքները հետաքննող խորհրդարանական հանձնաժողովը կարող է լույս սփռել այս հարցի վրա: Վարժանքներից հետո Հասանովը` այլ «փաստարկներ» չունենալով, լայնորեն բացել էր Գինեսի ռեկորդների գրքին արժանի բազմակիլոմետրանոց ադրբեջանական դրոշը, որը տանում էին զինվորները, իսկ ուղղաթիռները վերեւից լուսանկարում էին այդ քայլերթը:
Ստացվում է, որ բանակցությունների մեկնարկից առաջ Ադրբեջանը հայկական կողմին արդեն հստակ ներկայացրել էր իր նախապայմանները: Եվ այդ դեպքում ծագում է ամենակարեւոր հարցը` ինչո՞ւ է հայկական կողմը` ի դեմս Մնացականյանի, ընհանրապես գնում այդ բանակցություններին: Արդյո՞ք սա նշանակում է, որ Հայաստանը կանխավ իր համաձայնությունն է տվել Ադրբեջանի նախապայմաններին:
Վերոթվարկյալ դիտարկումներից բխում են հետեւյալ հարցերը, որոնք պատասխան են պահանջում.
- Ինչո՞ւ է հայկական կողմը համաձայնում շարունակել բանակցությունները, եթե դրանք սկսելուց առաջ ադրբեջանական կողմը շարունակում է կանխամտածված սպանել մեր զինվորներին եւ հստակ ձեւակերպված նախապայմաններ է դնում բանակցությունների համար:
- Ու՞մ համար են այդ բանակցություններն ավելի կարեւոր՝ մե՞զ համար, թե՞ ադրբեջանական կողմի: Չէ որ Արցախի մասով մենք արդեն լուծել ենք մեր հարցերը, իսկ Ադրբեջանը մեզ ամենաքիչն է հետաքրքրում:
- Ի՞նչն է մեզ խանգարում ներկայացնելու Մինսկի խմբի անդամներին բոլոր այն ապացույցները, համաձայն որոնց` Ադրբեջանն է խախտում հրադադարը եւ կրակի տակ պահում մեր զինվորներին: Չէ որ մեր սարքերը ֆիքսում են դա (թե՞ չեն ֆիքսում): Եվ այս դեպքում ոչ ոք չի համարձակվի ասել, որ մենք ձախողեցինք բանակցությունները: Պարզապես մեր սեփական համարժեք նախապայմաններն ենք դնում, որոնք հստակ ձեւակերպել է Նիկոլ Փաշինյանը:
- Ի՞նչն է մեզ խանգարում հայտարարելու, որ մինչեւ Ադրբեջանը Վիեննայի եւ սանկտպետերբուրգյան հանդիպումների արդյունքներով վերահսկողության միջոցներ չհաստատի սահմանային գոտում` Հայաստանը եւ Արցախը կդադարեցնեն բոլոր բանակցությունները եւ բոլոր սադրանքներին ու սպանություններին կպատասխանեն անհամարժեքորեն մեծ չափերով:
Վերը թվարկված բոլոր հարցերի վերաբերյալ մեր հանրությունը Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում պետք է առավելագույնս տեղեկացված լինի:
Կարապետ Կալենչյան