Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Ազատ ամբիոն

Ուտոպիան միանգամայն իրականանալի է

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Վերջերս հայկական յոթ լրատվամիջոցների ներկայացուցիչներ այցելեցին չինական BYD գործարան, որը գտնվում է Սիան քաղաքի մերձակայքում: Այցը տեղի է ունեցել Հայաստանում Չինաստանի դեսպանության աջակցությամբ: Ըստ հայկական մամուլի, BYD-ը համաշխարհային ճանաչում ունեցող չինական միակ ավտոարտադրողն է: Ընկերությունը գործում է աշխարհի ավելի քան 300 քաղաքում: Ըստ ընկերության ներկայացուցիչների, BYD-ը զարգանում է արագ թափով: 24 տարի առաջ այն ուներ ընդամենը 30 աշխատող: Այժմ տարեկան արտադրում է ավելի քան կես միլիոն ավտոմեքենա: Ավելին՝ ընկերությունը հայտարարել է, որ հավակնում է դառնալ էլեկտրական փոխադրամիջոցների արտադրության առաջատարը: Անսովոր կերպով լայն է նաեւ արտադրանքի տեսականին:

Այս բոլոր փաստերը վկայում են, որ չինական ավտոարդյունաբերությունը գնալով նվաճում է համաշխարհային ավտոմոբիլային շուկան՝ ակտիվորեն մրցակցելով ճապոնական եւ հարավկորեական ավտոմոբիլային արտադրանքի հետ: Իհարկե, լիարժեք մրցակցության մասին խոսելը դեռ վաղ է, բայց Չինաստանում առաջադիմական տեխնոլոգիաների ներդրումը եւ ավելի էժան աշխատուժը արդեն թույլ են տալիս հիմնական իր մրցակիցներին լուրջ հայտ ներկայացնել: Առավել եւս, որ աշխարհի բոլոր արդյունաբերական երկրներն իրենց արտադրանքի թողարկման մեջ ողջ ծավալով օգտագործում են չինական լրակազմիչ ավտոմասերը:

Հայաստանում Չինաստանի դեսպանատան աշխատակիցների այդպիսի ակտիվությունը միայն ողջունել կարելի է: Թվում է, թե ով ենք մենք, որ Չինաստանը մեզ ուշադրություն դարձնի: Բայց փաստը մնում է փաստ, որ մենք որոշակի հետաքրքրություն ենք ներկայացնում Չինաստանի համար: Դա է վկայում նաեւ այն հանգամանքը, որ Երեւանում կառուցվում է չինական նոր դեսպանատան շենքի հսկայական մի համալիր: Մեր համագործակցության խորացման եւ ամրապնդման համար կան բոլոր նախադրյալները: Մանավանդ որ, այս տարվա մայիսի կեսերին Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունն այցելեց ՉԺՀ եւ ամենաբարձր մակարդակի ընդունելության արժանացավ:

Ուշագրավ է Հայաստանում Չինաստանի հովանավորության ներքո հատուկ նշանակության փոխադրամիջոցների՝ քաղաքային հասարակական տրանսպորտի, տաքսիների, շտապօգնության, աղբատար մեքենաների համատեղ արտադրության ստեղծումը: Հայաստանում եւ մոտակա արտասահմանում դրանց կարիքը մեծ է եւ տարիների ընթացքում ավելի է աճելու: Ի դեպ, աղբատարների, շտապօգնության մեքենաների եւ գրեթե ամբողջությամբ գերմաշված «Գազելներով» սպասարկվող հասարակական տրանսպորտի անհրաժեշտությունը հիմա էլ խիստ արդիական է Երեւանի եւ Հայաստանի համար: Ինչո՞վ է դա մեզ ձեռնտու: Այստեղ մենք ստեղծում ենք առաջադիմական արտադրություն, բնակչությանը տեղավորում աշխատանքի, դյուրացնում այն հայերի հայրենադարձումը, ովքեր գնացել են արտերկրում (հիմնականում Ռուսաստան) մշտապես աշխատելու եւ երկրի արդյունաբերական ներուժը բարձրացնում որակապես նոր մակարդակի: Ավելին՝ հետագայում մենք կարող ենք մեր արտադրանքը հարեւան երկրներին վաճառել մրցակցային եւ ավելի էժան գնով: Սա ամենեւին էլ ուտոպիա չէ: Դրա համար կան նախադրյալներ: Պետք է լավատես լինել: Այդ հարցերի գրագետ մարքեթինգային ուսումնասիրություն է հարկավոր՝ մարտավարական ու ռազմավարական ուղղություններով:

Կա վստահություն, որ չինացիները մեզ կընդառաջեն: Բայց հետագայում բոլոր այս մտահղացումները կյանքի կոչելու համար անհրաժեշտ է, առանց հաշվի առնելու այլ երկրների կարծիքները, արդեն հիմա ակտիվորեն աշխատել Վրաստանի եւ Իրանի միջեւ նոր էներգետիկ ու տրանսպորտային կապի ստեղծման, թե՛ Իրանի, թե՛ Հայաստանի միջեւ գազատարի լիարժեք օգտագործման ուղղությամբ, ոչ թե խոսքով, այլեւ գործնականապես զբաղվել Հյուսիս-Հարավ մայրուղու աշխատանքով, մշակել դեպի Իրան երկաթուղու նախագծումը: Հայաստանը պետք է գնի սեփական լաստանավային կամ բեռնարկղային նավը՝ վրացական նավահանգիստներից մեկում սեփական գրանցումով: Վրացական իշխանությունները, հավանաբար, կարող են դա թույլ տալ: Ամեն դեպքում խնդիրը լուծելի է: Հաշվի առնելով Հայաստանի լեռնային տեղանքը, թունելներ անցկացնելու մշտական ​​անհրաժեշտությունը եւ այն փաստը, որ Հայաստանում հողի 90%-ը քարքարոտ է, կարող ենք 200-250 միլիոն դոլարով ձեռք բերել ռոտորային տիպի հորատանցման կոմբայն եւ այն օգտագործել թունելներ բացելու համար: Հորատանցման հին տեխնոլոգիաների համեմատ, որոնցով հաջողվում էր մեկ օրում լավագույն դեպքում 1-1,5 մետր թունել փորել, այս մեքենան ի վիճակի է օրական փորել 30-35 մետր: Նման թանկարժեք մեքենան իր ծախսերը կծածկի 2-2,5 տարում:

Այս մտքերն ամենեւին էլ ուտոպիա չեն: Ուղղակի հարկավոր են կամք, գրագետ կառավարում, հավատ սեփական ուժերի եւ երկրի ապագայի հանդեպ:

 

Կարապետ Կալենչյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: