Երբեւէ չեմ մոռանում հայաստանաբնակ այն կին մտավորականի առերես խոսքը, թե լավ է, չէ՞, որ Արցախից հետո Երեւանի նման մեծ, գեղեցիկ քաղաքում եք ապահով ապրում։
Ցնցող էր հարցը, բայց գոնե մխիթարեցի ինձ, որ իզուր չեմ նրան, մինչ մեր բռնատեղահանությունը, ՖԲ-ի իմ ընկերությունից հեռացրել։
Արցախի կորստից հետո արդեն երկրորդ տարին է, ինչ Երեւանում եմ։ Ինձ ապահով եմ զգում պետական հիմնարկներ մտնելիս, հանրային տարբեր սպասարկման սրահներում լինելով, երբեմն ծանոթ թե անծանոթ, ինձ մտերիմ ու հարազատ մարդկանց հետ շփվելիս, անգամ, մտքերով ընկած, բացօթյա մի նստարանի նստած լինելով: Բայց նման ապահովությունը քիչ է երկիր, տունուտեղ կորցրածներիս համար։
Չնչին ու շատ քիչ էր մեր կորցրածի կողքին այն պետական աջակցությունը, որ տալիս էին բնակվարձի համար ու այսուհետ չենք ստանալու այս «ապահով» երկրում։
Մենք չենք կարող մեզ ապահով զգալ այնտեղ, որտեղ բնակարանային ոչ մատչելի մի ծրագիր է մատուցվում մեզ, որը հազարավոր ընտանիքների անտանիք է թողնելու։
Մենք չենք կարող այստեղ ապահով զգալ, երբ պառակտված է ժողովուրդը, հնար լիներ մաս-մաս կանեին՝ իշխանականների եւ ընդդիմադիրների խտության բաժինը չափելու համար։
Մենք ապահով չենք, քանի դեռ աթոռակռիվը, իշխանատենչությունը, միմյանց հոշոտելը գերադասելի են դարձել, քան երկրի համար պայքարը, երբ հայրենիք սիրելը այլեւս նորաձեւ չէ։
Մի ամբողջ կյանք հայ ժողովուրդը մեզ համար հավաքականության խորհրդանիշ էր, Հայաստանը` մեր Մայր երկիրը։
Ցավում եմ, որ անցյալով եմ գրում այդ մասին ու երազում այն ապահովության մասին, որտեղ երկիրը մասնատված չէ, կտրված իր արմատներից, որտեղ հայության միասնությունն է խոսում այն բոլոր արժեքներով ու հավատքով, որ հազարամյակների պատմությամբ է ամրագրված։
Անապահով ենք, կարոտով լցված, քանի դեռ Արցախը հեռվում է մնացել, իսկ Մայր երկրում արմատներից կտրված սաղարթախիտ ծառի թառամած տեսքը չի հեռանում մեր մտապատկերից։
Նատաշա Պողոսյան