Կիրակի, Նոյեմբերի 17, 2019

Ազատ ամբիոն

«Սանիտէկ»-քաղաքապետարան դիմակայությունը. խնդիրը տեխնիկակա՞ն է, թե՞ քաղաքական

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Սեպտեմբերի սկզբին Երեւանի քաղաքապետարանը հայտարարեց, որ «Սանիտէկ» ընկերությունն արդեն չորրորդ օրն է՝ հրաժարվում է տեղափոխել աղբը: Պատճառը, քաղաքապետարանի խոսքով, միայն «Սանիտէկ»-ին է հայտնի: «Սանիտէկ»-քաղաքապետարան դիմակայությունը նոր չէ, այն սկիզբ է առնում 2018 թվականի ամռանից: Ընկերությունը դադարեցրել էր իր պարտականությունների կատարումը՝ դա բացատրելով տեխնիկայի հետ կապված խնդիրներով եւ այլ գործոններով:

«Սանիտէկ»-ը Հայաստան էր եկել՝ շահելով հայտարարված մրցույթը եւ արդեն 2015-ի սկզբին ձեռնամուխ եղել իր պարտականությունների կատարմանը: Սակայն պետք է նշել, որ այդ ընկերությանը զուգահեռ՝ մրցույթ էր շահել նաեւ հայ-շվեդական «Էկոգրուպ» եւ «Միլիոկոնսալտ» ընկերությունների կոնսորցիումը: Նրանց աշխատանքը պետք է բաշխվեր հետեւյալ կերպ. մայրաքաղաքի արեւմտյան հատվածը (Աջափնյակ, Դավթաշեն, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջանները) սպասարկում է լիբանանյան «Սանիտէկ»-ը, իսկ արեւելյան հատվածը (Արաբկիր, Ավան, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք, Նուբարաշեն)՝ վերոնշյալ հայ-շվեդական ընկերությունների կոնսորցիումը: Արդեն այն ժամանակ պարզ էր, որ «Սանիտէկ»-ը միայնակ չէր կարող գլուխ բերել ամբողջ քաղաքի մաքրությունը աղբից: Բայց հետո կոնսորցիումն ինչ-որ տեղ անհետացավ, որի պատճառներն անհայտ մնացին:

«Սանիտէի»-ի աշխատանքի վերաբերյալ կշտամբանքներ կային նաեւ Տարոն Մարգարյանի կառավարման օրոք: Սակայն դրանք հիմնականում մայրաքաղաքում տեղացող առատ ձյան ժամանակ ձյունահավաք տեխնիկայի անբավարար աշխատանքի հետ էին կապված: Մի անգամ ընկերությունը բողոքել էր այն բանից, որ «Էլեկտրիկ Երեւան» նախաձեռնության հանրահավաքի ժամանակ աղբարկղները ցուցարարների կողմից օգտագործվել են որպես բարիկադներ: Սակայն այդ գույքը չէր ջարդվել կամ վնասվել: Գլխավոր խնդիրներն ընկերության հետ սկսեցին այն բանից հետո, երբ Երեւանի քաղաքապետ դարձավ Հայկ Մարությանը: Հարց է ծագում՝ ինչո՞ւ: Եթե առաջ «Սանիտէկ»-ը լավ-վատ կատարում էր իր հանձնառությունը, ուրեմն ինչո՞ւ Մարությանի՝ քաղաքապետ գալով, ամեն ինչ խաթարվեց: Չէ որ քաղաքագլուխը ոչ մի կապ չունի մասնավոր ընկերության աշխատանքի հետ, որը զբաղված է իր կոնկրետ գործով եւ պետք է կատարի միայն պատվիրատուի՝ տվյալ դեպքում քաղաքապետարանի հետ իր պայմանագրային պարտավորությունները:

Կասկածներ տածել, թե քաղաքապետը հատուկ խոչընդոտում է ընկերության աշխատանքին՝ անիմաստ է: Չէ որ անբավարար աշխատանքի համար քննադատության բոլոր սլաքներն ուղղվում են հատկապես Մարությանի կողմը, այլ ոչ թե՝ «Սանիտէկ»-ի: Առճակատումը հասել էր ընդհուպ մինչեւ ընկերության կողմից հարկերը չվճարելու հայցով քրեական գործերի հարուցում, իսկ ընկերության ղեկավարը տեսակապով հայտարարեց. «Գործը քաղաքական ենթատեստ ունի: Այն անհիմն ու շինծու է, նպատակը մեկն է՝ անօրինաբար տիրանալ մասնավոր ընկերության գույքին: Այդպիսով՝ քաղաքի իշխանությունները ցանկանում են կրճատել ընկերության ֆինանսական միջոցները: Քաղաքական ճնշում է նաեւ այն, որ քաղաքի իշխանությունները բազմիցս հայտարարել են պայմանագիրը չեղարկելու մտադրության մասին»:

Ամբողջ այս դիմակայության վերլուծությունը, հնարավոր է, իսկապես ունի քաղաքական ենթատեքստ: Միգուցե Տարոն Մարգարյանի օրոք ընկերությունը ստիպված է եղել աշխատել ստվերային սխեմաներով, որոնք նոր քաղաքապետի գալով՝ կտրվել են, եւ արդյունքում ընկերությունը վնասներ է կրել: Հնարավոր է՝ նախկին իշխանություններն այդ դիմակայության օգնությամբ՝ օգտագործելով «Սանիտէկ»-ին, ուզում են ապացուցել նոր իշխանությունների անկարողությունը: 2018թ. սեպտեմբերի կեսերին որոշ լրատվամիջոցներ գրեցին, թե իբր ընկերության աղբահավաք մեքենաների մի մասը պատկանում է նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ի պատասխան՝  ընկերությունը հայտարարեց, որ երբեք ոչ մի անօրինական գործարք չի կնքել ու չի պատրաստվում կնքել որեւէ քաղաքական ուժի հետ: Բայց, ինչպես ասում են, ծուխն առանց կրակի չի լինում:

Ամեն դեպքում աղբի հարցն, իրոք, շատ լուրջ է: Երեւանը հետզհետե վերածվում է զբոսաշրջության մեծ կենտրոննեից մեկի, իսկ մայրաքաղաքի մաքրությունը նրա դեմքն է: Հարցը պետք է լուծել ոչ թե հապճեպորեն շտկելով միայն տվյալ տեխնիկական խնդիրը, այլեւ ունենալով զարգացման ռազմավարություն՝ ներառյալ աղբամշակման գործարանի ստեղծումը, աղբը նետելիս՝ նրա տեսակավորումը, աղբամանները դրված վայրերի գեղեցիկ ձեւավորումը, տեղամասերում դռնապանների առկայությունը եւ այլն: Այդ մասին պետք է մտածել արդեն այժմվանից:

 

Կարապետ Կալենչյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am