Փառահեղ անցյալով, մշակույթով ու ավանդույթներով հարուստ Ռուսաստանն այսօր ապրում է իր պատմության ոչ լավագույն ժամանակները: Ռուս-ուկրաինական կոչվող, բայց իրականում ՆԱՏՕ-ի դեմ ամենակուլ պատերազմը, տեւական պատժամիջոցները, հարավկովկասյան տարածագոտուց ՌԴ-ին դուրս մղելու՝ «Հավաքական Արեւմուտքի» փորձերը, ինչպես երեւում է, ի զորու չեն ջլատել այդ ազգի մարտական ոգին, խաթարել երկրի զարգացման ռիթմը: Կյանքը քաղաքներում շարունակվում է իր բնականոն հունով, եւ դրանում վճռորոշ դեր ունի տեղական կառավարիչների, հանրային ծառայողների ու տվյալ բնակավայրի ճանաչված մարդկանց ջանքերի եւ անձնվիրության գործոնը:
Ներկայացվող պատումը նման մարդկանցից մեկի՝ «Ռուսաստանի հայերի միություն» (ՌՀՄ) համառուսաստանյան հասարակական կազմակերպության Կրասնոդարի երկրամասի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ, գործարար եւ հանրային գործիչ Կամո Հայրապետյանի մասին է: Հայակերտ Արմավիր քաղաքում, որտեղ 1988-ի՝ արցախյան հայտնի դեպքերից հետո բնակություն էր հաստատել Գանձակից բռնագաղթված Հայրապետյանների ընտանիքը, Կամո Տիգրանիչը մեծ հարգանք ու հեղինակություն է վայելում: Եվ ոչ միայն Արմավիրում. Կրասնոդարի երկրամասում շատերն են նրան ճանաչում՝ որպես Կուբանի հայկական համայնքի ղեկավարի, հաջողակ ձեռնարկատիրոջ, մեկենասի (меценат) եւ, պարզապես, լավ մարդու:
Կամոն ծնվել է Գանձակում՝ հայ ավանդապահ ընտանիքում, որտեղ հարգի էին ուսումը, աշխատանքը եւ մեծի նկատմամբ պաշտամունքի հասնող ակնածանքը: Նա ընտանիքի չորս զավակներից ավագն է, որն արհեստավոր հորից՝ վարպետ Տիգրանից, ժառանգել է աշխատասիրություն, իսկ մորից՝ տիկին Ալվարդից, հոգատարություն եւ հարգանք մարդկանց հանդեպ: Թե՛ ուսման մեջ, թե առտնին գործերում օրինակ էր ծառայում ոչ միայն քույրերի եւ կրտսեր եղբոր՝ Կառլենի, այլ նաեւ դասընկերների, հետագայում էլ՝ գործընկերների համար: Դպրոցը գերազանց ավարտելուց հետո ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: Զորացրվելուց հետո կրթությունը շարունակել է բարձրագույնում եւ, ստանալով բուհական փայլուն կրթություն, կարողացել է կյանքում գտնել իր տեղը:
Այժմ 57-ամյա մեր հայրենակցի աշխատանքային առօրյայի եւ բազմազբաղվածության իրական ծավալների մասին գիտեն միայն ամենամերձավորները: Տիգրանիչի ուսերին հասարակական-քաղաքական հանձնառությունների բավական մեծ բեռ է դրված. տարածագոտու շուրջ կեսմիլիոնանոց հայկական սփյուռքում լինելով պահանջված ու հայտնի անուն, նա միաժամանակ Ազգամիջյան հարաբերությունների եւ կրոնական միավորումների հետ փոխգործակցության գծով Կրասնոդարի երկրամասի նահանգապետին առընթեր խորհրդի անդամ է, Արմավիրի քաղաքային Դումայի վերջին երեք գումարումների պատգամավոր, ՌՀՄ համառուսաստանյան կազմակերպության վարչության անդամ, «Սուրբ Աստվածածնի Վերափոխման» եկեղեցու ծխական խորհրդի անդամ:
Եվ սա դեռ բոլորը չէ: Եթե վերը թվարկված պատասխանատու հանձնառությունների շրջանակում փորձենք ամփոփել վերջին թեկուզ 5 տարում նրա նախաձեռնությամբ կամ գործուն աջակցությամբ իրականացված աշխատանքի արդյունքները, կյանքի կոչված հանրօգուտ ծրագրերն ու մտահղացումները, թերեւս, համացանցային բազմաթիվ էջեր պահանջվեն՝ զետեղելու համար Հայրապետյանի եւ նրա թիմի գործերի ամբողջական ցանկը, որում տեղ կգտնեն բարեկարգ ու բարենորոգ փողոցների, գիտակրթական եւ հոգեւոր-մշակութային օջախների, հուշակոթողների, երիտասարդական, մարզական հարթակների, հանգստի ու ժամանցի գոտիների մի քանի տասնյակ հասցեներ: Էլ չասած ամենշաբաթյա միջոցառումները՝ այցեր, խորհրդաժողովներ, բացումներ, հանդիպումներ:
Լավ գործը, բարի անունը երբեք աննկատ չեն մնում՝ Կամո Հայրապետյանը բազմիցս արժանացել է ՌԴ կառավարական եւ պաշտոնական այլ շրջանակների պատվավոր կոչումների, շքանշանների ու մեդալների: Այստեղ կարող է հարց առաջանալ՝ իսկ ի՞նչ է արել պարոն Հայրապետյանը Հայաստանի համար: Կասենք միանգամից՝ ավելին, քան ՀՀ-ում ապրող եւ աշխատող շատ մեծահարուստներ: Հեռու չգնանք՝ հենց այս պահին «Մետրոպոլիս» ՍՊԸ-ի հիմնադիր-նախագահի՝ Արցախ ուղարկած մարդասիրական օգնությունը՝ երկու խոշորաբեռ մեքենաներ (ֆուռեր), Գորիսում են: Շրջափակումից առաջ էլ հայկական զույգ պետություններին Տիգրանիչի ցուցաբերած օգնությունը չի ուշացել: «Ամեն հայ իր փոքրիկ Հայաստանն ունի սրտի մեջ»,- իր սիրած ասույթներից է:
Այն, ինչ հայապահպանության համատեքստում այսօր արվում է ՌՀՄ Կուբանի տարբեր շրջաններում գործող չորս տասնյակի չափ տեղական բաժանմունքներում, արժանի է միայն քաջալերանքի: Տարածաշրջանային ղեկավարի օրակարգում ամենաառանցքայինը ազգային ինքնության պահպանության խնդիրն է, ինչը ենթադրում է Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու, հայոց լեզվի, պատմության, մշակույթի, հայկական ավանդույթների գերակայության կարեւորում: Ինչպես Արմավիրում, այլ համայնքներում նմանապես, ղողանջում են հայկական եկեղեցիների զանգերը, կից գործում են հայերենի ուսուցման դասընթացներ, երգի-պարի, ասմունքի եւ այլ խմբակներ, որոնցում, ի դեպ, ընդգրկված են նաեւ այլազգիներ:
Անշուշտ՝ տարօրինակ ոչինչ չկա նրանում, որ ռուսազգի, ասորի կամ չերքեզ դեռահասը նույնպես ցանկանում է ընդգրկվել հայկական երգի-պարի, ասմունքի, գեղարվեստական ինքնագործունեության խմբակներում կամ սովորել հայերեն: Ճիշտ հակառակը՝ դա նպաստում է ազգերի ու նրանց մշակույթների մերձեցմանը, համայնքի համերաշխությանը: Ինքը՝ Կամոն դպրոցական տարիներին (1973-1983 թթ.) ընկերություն էր անում տարբեր ազգերի իր հասակակիցների հետ, եւ այդ կապը ցայսօր պահպանվում է:
Հատկանշական է, որ Տիգրանիչն ամեն տեղ հասցնում եւ ամեն գործ ժամանակին գլուխ է բերում: Բայց կա յուրօրինակ մի պարտավորվածություն, ես կասեի՝ վսեմ, ինքնաբուխ մի առաքելություն, որը նրա համար զբաղվածության, ժամանակի, տարածության խոչընդոտ չի առաջացնում: Դա Գանձակի Խ.Աբովյանի անվան թիվ 10 հայկական միջնակարգ դպրոցի իր ուսուցիչների ու դասընկերների հետ մշտամնա կապն է: Արդեն ավանդույթ է դարձել շրջանավարտման 25-րդ տարեդարձից ի վեր նրանց պարբերաբար հրավիրել Արմավիր՝ համատեղ նշելու դպրոցի ավարտման արժանահիշատակ տարեթվերը, հիշելու դպրոցական կյանքի երանելի օրերը եւ մեծարելու սիրելի ուսուցիչներին, որոնցից շատերն այժմ, ցավոք, չկան:
Բարի ավանդույթը չխախտվեց նաեւ այս տարի: Օգոստոսի 11-14-ը Հայրապետյանների ասպնջական հյուրասրահը դարձյալ մարդաշատ էր, օդը հագեցած էր գանձակյան քաղցր վերհուշով ու բարբառով: Քաղաքի տեսարժան վայրեր, հայկական եկեղեցի եւ հայաշունչ այլ օջախներ այցերի ընդմիջմանը Կամոն, որ դասարանի ավագն էր, Շահումյանի Մանաշիդ գյուղի թանձր առոգանությամբ (հայրն այդ գյուղից է սերում) զավեշտալի մի դրվագ է պատմում իրենից երեք տարով ավագ քեռու պատանեկության տարիների արկածների մասին՝ զվաճացնելով հրավիրյալներին: Անսեթեւեթ, անկաշկանդ զրույցի մթնոլորտում 1983-ի շրջանավարտները 40 տարվա հեռվից խոսում էին իրենց «լավ» ու «վատ» ուսուցիչների, իսկ վերջիններս՝ նրանց չարաճճիությունների մասին:
Օգոստոսի 19-20-ը Կրասնոդարում անցկացված՝ հայոց լեզվի եւ հայրենագիտության ուսուցիչների համառուսաստանյան ֆորումի մի խումբ մասնակիցներ: Աջից՝ ամբիոնի մոտ է նախաձեռնության հեղինակը՝ ՌՀՄ համառուսաստանյան ՀԿ Կրասնոդարի երկրամասի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Կամո Հայրապետյանը:
Միջոցառումներին ներկա դասատուները «լավերի» շարքն են դասվում՝ չնայած նրանցից, օրինակ, ֆիզիկայի ուսուցիչ Վոլոդյա Վերդյանը բարձր գնահատական նշանակելու հարցում ժլատի համբավ ուներ, հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Ռոմելա Բալասյանը «խառն էր» մի ստորակետի պատմության «գործում», ուսուցչուհիներ Ալվինա Վերդյանը եւ Մարիամ Առուստամյանը խստապահանջության քողի տակ հարցախեղդ էին անում հատկապես գերազանցության հավակնող սաներին: Բայց ամեն ինչ բարեհաջող ավարտ ունեցավ. վաղեմության ժամկետով պայմանավորված՝ կողմերը ներում են միմյանց «մեղքերը» եւ հրավիրվում ընթրիքի սեղանի շուրջ, որտեղ մինչեւ կեսգիշեր շարունակվում են երգ-երաժշտությունը, պարը, կատակները, հուզմունքի, հիշողության եւ բերկրանքի անմոռաց րոպեները:
Այս տարվա հանդիպման առիթն առանձնահատուկ էր. բոլորել է միանգամից երկու նշանավոր տարեթիվ՝ առաջին դասարան հաճախելու 50-ամյակը եւ շրջանավարտման 40-րդ տարեդարձը: Գլխավոր հյուրընկալի տրամադրությունն այդ օրերին հասկանալիորեն բարձր էր՝ լիուլի տրվել է դասընկերների եւ ուսուցիչների կարճատեւ ներկայությունը վայելելու հաճույքին: Հետո իմացանք, որ անհետաձգելի գործերը հանձնարարել է տեղակալներին ու օգնականներին, որպեսզի հնարավորություն ունենա առավելագույնս արդյունավետ դարձնել թանկագին հյուրերին հատկացված ժամանակը՝ շրջագայություն դեպի հայկական վայրեր՝ մասնավորապես եկեղեցի, որտեղ հետաքրքիր միջոցառումներ էին նախատեսված, կրթամշակութային կենտրոն, 300 աշակերտի համար բարենորոգվելիք հայկական դպրոց եւ այլուր:
…Պատմությունը վկայում է, որ Արմավիր քաղաքը հիմնադրել են չերքեզահայերը 1839 թվականին, եւ այն կոչվել է նախ «Արմյանսկի աուլ», իսկ 10 տարի անց՝ վերանվանվել «Արմավիրսկի աուլ»՝ ի պատիվ հայոց հին մայրաքաղաքի: Մոտ 180 տարի անց 220 հազար բնակչություն ունեցող Արմավիրում Կամո Հայրապետյանն ավելացրել է, այսպես ասած, «հայկական հետքը»՝ քաղաքի մուտքի մոտ կանգնեցնելով ռուս-հայկական անխախտ բարեկամությունը խորհրդանշող հրաշակերտ, ձյունափայլ մի հուշակոթող՝ 7 մետր բարձրությամբ: Դրան հարող զբոսայգին, ի դեպ, քաղաքի ամենագողտրիկ ու մարդաշատ վայրերից է:
Երեւան մեկնելու նախօրդ օրը դարձյալ վերածվեց յուրատեսակ «հիշողության դասերի». Խոսեցին, պատմեցին, կարոտեցին անզուգական Գանձակը, հարազատ թիվ 10 դպրոցը… հուշերի ընդհատված շղթան, կարծես թե, դարձել է կորուսյալ անցյալի հետ կապող անտեսանելի մի կամուրջ, որի մի կեսը հավիտենապես կմնա այնտեղ՝ Գանձակում, մյուսը՝ աշխարհով մեկ սփռված: Կամոն, նրա համադասարանցիներն ու ուսուցիչները, սակայն, համոզված են՝ վաղ թե ուշ միանալու են այդ «կամրջի» երկու ափերը, եւ Գարդմանաց աշխարհում շքեղ տունդարձի տոն է լինելու:
Գեւորգ Լալայան
Գանձակ, 1983թ.: Խ.Աբովյանի անվան թիվ 10 հայկական միջնակարգ դպրոցի 1982-83թթ. ուստարվա շրջանավարտները: Ձախից՝ շրջանավարտման 40-ամյակին նվիրված գիրք-ալբոմի շապիկը: