Հայաստանում 2020 թվականի հունվարի 1-ից բարձրացվող մաքսատուրքերի մասին շատ է գրվել: Ավելի քան 300 անուն ապրանքատեսակների համար պետք է մտցվեն նոր սակագներ: Փորձագետները կանխատեսում են, որ առաջին անհրաժեշտության ապրանքները, էլ չասած ոչ պարենայինը, սպառողների համար կարող են թանկանալ շուրջ 10 տոկոսով: Բայց մեզ այլ բան է հետաքրքրում: Բոլորն արդեն գիտեն, թե ինչպես է հաշվարկվելու այս հարկը ներկրվող մեքենաների մաքսազերծման համար՝ կախված մեքենայի նոր (թողարկման օրվանից մինչեւ երեք տարի) կամ գործածված լինելուց: Եվ, չգիտես ինչու, բոլոր վճարումները պետք է կատարվեն եվրոյով, այլ ոչ թե դոլարով, ինչպես ներկայացված է Մաքսային միության բոլոր փաստաթղթերում` միության անդամ պետությունների միջեւ փոխադարձ կարգավորման համար: Հաշվարկի հիմքում դրված է շարժիչի ծավալը՝ խորանարդ սանտիմետրով: Քաղաքացիները յուրաքանչյուր խորանարդ սանտիմետրի համար պետք է վճարեն 2,5 եվրո, եթե մեքենան նոր է (մինչեւ երեք տարի) եւ 3,5 եվրո, եթե հին է:
Հիմա տեսնենք, թե ինչպիսի մեքենաներ են առավելապես ներկրվում Հայաստան: Դրանք 1,4-2,5 լիտր ծավալով (1400 - 2500 խորանարդ սանտիմետր) շարժիչ ունեցող մեքենաներն են: 2012-2013 թվականների արտադրության՝ 2,5 լիտր ծավալով շարժիչ ունեցող արդեն մաքսազերծված մեքենան միջին հաշվով կարելի է շուկայում գնել 8-10 հազար դոլարով: Դրանք հիմնականում ներկրվում են Ճապոնիայից, ԱՄՆ-ից եւ Հարավային Կորեայից, որտեղ վաճառվում են գործածված մեքենաների աճուրդում: Գալիք տարում նման մեքենայի միայն մաքսային արժեքը՝ չհաշված մյուս հարկերը (ավելացված արժեք, շրջակա միջավայր), կկազմի 8750 եվրո կամ ներկայիս փոխարժեքով՝ 9700 ԱՄՆ դոլար:
Մաքսատուրքերի հիմնական նպատակն է ներմուծվող ապրանքի գնի հավելման հաշվին համալրել պետական գանձարանը եւ, որ նույնպես շատ կարեւոր է, դրանով խթանել ազգային տնտեսության երիտասարդ կամ նոր կազմավորվող ճյուղերն ու պաշտպանել նմանատիպ ապրանքատեսակների արտադրության սեփական շուկան: Ինչպես հայտնի է, Հայաստանն ավտոմեքենաներ արտադրող երկիր չէ: Ումի՞ց է նա պաշտպանում սեփական շուկան: Աշխարհում ինչ-որ տեղ կա՞ն այնպիսի մաքսային սակագներ, որոնք երբեմն նույնիսկ ավելի մեծ են, քան հիմնական արտադրանքի գինը: Ընդ որում՝ նկատենք, ինչպես ասում էր «դասական գործարար» Օստապ Բենդերը, մեքենան շքեղություն չէ, այլ՝ փոխադրամիջոց: Հասկանալի կլիներ՝ եթե ինչ-որ մեկը ներմուծեր շքեղության առարկաներ`ոսկի, ադամանդ, որոշակի ճանաչում ունեցող մշակութային արժեքներ` նկարներ, քանդակներ, հնաոճ իրեր: Բայց սա անմիջականորեն մեքենայի հարկ է, ոչ թե անհատական արտադրության եզակի արտադրանքի՝ Bentley-ի, Rolls-Royce-ի կամ Maseratti-ի, որի գինը մեկ միլիոն դոլարից ավելի է: Այստեղ գործ ունենք ցածրակարգ եւ միջին կարգի զանգվածային արտադրության ավտոմեքենաների հետ, որոնք որեւէ արժեք չեն ներկայացնում:
Հիմա տեսնենք, թե Մաքսային միության երկրներից ում է ձեռնտու այս ամենը: Ղազախստանն ու Բելառուսը այս կարգի մեքենաներ չեն արտադրում: Բայց Ռուսաստանն արտադրում է: 1970 թվականից Ռուսաստանը արտադրում է «ԼԱԴԱ» մակնիշի մեքենաներ, որոնք իրենց որակով, հուսալիությամբ, դիզայնով ու անվտանգությամբ չէին կարող եւ այժմ էլ չեն կարող մրցակցել նույնիսկ Եվրոպայում, Ճապոնիայում կամ Հարավային Կորեայում գործածված մեքենաների հետ: Հարկ է նշել, որ 2016 թվականին «ԱվտոՎԱԶ»-ի վերակազմավորումից հետո Renault-ը դարձավ ընկերության ավելի քան 50 տոկոսի սեփականատերը, որն այն դարձրեց ֆրանսիական կորպորացիայի դուստր ձեռնարկություն: Սակայն դա գործնականում չփոխեց «Ժիգուլի»-ների վիճակը: Մոտավորապես նույն՝ «LADA (ВАЗ) Vesta I» դասի ժամանակակից բոլորովին նոր «Ժիգուլին» արժե 10-11 հազար դոլար:
Ստացվում է՝ Հայաստանում գնորդը, որը 16-17 հազար դոլար է ծախսում արտասահմանյան հինգ տարվա վաղեմության մեքենա գնելու համար, կգերադասի ռուսական արտադրության մեքենան, քանի որ դրա մաքսազերծումը ոչինչ չի արժենա: Բայց եթե նա, այնուամենայնիվ, նախընտրում է Toyota-ն կամ Mazda-ն, ապա դեռ պետք է վճարի մաքսային արժեքը, որը մոտավորապես ռուսական նոր մեքենայի գնի չափ է: Փաստորեն՝ ներկրված յուրաքանչյուր հին մեքենայի համար մենք դեռ պետք է մաքսատուրք վճարենք, որը հավասար է նոր «ԼԱԴԱ»-ի գնին:
Երկու տարբերակների դեպքում էլ շահում է ռուս արտադրողը, եւ մենք կամա-ակամա դրան աջակցում ենք, քանի որ Հայաստանում գնված մեքենայի մաքսատուրքը չի մտնում Հայաստանի բյուջեն, այլ գնում է Մաքսային միության երկրների «ընդհանուր կաթսա»: Իսկ Հայաստանին, միանգամայն արդարացիորեն, մնում է Մաքսային միության բոլոր պետությունների ներմուծման մաքսատուրքերի ընդհանուր գումարի միայն 1,2 տոկոսը:
Միգուցե հեղինակը՝ կրթությամբ տնտեսագետ չլինելով, ինչ-որ տեղ սխալվում է, թող մասնագետներն ուղղեն: Բայց փաստը, որ տվյալ դեպքում մենք աջակցում ենք ռուսական ավտոարդյունաբերությանը, անկասկած է:
Ո՞րն է տրամաբանությունը:
Կարապետ Կալենչյան