Հինգշաբթի, Հունիսի 27, 2019

Ազատ ամբիոն

Հայաստանի մերձքաղաքական «ֆոլկլորը»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Երեւանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի բացարձակ հաղթանակը շատերի մեջ բազմաթիվ հարցեր առաջացրեց Հայաստանում նոր ձեւավորվող քաղաքական դաշտի առնչությամբ. արդյո՞ք նման պայմաններում կարող է ստեղծվել զսպումների եւ հակակշիռների մեխանիզմ կամ ձեւավորվել առողջ մրցակցային պայքար, արդյո՞ք հերթական անգամ քաղաքական դաշտը չի միակուսակցականացվի եւ պայքարը դարձյալ չի լինի անձերի, այլ ոչ թե գաղափարների ու ծրագրի միջեւ, եւ այլն:

Եթե հետադարձ մի հայացք ձգենք նախընտրական քարոզարշավի 12 օրերին, կտեսնենք, որ առարկայական քաղաքական պայքար՝ որպես այդպիսին, իրականում չէր ծավալվել: Խաղի կանոններն ամբողջությամբ թելադրում էր «Իմ քայլը» դաշինքը՝ մյուս հավակնորդներին դարձնելով մի տեսակ հակազդակ եւ ինքնուրույն գործունեություն ծավալելու հնարավորությունից զուրկ: Նրանց խաղը պարզապես չէր ստացվում. ոմանց թիմերը քանդվում էին, մյուսների մոտ բացակայում էր խաղի ռազմավարությունը, իսկ ոմանք էլ պարզապես խաղալ չգիտեին. որ կողմ փորձում էին հարվածել՝ միայն սեփական դարպասն էին խոցում:

Ակնհայտորեն՝ ինչպես հին, այնպես էլ համեմատաբար նոր ստեղծված քաղաքական ուժերը ողջ ընտրապայքարի ընթացքում այդպես էլ չկարողացան ըմբռնել նոր խաղի կանոնները եւ, փաստացի, դուրս մնացին ընտրապայքարից: Գրեթե բոլորը մեղքը սկսեցին բարդել հաղթող ուժի վրա՝ պնդելով, թե վարչական լծակներ էին օգտագործվում, վարչապետը «հակահեղափոխության» առասպելն էր բանեցնում, «սեւ-սպիտակի» էին բաժանում, քաղաքացիներին մանիպուլյացիաների էին ենթարկում, եւ սա ոչ թե Երեւանի քաղաքապետի ընտրություն էր, այլ վարչապետի վստահության քվե, ու այսպես շարունակ:

Իրականում հետհեղափոխական Հայաստանի առաջին ընտրությունները բացահայտեցին մի պարզ իրողություն, որը կարծես թե բոլորը շատ լավ տեսնում էին, սակայն չէին նկատում կամ, միգուցե, չէին ցանկանում նկատել. երկրում գրեթե չէին մնացել քաղաքական ուժեր, որոնց ներկայի վիճակը՝ թե՛ գաղափարապես, թե՛ կազմակերպչորեն, թույլ կտար նոր պայմաններում ունենալ կայուն ընտրազանգված եւ ներկայացնել վստահելի այլընտրանք:

Գաղտնիք չէ, որ ամայացած քաղաքական դաշտն աշխուժացնելու եւ երկրի արագ զարգացումն ապահովելու համար այսօր հրամայական է դարձել տարբեր քաղաքական հայացքներ ու արժեհամակարգեր դավանող կուսակցությունների ձեւավորումը եւ դրանց մուտքը քաղաքական դաշտ: Խոսքն իրենց թարմ ասելիքը եւ հստակ տեսլականն ունեցող քաղաքական ուժերի մասին է: Եթե նախկինում կուսակցությունը ստեղծվում էր քրեաօլիգարխիայի միջեւ կապիտալի բաժանման ստատուս-քվոն պահելու համար, իսկ ընտրություններում ամեն բան նախապես կանխորոշված էր ու դրանց անցկացումը պարզապես տեխնիկական բնույթ էր կրում, ապա հիմա իրավիճակը լրիվ այլ է. ընտրություններն ամենաքաղաքական գործընթացն են, եւ այդ գործընթացում հաջողում է այն քաղաքական ուժը, որն ի զորու է հանրորեն ճանաչելի ու համոզիչ դարձնել սեփական գաղափարի եւ դրա մարմնավորման ճանապարհային քարտեզի կենսունակությունը:

Եվս մեկ կարեւոր հանգամանք. վարչակարգի հեռացմամբ՝ նախկինում քաղաքական ուժերի հռչակած թիրախները կորցրել են իրենց արդիականությունը: Ներկայում նոր թիրախներ ուրվագծելու համար պետք է նորովի վերակառուցել կուսակցությունների գաղափարական ուղենիշներն ու կազմակերպական-կառուցվածքային սկզբունքները, ձերբազատվել հին մոտեցումներից ու պատկերացումներից, այլապես հին մոդելների շարունակական արտապատկերումը միայն արագացնելու է քաղաքական ուժերի գահավիժումը:

Նա, ով կփորձի մնալ նախկին իր դերի մեջ՝ մերձքաղաքական «ֆոլկլորից» ոչ հեռու, եւ նոր իշխանություններին չափել հների արշինով, շատ արագ կհամոզվի, որ ՀՀ քաղաքական դաշտում այլեւս ասելիք չունի: Առավել եւս՝ անելիք:

Մարինա Մուրադյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am