Երեքշաբթի, Ապրիլի 30, 2024

Ազատ ամբիոն

Գոնե պատմությանը չխաբեն…

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Տարբերությունը մեծ է «բռնատեղահանված» եւ ուղղակի «տեղահանված» բառերի։ Սեպտեմբերի 19-20-ի պատերազմական մղձավանջը չլիներ, մենք դեռ Արցախում կլինեինք` մեր աշխատանքին, մեր առօրյա կյանքով:

Արցախցին սուսուփուս, հենց այնպես իր տնից դուրս եկողը չէր, չխուսափենք «բռնի տեղահանություն» բառեզրի գործածությունից, երբ, ցավոք, վերջերս ՄԱԿ-ն էլ համարեց, որ էթնիկ զտում չկար Արցախում, միաժամանակ Իսպանիայի Գրանադա քաղաքում քառակողմ հանդիպման ժամանակ եւս համարեցին, որ մեր ժողովուրդն ընդամենը տեղահանվել է։

Այդ ինչպե՞ս ստացվեց, որ արցախցիները, առանց վտանգի սպառնալիքի, հեռացան իրենց հայրենիքից, այն էլ այն դեպքում, երբ ինն ամսից ավելի հաղթահարեցին բազում աղետներ, բայց չցանկացան թողնել նախնիներից մեզ հասած մի կտոր երկիրը։

Ստացվեց այն, որ տեղի ունեցավ 18 խաղաղ բնակիչների սպանություն, որոնցից 6-ը՝ երեխա, հարյուրավոր զոհեր, վիրավորներ, անհայտ կորածներ, գրավված գյուղեր, ճանապարհներ, շրջափակված քաղաքներ… արդյո՞ք անվտանգ էր արցախցիների կյանքը, երբ հանկարծ որոշեցին թողնել տունուտեղ, գերեզմաններ ու հեռանալ:

Իզուր չի ասված՝ ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր։ Արդեն քանի ամիս ցանկացան բացել կույր աչքեր, որ Արցախում ցեղասպանության վտանգ կա, ցավոք, ում ձեռնտու չէր՝ կույր ձեւացավ։ Այս օրերին էլ խլացած ու կուրացած ձեւացան թե՛ երկրներ, թե՛ միջազգային կազմակերպություններ, որ թղթին չհանձնեն այն մեծ ճշմարտությունը, որ Արցախի հայությունը ցեղասպանության վտանգից փրկվեց՝ մազապուրծ հասնելով Հայաստան։

Իսկ ովքեր դեռ հույս են փայփայում, որ 40-50 հազար հայ կարող է վերադառնալ Արցախ ու ապահով ապրել ադրբեջանցիների հետ, թող իրենց վերադարձով օրինակ ցույց տան: Մի բան շատ պարզ է՝ որեւէ արցախցի, որեւէ հայ մարդ չի կարող իր ընտանիքը, իր երեխայի անվտանգությունը թողնել թուրք-ազերու բարեգթությանը:

Աշխարհը պատերազմների թատերաբեմ է դարձել գերտերությունների ձեռքին, ցավալին է արձանագրվում՝ նրանց վարած կեղտոտ խաղերում ժողովուրդն է կրում բոլոր տառապանքներն ու դառնությունները…

Հայրենազուրկ դարձանք, դափ-դատարկ դռնեդուռ ընկանք, գոնե հիմա այն ձեւական փաստաթղթերում ճշմարտությունն արձանագրեն, փախստականի կարգավիճակի շուրջ ձեռնածություններ չանեն, գոնե պատմությանը չխաբեն այս անխիղճ, անաստված ստահակները:

 

Նատաշա Պողոսյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: