Եվ այսպես, հոկտեմբերի 23-ին Թեհրանում տեղի ունեցավ լայնորեն ծանուցված՝ «3+3» ձեւաչափով հանդիպումը, որին մասնակցեցին Հարավային Կովկասի երեք երկրներից երկուսը (Վրաստանն ի սկզբանե հրաժարվել էր մասնակցել) եւ նրանց հարեւան երեք խոշոր տերությունները՝ Իրանը, Թուրքիան եւ Ռուսաստանը: Քարտեզն ուշադիր նայելիս՝ կտեսնենք, որ աշխարհաքաղաքական առումով այս ձեւաչափն ամենատրամաբանականն է, եւ հիշյալ մեծ տերությունների միջեւ ուժերի հավասարակշռությունից են կախված հարավկովկասյան երեք երկրների ճակատագրերը:
Պատմականորեն՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի միջեւ միշտ արյունալի պատերազմներ են ընթացել՝ Կովկասում գերակա դիրք գրավելու համար, որոնք դադարել էին Խորհրդային միության ստեղծումից հետո, երբ «երկաթյա վարագույրը» կայուն վիճակ էր ստեղծել: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո տարածաշրջանում պատերազմները վերսկսեցին, իսկ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո, երբ Ռուսաստանի թուլացմանը զուգընթաց՝ Թուրքիան, կարծես թե, գերակա դիրքի հասավ, վերջինիս դաշնակից Ադրբեջանը կարողացավ գրավել ամբողջ Արցախն ու սպառնալ Հայաստանին:
Պատահական չէ, որ թեհրանյան հանդիպման օրը Իրանը Հայաստանի հետ փաստաթուղթ ստորագրեց «Հյուսիս-Հարավ» մայրուղու Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցման վերաբերյալ։ Սա աշխարհաքաղաքական կարեւոր նշանակության համաձայնագիր է, որով Իրանը «մտավ» Կովկաս եւ դարձավ տարածաշրջանի խաղացողներից մեկը։ Իրանի համար այս ճանապարհն իր ազգային շահերի շրջանակում է, ինչը նշանակում է, որ եթե Թուրքիան եւ Ադրբեջանը փորձեն ագրեսիա իրականացնել ընդդեմ Սյունիքի, Իրանը կունենա այն պաշտպանելու օրինակարգ հիմք՝ ի դեմս Սյունիքում ներդրած տնտեսական, ինչու չէ՝ նաեւ քաղաքական ու աշխարհաքաղաքական նշանակության հաղորդակցության։ Սա որոշ չափով վերականգնում է ուժերի հավասարակշռությունը, որը խախտվել էր 2020-ից հետո, երբ Թուրքիան դարձավ հիմնական խաղացող, եւ Ռուսաստանը նույնիսկ ստիպված եղավ գնալ զիջումների։
Պատերազմից հետո այն հավասարակշռությունը, որ տարածաշրջանում գոյություն ուներ Ռուսաստանի ճնշող ազդեցության տեսքով, խախտվեց հօգուտ Թուրքիայի, ուստի այն վերականգնելու համար անհրաժեշտ էր մեկ այլ կողմի ի հայտ գալը։ «3+3»-ի հարթակն անհրաժեշտ էր, որպեսզի այս խոշոր դերակատարները՝ պլյուս Հարավային Կովկասի երեք երկրները, համաձայնության գան։ ԱՄՆ-ը կանխեց այս ձեւաչափը։ 2020թ.-ին, երբ Վրաստանը տվել էր համաձայնությունը, Թբիլիսի այցելեց ԱՄՆ պաշտպանության նախարարը, որից հետո Վրաստանը հայտարարեց «3+3»-ին իր չմասնակցության մասին:
Թեպետ Վրաստանի համար կարեւոր էր Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ ուժերի խախտված հավասարակշռության վերականգնումը, սակայն ԱՄՆ-ի ճնշման տակ նա առայժմ ձեռնպահ է մնում: Առհասարակ՝ կողմերից յուրաքանչյուրն իր նախընտրությունն ուներ. Թուրքիայի համար ցանկալի էր այնպիսի պլատֆորմ, որտեղ Իրանը չլիներ, քանի որ Հայաստանով անցնող միջանցքի հարցում նրանց շահերը չէին համընկնում։ ՌԴ-ն ընդհակառակն՝ շահում է Իրանի ներկայությունից, քանի որ առանց Թեհրանի չի կարող ապահովել իր ներկայությունը Հարավային Կովկասում: Հենց Իրանի զսպող գործոնի շնորհիվ է, որ Անկարան եւ Բաքուն չեն դիմում ռազմական ուժի կիրառման։
Եթե Իրանը լուրջ ազդեցություն ունի Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում, ապա չի կարող ազդեցություն չունենալ իր սահմանների մոտակայքում, ընդ որում՝ հարաճուն ազդեցություն: Սա մեզ ձեռնտու է։ Միաժամանակ՝ բուն Իրանի համար մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները շատ ավելի կարեւոր են, քան այն, ինչ կատարվում է Գազայում։ Այնտեղ կատարվողն ավելի շուտ քարոզչական բնույթի է՝ իսլամական աշխարհում Իրանի ազդեցության առումով։ Մինչդեռ հարավկովկասյան զարգացումները նրա համար ունեն գոյաբանական բնույթ, քանզի Իրանի ներսում ադրբեջանական անջատողականության սպառնալիքներ կան: