Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Ազատ ամբիոն

Քոչարյանի մեղադրանքները եւ իրականությունը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Նոյեմբերի 8-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոդված էր գրել «Սպուտնիկ Արմենիայում», որտեղ ներկայացրել էր աշխարհի ընթացիկ զարգացումների, երկրի ներքաղաքական կյանքի եւ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ իր տեսլականը: Խոսելով համաշխարհային քաղաքականության նոր փուլի մասին, հեղինակը պնդում է, որ «ստեղծված իրավիճակում Հայաստանի համար Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունը դառնում է ավելի կարեւոր եւ ակնհայտորեն այլընտրանք չունեցող»:

Այնուհետեւ հարց է տալիս. «Արդյո՞ք Հայաստանի իշխանությունները գիտակցում են աշխարհում տեղի ունեցող գործընթացների բարդությունը եւ դրանցից բխող սպառնալիքները»: Եվ ինքն էլ անմիջապես պատասխանում իր հարցին. «Որեւէ նման գիտակցման նախանշաններ չկան, եւ դրա պատճառները շատ ավելի խորն են, քան պարզապես աշխարհաքաղաքականության ոչ ճիշտ ընկալումը եւ միակողմանի «աշխարհայացքը»:

Բայց արդյո՞ք Չինաստանի, Ճապոնիայի, Սինգապուրի, Իրանի, Իսրայելի, Վրաստանի, Հայաստանի բարեկամ եվրոպական երկրների հետ համագործակցությունն արգելված է կամ դա սպառնալիք է նրա անվտանգության համար՝ ե՛ւ ռազմական, ե՛ւ տնտեսական առումով: Եվ արդյո՞ք նույն Ռուսաստանի հետ ներկայիս իշխանությունների համագործակցությունն ինչպես երկկողմ հարաբերությունների շրջանակներում, այնպես էլ ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ միջոցով անբավարար է: Արդյո՞ք Հայաստանը թարմ շունչ չբերեց ԵԱՏՄ-ի զարգացմանը՝ կազմակերպելով Իրանի, Մոլդովայի եւ Սինգապուրի առաջնորդների ներկայությունը Եվրասիական բարձրագույն տնտեսական ֆորումում: Ի վերջո, Պուտինը դա ուղղակիորեն մատնանշեց: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ նորերս Հայաստան կատարած այցը եւս մեկ անգամ հաստատեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը ունեն բարիդրացիական հարաբերություններ եւ հուսալի ռազմավարական գործընկերություն` ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսական ոլորտում:

Իր այս «աշխարհաքաղաքական վերլուծությամբ» Քոչարյանը բոլորիս հասկացրեց, որ ժամանակին ինքը տեղյակ է եղել «ելքային սպառնալիքների մասին» եւ անում էր ամեն ինչ՝ հանուն երկրի անվտանգության, իսկ ներկայիս իշխանությունների անհեռատես արտաքին քաղաքականության պատճառով ոչ միայն Հայաստանի ապագան է վտանգված, այլեւ՝ Արցախի: Բայց, կներեք, ո՞րն էր Քոչարյանի հեռատես արտաքին քաղաքականությունը եւ, հետեւաբար, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից այդ քաղաքականության հետեւողական շարունակությունը, որն ի վերջո, հանգեցրեց 2016-ի Ապրիլյան պատերազմին եւ այդ «հեռատեսության» համար իրենց կյանքով հատուցած հարյուրից ավելի խիզախ հայորդիների մահվան:

Անդրադառնալով երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակին, հեղինակը նշում է, որ «կառավարությունը եւ խորհրդարանական մեծամասնության առանցքը կազմված են ամերիկյան դրամաշնորհներից սնվող մարդկանցից: Մամուլի աջակցությունն իշխանություններին ցուցաբերվում է բացառապես արեւմտամետ լրատվամիջոցներով, որի առաջնագծում «Ազատություն» ռադիոկայանն է: Բոլոր իշխանամետ կուսակցությունները, քաղաքական գործիչներն ու հասարակական կազմակերպությունները ունեն հստակ հակառուսական կողմնորոշում եւ սովորաբար ապավինում են արեւմտյան ֆինանսավորմանը»: Ահա մերկապարանոց մեղադրանքների մի ամբողջ շարան: Բայց ո՞ւր են խորհրդարանի, կառավարության, նախագահի աշխատակազմի անդամների հակառուսական կողմնորոշման կոնկրետ օրինակները: Օրինակներ չկան:

Փոխարենը կան բազմաթիվ լրատվամիջոցներ, որոնք ֆինանսավորվում են նախկին Հանրապետական ​​կուսակցության կողմից: Ինքը՝ Քոչարյանը, նույնիսկ նրան մեղադրանք առաջադրելուց հետո, ստեղծել է TV-5 հեռուստաալիքը, որի էկրանից առավոտից մինչեւ ուշ երեկո, մեղմ ասած, քննադատության թիրախում են Հայաստանի ներկայիս իշխանությունները: Այս ամենը վկայում է, որ իշխանություններն առանց բացառության բոլորին հնարավորություն են տալիս ԶԼՄ-ներով արտահայտվելու: Բայց հնարավո՞ր էր սա Քոչարյանի օրոք: Հիշեք, թե ինչպես նա փակեց «A1+» հեռուստաալիքը: Ուսանելի պատմություն:

Ամենատխուրն այն է, որ Մոսկվայի մասին անզուսպ գովասանքի ձոները եւ հակառուսական գործունեության ու կողմնորոշման համար ներկայիս իշխանություններին ուղղված մեղադրանքները մեկ նպատակ են հետապնդում՝ փրկել սեփական անձը: Եվ այս ամենը՝ թաքնված երկրի համար անհանգստության քողի տակ: Բայց չէ որ առիթ եղել է իր նախագահության օրոք հոգալու երկրի մասին: Հնարավորություն կար արմատախիլ անելու կոռուպցիան, որն արդեն նրա օրոք դարձել էր պետության տնտեսական համակարգի ինստիտուցիոնալ հիմքը:

Պարզապես, որքան էլ որ դժվար լինի, պետք է տղամարդ լինել՝ ընդունելու համար սեփական սխալները: Ցավոք, սա շատերին տրված չէ:

 

Կարապետ Կալենչյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: