International Alert կազմակերպության «Խաղաղության տեսլական. Ղարաբաղյան հակամարտության մասին կարծիքների վերլուծություն» ուսումնասիրության արդյունքները բազմաշերտ են ու ամենատարբեր խորհրդածությունների տեղիք տվող, բայց կուզենայի ուշադրությունը սեւեռել մի քանի կարեւոր հանգամանքների վրա։
Մարդիկ սկսել են քննադատաբար մտածել
Ինչպես ընդգծել են մեր փորձագետները, հակամարտության գոտում գտնվող բոլոր երեք հանրություններում հստակ միտում է նկատվում։ Այն հետեւյալն է՝ մարդիկ սկսել են քննադատաբար իմաստավորել հակամարտությունն ու դրա հետեւանքները։ Ինչ խոսք, հարցված մարդկանց կարծիքներում դեռեւս անզեն աչքով էլ նկատելի են պետական քարոզչության արդյունքներն ու հետեւանքները, բայց գնալով նվազում է պետական քարոզչության արդյունավետությունը, քանի որ մարդկանց մի զգալի մասն արդեն «հալած յուղի» տեղ չի ընդունում այդ քարոզչության կարծրատիպերն ու կարգախոսները։
Այսպես, մեր գործընկեր, այդրբեջանցի փորձագետ Շահին Ռզաեւին հաճելիորեն զարմացրել են անկեղծ պատասխաններն այն հարցին, թե Ղարաբաղում խաղաղության կնքման դեպքում պատրա՞ստ են, արդյոք, փախստականները վերադառնալ իրենց շրջանները։ Հաճախ պետական եւ, նույնիսկ, անկախ լրատվամիջոցներում լսում ենք այսպիսի պատասխան՝ «այո, իհարկե, որպես մեկ մարդ կվերադառնանք»։ Հավանաբար, հարցազրույց տվողները ենթադրում էին, որ իրենց ասածները կարդալու են նաեւ ռազմաճակատի մյուս կողմում, ու եթե իրենք պատասխանեն՝ «թողեք մտածենք՝ չէ՞ որ երեսուն տարի է անցել, եւ մենք այստեղ բնավորվել ենք՝ ինչպե՞ս թողնենք այս ամենը», ապա դա այնքան էլ հայրենասիրական չէր լինի։ Ավելին՝ փորձանք կբերեն իրենց գլխներին։ «Ինձ թվում է, որ մարդկանց այսօրինակ կասկածներն արդարացված են,- գրում է նա։- Մարդիկ վախենում են վերաբնակեցման ավտորիտար որոշումից։ Վերաբնակեցնելու են ամենաթույլերին ու ամենաաղքատներին, եւ դա բախումներ կառաջացնի հենց հարկադիր տեղահանվածների մեջ։ Նաեւ՝ սա կոռումպացված պաշտոնյաների համար եկամտի նոր աղբյուր կլինի»։
Ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ նա եւ ադրբեջանցի մեկ այլ փորձագետ՝ Անար Էյուբովը, փաստել են մի կարեւոր հանգամանք եւս՝ որոշ հարցվողներ գիտակցում են քարոզչության բացասական դերը, մեր փորձագետներին հատկապես ուրախացրել էր դպրոցական դասագրքերի ու քարոզչության նկատմամբ բացասական վերաբերմունքը։ Մարդիկ սկսել են քննադատաբար մտածել, դադարել են հավատալ «թերթին կամ հեռուստացույցին», անգամ եթե դա «մեր հեռուստացույցն է՝ փաստել են նրանք։
Ինչու՞ եմ շեշտում հատկապես ադրբեջանցի փորձագետների կարծիքները։ Որովհետեւ Արցախում եւ Հայաստանում սովորաբար մեզ՝ խաղաղարարության մեջ ներգրավված անձանց ու կազմակերպություններին, քննադատում են մեր միակողմանի ջանքերի համար՝ պնդելով, թե Ադրբեջանում ոչինչ չի փոխվում։ Այս հետազոտությունը ցույց է տալիս, որ ստատիկ վիճակ չկա ոչ մի տեղ, այդ թվում՝ նաեւ Ադրբեջանում։
Ուսումնասիրությունը մի հետաքրքիր փաստ էլ է արձանագրել, ինչի մասին խոսել են մեր փորձագետները, հատկապես մեր աբխազ գործընկեր Արդա Ինալ-Իփան։ Սահմանամերձ բնակչությունն ավելի լոյալ է արտահայտվում իշխանությունների հասցեին, հատկապես՝ Ադրբեջանում։ Մայրաքաղաքներում եւ շփման գծից հեռու բնակավայրերում հաճախ կարելի էր ցասումնալից խոսքեր լսել սեփական կառավարության հասցեին (շատ քիչ՝ Լեռնային Ղարաբաղում), ընդ որում՝ եթե Հայաստանում քննադատությունն ավելի շատ վերաբերում էր կոռուպցիային, բյուջետային միջոցների փոշիացմանն ու անարդյունավետ կառավարմանը, ապա ադրբեջանցի որոշ հարցվածներ փաստորեն խոսել են նաեւ սահմանային սրացումների գործիքակազմի գոյության մասին՝ նշելով, որ սահմաններին անկայունությունը երբեմն արհեստականորեն հրահրվում է իշխանությունների կողմից։
Ինչ վերաբերում է իշխանությունների հանդեպ բնակչության այս շերտի լոյալությանը, ապա, կարծում եմ, մեդալի մի երեսը նրանց նվազ պաշտպանված լինելն է (ասենք՝ ոստիկանը մայրաքաղաքում եւ ոստիկանը սահմանամերձ գյուղում միանգամայն այլ կշիռ ունեն գյուղացիների աչքում)։ Մեդալի մյուս երեսը հետեւյալն է՝ նրանք ավելի շատ օգնության ու աջակցության կարիք ունեն իշխանությունների կողմից, ուստիեւ ավելի շատ են երախտապարտ նրանց։
Մարդիկ մերվել են հակամարտությանը
Ինչպես նշում է մեր վրացի փորձագետ Ջանա Ջավախիշվիլին, հարցվածների շրջանում մի հետաքրքիր միտում է նկատվել՝ հակամարտությունը դարձել է նրանց գոյության սովորական մոդուս, կյանք՝ հակամարտությունում կամ հակամարտության հետ։ Սա միախառնվել է նրանց ինքնությանը, ուստի նրանք չեն կարողանում իրենց պատկերացնել հակամարտությունից դուրս եւ առանց հակամարտության։ Ելնելով դրանից՝ հակամարտության բացակայությունն ու դրա վերացումը նրանց շրջանում առաջ են բերում ինքնության ճգնաժամ, եւ շատ հնարավոր է, որ այն մարդիկ, ում ինքնությանը միախառնվել է հակամարտությունը, դեմ լինեն դրա լուծմանը։
Ոմանց շատ վիճելի է թվում այս պնդումը, բայց անձամբ ես կարող եմ հիմնականում կիսել այն եւ, ի զորակցություն, պատմել ղարաբաղյան մի անեկդոտ (անեկդոտները երբեմն ավելի լավ են բնութագրում իրավիճակը)։
Միջնորդները ճարահատյալ ներկայացնում են առաջարկությունների վերջին փաթեթը, ըստ որի՝ արցախցիներին պիտի տեղափոխեն Ավստրալիա՝ անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծելով նրանց համար։
- Պա մեր պապերի շիրիմնե՞րը,- վրդովված հարցնում են արցախցիները։
- Ժամանակակից տեխնիկայով ու գիտական մեթոդներով կտեղափոխենք՝ մի անհանգստացեք։
- Պա մեր վա՞նքերը։
- Քար առ քար կհամարակալենք, կտեղափոխենք ու նույն ձեւով կկառուցենք՝ մի անհանգստացեք։
- Պա մեր թո՞թը։
- Տնկիները կտանենք ու այնտեղ կաճեցնենք՝ մի անհանգստացեք։
Արցախցին վերջին հարցն է տալիս՝
- Պա մեր թո՞րքը…
Մենք պարտք ենք սահմանամերձ բնակչությանը
Մեր փորձագետներն իրենց վերլուծություններում խոսում են այն մեծ անարդարության մասին, որ թույլ է տրվում բնակչության այս խոցելի շերտի նկատմամբ։ Ընդ որում, այս առումով միանգամայն համանման իրավիճակ է ստեղծվել հակամարտության բոլոր կողմերում։ Ինչպես նշում է մեր աբխազ գործընկեր Արդա Ինալ-Իփան՝ այս մարդիկ հակամարտության պատանդն են դարձել, նրանք դարձել են սահմանների ամրապնդման արդյունավետ եւ էժան միջոց, ինչը կենտրոնական շրջանների բնակչության մեծամասնությանը հնարավորություն է տալիս իրենց հարաբերականորեն հանգիստ զգալ (խաղաղ կյանքն արդեն ձեռք է բերվել, այն, ինչ կատարվում է՝ կատարվում է սահմաններին)։
Մեր մեկ այլ աբխազ փորձագետ՝ Լիանա Կվարչելիան էլ հարցումներից արել է հետեւյալ եզրահանգումը՝ մայրաքաղաքները ծայրագավառներին վերաբերում են որպես բուֆերի, որը հարկ է ամրացնել միայն զինուժով։ Ռազմական կարիքների շրջանակներից դուրս սահմանամերձ շրջանները չեն գտնվում իշխանությունների ու մայրաքաղաքների բնակչության ուշադրության կենտրոնում։ Հարկ է ուշադրություն դարձնել սահմանամերձ բնակչության աջակցության, սահմանամերձ շրջանների տնտեսական զարգացման համար պայմանների ստեղծման, ներքեւից եկող նախաձեռնությունների խրախուսմանը։ Հարկ է նաեւ մայրաքաղաքներում աշխատանքներ տանել սահմանամերձ բնակչության նկատմամբ սպառողական վերաբերմունքի հաղթահարման ուղղությամբ։
Ու՞մ է պետք այս ուսումնասիրությունը
Թե հարցումների անցկացման ժամանակ եւ թե առաջին քննարկումներում մեզ հարցնում էին՝ իսկ ու՞մ է պետք այս ուսումնասիրությունը։ Հարցն արհամարհական երանգներ չուներ, մարդիկ պարզապես ուզում էին հասկանալ գործնականում դրա կիրառման հեռանկարները։
Տեսեք, թե ինչպես է այս հարցին պատասխանում Շահին Ռզաեւը՝ «Ի՞նչ անել պատասխանների այս վերլուծությունը։ Արդյո՞ք պետք է, որ խաղաղ բանակցություններ վարող քաղաքական գործիչներն իմանան իրական պատկերը։ Վախենամ՝ ոչ այնքան։ Այդ դեպքում ինչի՞ համար է արվել այս հսկայական աշխատանքը։ Միգուցե բարձրագոչ լինի, բայց իմ պատասխանը հետեւյալն է՝ պատմության համար, ապագա սերունդների համար։ Երբեւէ կգրեն ղարաբաղյան հակամարտության ու դրա խաղաղ կարգավորման տարեգրությունը, եւ այդ ժամանակ այս գործն իր արժանի տեղը կզբաղեցնի»։
Բայց միա՞յն պատմության համար։
Կարծում եմ՝ այնուամենայնիվ, այն պետք է գալու իշխանություններին, բուն հանրություններին եւ, իհարկե, միջնորդներին։ Վերջիններիս մասով կուզեի հետեւյալ օրինակը բերել։ Որոշ ժամանակ առաջ հայ հանրությունն աշխուժորեն քննարկում էր Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունը՝ պաշտոնը լքելու ժամանակ։ Մարդիկ խիստ քննադատաբար վերաբերվեցին այդ հայտարարությանը։ Մինչդեռ դեսպանը պարզապես փաստել էր իրողությունը՝ հայ հանրությունը կտրականապես դեմ է տարածքների վերադարձին։ Ըստ երեւույթին, Հայաստանի նախկին իշխանությունները միջնորդներին միանգամայն այլ պատկեր էին ներկայացնում։ Այնպես որ՝ իրական պատկերը միշտ էլ գերադասելի է։ Այդ պատկերը կարող է այնքան էլ հաճելի չլինել, բայց առանց դրա դժվար կլինի հակամարտության լուծման իրական ուղիներ փնտրել։
Ժամանակը չի բուժում
Հակամարտության կողմերը սիրում են այս կամ այն առիթով նշել, որ ժամանակն աշխատում է նրանց օգտին։ Յուրաքանչյուր կողմ ունի իր փաստարկները։ Կա նաեւ լավատեսական կարծիք առ այն, որ ժամանակը կմեղմացնի ցավը, եւ մարդիկ ավելի հակված կլինեն երկխոսելու։ Բայց ահա ադրբեջանցի փորձագետ Անար Էյուբովը չի կիսում այդ կարծիքը՝ «Ասում են՝ ժամանակը բուժում է։ Իմ կարծիքով՝ թե անհատական մակարդակում եւ թե կոլեկտիվ ընկալմամբ՝ դա այնքան էլ այդպես չէ։ Ժամանակն ինքնըստինքյան չի բուժում։ Այն հնարավորություն է տալիս մի շարք նպատակամիտված գործողություններ իրականացնել աստիճանական կազդուրման համար։ Բայց ահա անգործության իրավիճակը միայն ավելացնում է հուսահատությունն ու արմատական տրամադրությունները»:
Վերջաբանի փոխարեն
Կարծում եմ՝ հետազոտության արդյունքները լավագույնս ամփոփել է հայ փորձագետ Միքայել Զոլյանը։ Ահա թե ինչ է նա գրում.
«Եվ այսպես, ինչպես սովորաբար ֆիլմերում են ասում, կա երկու նորություն՝ լավ եւ վատ։ Վատի մասին՝ հետազոտությունը ցույց է տալիս, որ տասնամյակների ընթացքում տեղի է ունեցել հակամարտության բնականոնացում, իմա՝ այն սկսել է մարդկանց կողմից ընկալվել որպես աներկբա իրողություն, որպես մի մասն այն իրականության, որը հնարավոր չէ փոխել։ Բայց նաեւ լավ նորություն կա՝ հետազոտությունը ցույց է տալիս, որ ճիշտ հարցադրումների միջոցով կարելի է խթանել հակամարտության քննադատական վերլուծությունը։ Այլ կերպ ասած՝ հանրության հետ աշխատանքի ճիշտ ռազմավարությունը կարող է օգնել, որպեսզի հանրությունը սկսի խնդրահարույց համարել հակամարտությունը, այսինքն՝ հակամարտության՝ որպես ինքնըստինքյան հասկանալի երեւույթի մասին պատկերացումներից անցնի հակամարտության քննադատական վերլուծությանը եւ դրա լուծման որոնումներին»։
Գեղամ Բաղդասարյան