Ուրբաթ, Հոկտեմբերի 04, 2024

Վերլուծական

Փաշինյանը հայտարարեց «թավշյա» ժամանակաշրջանի ավարտը

Օգտվողների գնահատում. 5 / 5

գործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղ
 

Մոտավորապես երեք տարի առաջ «Մերժի՛ր Սերժին» համազգային ընդվզման ալիքի վրա գալով իշխանության, Նիկոլ Փաշինյանն ազդարարեց, իր բնութագրմամբ, «Թավշյա, ոչ բռնի, ժողովրդավարական հեղափոխության» հաղթանակը: Հետագայում նա այդ բնորոշումը հաճախակի էր օգտագործում՝ հավանաբար ժողովրդի մեջ ամրապնդելու համար այդ իրադարձության պատմաքաղաքական կշիռն ու արժեքը: Սակայն գնալով ավելի ու ավելի պարզ էր դառնում, որ տեղի ունեցած գործընթացում, խոշոր հաշվով, չկան ո՛չ ժողովրդավարության, ո՛չ  թավիշի, ո՛չ էլ, առավել եւս, հեղափոխության նշույլներ: Իրականում դա «բանավոր պայմանավորվածությամբ» իշխանության փոխանցում էր: Համենայն դեպս՝ այդպես է կարծում առողջ դատող վերլուծաբան-փորձագետների մեծամասնությունը:

Թավիշի առասպելը հօդս էր ցնդել Փաշինյանի վարչապետության մեկ տարին դեռ չանցած՝ 2019-ի մայիսի 19-ին, երբ նրա կոչով քաղաքացիները հանրապետությունով մեկ արգելափակեցին դատարանների մուտքերը եւ թույլ չտվեցին դատավորներին ու դատարանի աշխատակիցներին մուտք գործել շենք։ Սա աննախադեպ ակցիա էր, եթե չասենք՝ բարբարոսություն, որին նախորդել էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը: Թավիշը, ժողովրդավարությունը եւ ոչ բռնի գործողություններն ուղենիշ դարձրած վարչապետին հունից հանել էր դատարանի օրինական վճիռը, որով փոխվել էր երկրորդ նախագահի խափանման միջոցը:

Արձագանքելով Փաշինյանի կոչին եւ դրան հաջորդած գործընթացներին, Մարդու իրավունքների պաշտպանը, մի շարք իրավապաշտպաններ, փաստաբաններ, ԱԺ պատգամավորներ, քաղաքագետներ ահազանգեցին, որ Փաշինյանը «նախաձեռնել է սահմանադրական կարգի տապալում»։ Եվ սա դեռ բոլորը չէ: Քոչարյանին կալանքից ազատ արձակելու որոշում կայացրած դատավորի նկատմամբ հալածանքների ու հետապնդումների հուժկու ալիք էր սկսվել: Տանը, աշխատավայրում նա հանգիստ ու դադար չուներ, շարունակ զանգահարում, սպառնում էին հաշվեհարդարով, նույնիսկ քրեական գործ էր հարուցվել: Նման միջադեպերով էր սովորաբար արտահայտվում վարչապետ աշխատող անձի փառաբանած «թավիշը»:

Եթե իրերն իրենց անուններով կոչենք՝ փաստորեն խախտվում էր իշխանությունների տարանջատման սկզբունքը, որը ժողովրդավարական երկրներում պետական իշխանության կազմակերպման լավագույն ձեւն է: Այն թույլ է տալիս իրականացնել պետության բարձրագույն մարմինների փոխադարձ վերահսկողությունն ու փոխգործակցությունը` հակակշիռների եւ զսպումների համակարգի միջոցով։ Եթե իշխանության ճյուղերից մեկը՝ տվյալ դեպքում գործադիրը, փորձում է իր կամքին ենթարկեցնելու միտումով ճնշում կիրառել մյուսի ճյուղի՝ դատականի նկատմամբ, այստեղ ժողովրդավարության մասին խոսք լինել չի կարող: «Երկրում դատական արդյունավետ իշխանությունը դատարանի եւ դատավորի լիարժեք անկախությունն է ինչպես օրենսդիրից ու գործադիրից, ցանկացած այլ մարմնից կամ պաշտոնատար անձից, այնպես էլ միջամտության բացարձակ արգելքը դրանցից դուրս որեւէ այլ մեկից կամ անձից»,- վարչապետին հարկ էր համարել հիշեցնել ՀՀ օմբուդսմենը:

Սակայն վարչապետը երբեք խորհուրդների կարիք չի ունեցել: Նա միշտ գիտի, թե ինչ է ուզում եւ միշտ համոզված է, որ ինքը ճիշտ է (Սերժի ականջը կանչի): Ու նրա հաշվարկը հասկանալ կարելի է՝ գործադիրը եւ օրենսդիրն արդեն գրպանում են, մնում է տիրապետել նաեւ դատական իշխանությանը, եւ իր առջեւ կբացվի միահեծան կառավարման ճանապարհը, ինչը բռնապետական հակումներ ունեցող ցանկացած ղեկավարի նվիրական իղձն է: «Թավիշի» ու ժողովրդավարության հետ Փաշինյանի հակասությունները, ըստ էության, ավելի ցցուն դրսեւորվեցին դատական համակարգը յուրացնելու՝ նրա բուռն ցանկությունից հետո: Պատահական չէր այն հայտնի արտահայտությունը, թե «Հայաստանում կա՞ դատավոր, ով կարող է չկատարել իմ հրահանգները»: Իսկ վարչապետության առաջին օրերից ասպարեզ նետված անցումային արդարադատություն, դատավորների վեթինգ բառեզրերը մնացին որպես բարի ցանկություններ: Ինչեւէ:

Դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու՝ վերը բերված օրինակում արհամարհված են միաժամանակ եւ՛ ժողովրդավարության սկզբունքը, եւ՛ «թավիշ» հասկացության գաղափարը, որն, ի դեպ, ենթադրում է խաղաղ, անարյուն, ոչ բռնի գործողություն: Հետզհետե «թավշյա» առաջնորդի բերանով սկսեցին դատավորների եւ, առհասարակ, իրեն չենթարկվողների հասցեին ավելի հաճախակի հնչել «թավիշի» տրամաբանությանը հակասող այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «փռել ասֆալտին», «ծեփել պատերին», «թաթիկները կտրել», «պատերի տակ վնգստացող դատավորներ» եւ այլ կոչեր ու որակումներ, որոնք վայել չեն բարձրաստիճան իշխանավորներին ընդհանրապես եւ երկրի առաջին դեմքին՝ մասնավորապես:

Փետրվարի 25-ին Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության հրապարակում հանդես գալով իր աջակիցների առջեւ, որոնց հրավիրել էր հանրահավաքի, հերթական անգամ արծարծեց թավիշի թեման, բայց՝ մի փոքր այլ համատեքստում: Նա հայտարարեց. «Թավիշին վերջ կդրվի ու կլինի օրինականության հաստատում»: Հավաքվածները բուռն ծափահարություններով արձագանքեցին այդ հավաստիացմանը, որովհետեւ Փաշինյանի կողմնակիցների մեծամասնության համոզմամբ՝ վարչապետի ու նրա թիմի անհաջողությունների հիմնական պատճառը «թավիշն» է, այսինքն՝ քաղաքական հակառակորդների նկատմամբ ավելորդ հանդուրժողականություն ցուցաբերելը, մեղմ վերաբերմունքը: Իրականում սա խորը մոլորություն է: Մեր նկարագրած օրինակները ճիշտ հակառակն են ապացուցում՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը բնավորությամբ սկանդալային, ամբարիշտ տեսակ է, նա դժվար է լեզու գտնում մարդկանց հետ: Հենց միայն նրա օգտագործած բառապաշարը բավական է դրանում համոզվելու համար:

Ինչ վերաբերում է Նիկոլի ու նիկոլականների ձախողումներին, ապա «թավիշը» տվյալ դեպքում որեւէ դերակատարություն չի կարող ունենալ, առավել եւս, ինչպես նշեցինք, գոյություն չունեցող «թավիշը»: Այդ անհաջողությունները պայմանավորված են մի շարք այլ գործոններով եւ, առաջին հերթին, կառավարման փորձի ու կադրային աշխատանքի բացակայությամբ, խնայողական տնտեսավարման, ոլորտների տեխնոլոգիական արդիականացման անկարողությամբ: «Թավիշը» ընդամենը ականջահաճո բառ է եւ, միաժամանակ, քաղցր խաբկանք սեփական ապիկարությունը քողարկելու համար՝ ոչ ավելին: Բացի դրանից, «թավիշն» իր մեջ բարության տարրեր ունի, որոնք կոչված են ծառայելու որպես փոխհատուցում իրականում գոյություն ունեցող բռնությունների դիմաց: Երբ կողմնակիցները Փաշինյանին անընդհատ հորդորում են քչացնել «թավիշը», դա նշանակում է ուժեղացնել նախկին համակարգի հանդեպ խստությունը, այլ կերպ ասած՝ հանրությունից յուրացվածը վերադարձնելու եւ մեղավորներին խստորեն պատժելու գործընթացը:

Բայց, կներեք, այդ խստության ուժեղացումն ու պատժի սահմանումը ոչ թե «թավիշի» շրջանակում պետք է իրականացվեն, այլ՝ օրենքի եւ օրինականության: Ի վերջո, Հայաստանը, ըստ Սահմանադրության, հռչակված է իրավական, ժողովրդավարական պետություն: Մեր երկրի Հիմնական օրենքում ոչ մի խոսք չկա «թավշապետության» մասին: Բայց օրենքն ու Սահմանադրությունը այնքան են ոտնահարվել եւ անտեսվել, որ փորձեր են արվում իրավական գործընթացների կարգավորման մեխանիզմը ինչ-որ մտացածին եղանակներով կենտրոնացնել մեկ մարդու ձեռքում: Եվ այդ մեկ մարդն իրեն թույլ է տալիս ճնշումներ գործադրել ոչ միայն դատաիրավական համակարգի վրա, այլ նաեւ բարձրաստիճան ռազմական գործիչների, նույնիսկ՝  բանակի:

Պետական մտածողություն ունեցող գործիչը պետք է գիտակցի, որ երկրի առաջանցիկ զարգացումը, անվտանգային համակարգի վերականգնումը, պաշտպանունակության ամրապնդումը, կայունության ապահովումը եւ ժողովրդի բարեկեցության բարձրացումը անհետաձգելիորեն կարեւոր, առանցքային խնդիրներ են, որոնց լուծումը հնարավոր չէ «Վերջ՝ թավիշին» միտինգային հայտարարությամբ: Ավելին՝ նման հռետորաբանությամբ տարրական հարցեր անգամ չես լուծի: Այսպես՝ սոցցանցերի դիտարկումը վկայում է, որ քաղաքացիներն իրար նկատմամբ ցուցաբերում են բարձր անհանդուրժողականություն, վիրավորում, սպառնում են միմյանց, սեռական բնույթի հայհոյանքներ տարածում: Քանիցս հիշատակված «ֆեյքային» հանրույթը անսանձ ու անարգել վխտում է Ֆեյսբուքում, եւ դեմը առնող չկա, մինչդեռ ՖԲ-ից օգտվողների թվում կան նաեւ կանայք, անչափահաս երեխաներ ե այլն: Մի՞թե դժվար է հանրային խոսույթի այդ հարթակը մաքրել «ֆեյքային» աղբից եւ յուրաքանչյուրին ցույց տալ իր տեղը՝ օրենքի պահանջին համապատասխան:

Ինձ հայտնի է բավական բարձրաստիճան պետական պաշտոնյայի անուն, ով զբաղված է իշխանական վարձկան ֆեյքերի մի խոշոր խմբի «գործունեության» համակարգմամբ: Խմբում ընդգրկվածները հազարից պակաս չեն, ինչը պարզ երեւում է հավանումների թվաքանակից: Միգուցե «թավիշին վերջ դնելու» հրապարակային խոստումը իշխանությունները հենց այստեղի՞ց սկսեն:

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: