Իշխանությանը կարելի է նպատակամիտված կերպով վարկաբեկել, բայց մյուս կողմից իշխանությունը կարող է ինքն իրեն վարկաբեկել՝ իր անխոհեմ քայլերով, որոշումներով, գործողություններով կամ անգործությամբ: Ինքնավարկաբեկման դեպքում վարկաբեկվում են նաեւ պետականություն հասկացությունը եւ այն սյուները, որոնց վրա կանգնած է պետությունը: Այդ սյուներն են՝ իշխանության ճյուղերը, պետական ինստիտուտներն ու ինստիտուցիաները, հաստատությունները: Արդյունքում մարդկանց մեջ փլուզվում են կարգուկանոնի, կայունության, օրինականության զգացողությունն ու վաղվա օրվա հանդեպ հավատը։
«Վարկաբեկում» բառը ֆրանսերեն discréditer՝ «դիսկրեդիտացիա»-ի թարգմանությունն է, որը բառացի նշանակում է «հավատի խարխլում»։ Վարկաբեկումը՝ «վարկի բեկումը», եւ դիսկրեդիտացումը՝ «հավատի խարխլումը» նրբերանգային տարբերություններ ունեն՝ չնայած նույն հասկացության հայերեն թարգմանությունն է։ «Վարկի բեկումը» կամ քանդումը ամբողջովին չի փոխանցում մարդկանց այն զգացողությունն ու հուզական ճնշվածությունը, որին այժմ ենթակա են Հայաստանի քաղաքացիները: Վարկը կարելի է ինչ-որ եղանակով վերականգնել, սակայն պետության հանդեպ «հավատի կորուստը», կարծես թե, ավելի ամբողջական է արտահայտում մեր քաղաքացիների զգացողությունները։
Այսօր Հայաստանում դիսկրեդիտացվում է պետությունը որպես երեւույթ՝ իր բոլոր ինստիտուտներով հանդերձ։ 2018-ին իշխանության եկած թիմը հետեւողականորեն վարկաբեկում է դատական համակարգը։ Որքան էլ այն քննադատության ենթարկվի, դա միակ ինստիտուտն է, որտեղ մարդիկ լուծում են իրենց վեճերը, այլապես այդ վեճերը կլուծվեն փողոցում։ Դատական համակարգը պետք է վերափոխվի, այլ ոչ թե դիսկրեդիտացվի, եւ ցանկացած իշխանության խնդիրը սեփական դատական համակարգի հանդեպ վստահություն սերմանելն է, ուրրիշ ելք չկա։
Պատերազմում պարտություն կրելուց հետո դիսկրեդիտացվել է բանակը, որին մարդիկ պետք է վստահեն ամենաթանկը՝ իրենց որդիների կյանքը։ Սակայն գործող իշխանությունը հետեւողականորեն շարունակում է վարկաբեկել բանակը՝ այն էլ անվտանգային առումով այս տագնապալի ժամանակներում։
Դիսկրեդիտացվում է նաեւ ոստիկանությունը, որն իշխանությանը պաշտպանում է սեփական ժողովրդից։ Սակայն սա դեռ ամենը չէ: Չկա վստահություն խորհրդարանի հանդեպ, որը համապետական ընտրությամբ ձեւավորվող եւ ժողովրդի կամքը արտահայտող միակ մարմինն է, այսինքն՝ ողջ պետականության լեգիտիմության գլխավոր հենասյունը։ Ներկայիս խորհրդարանի կազմը եւ որակը մարդկանց հույս ու վստահություն չեն ներշնչում։
Պետական հաստատությունների եւ, առհասարակ, ամբողջությամբ վերցրած պետականության դիսկրեդիտացումը ցանկացած երկրում համարվում է ծանրագույն հանցագործություն եւ խստորեն պատժվում է։ Սակայն ինչ ասես, երբ այդ գործով հենց իշխանությունն է զբաղված։
Հասկանալի է, որ ստեղծված կացությունը երկար շարունակվել չի կարող՝ դա հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Բայց մյուս կողմից էլ այս իրավիճակից դուրս գալու հստակ ելքեր առայժմ չեն ուրվագծվում։ Մնում է ապավինել ժամանակին: