Կիրակի, Ապրիլի 28, 2024

Վերլուծական

Փաշինյանին հեռացնելը Ռուսաստանի համար օրերի գործ է

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Մեր ընդդիմությունը զարմանում եւ զայրանում է,- դա հրապարակավ չի արտահայտվում,- թե ինչու Մոսկվան չի աջակցում Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու նրանց հովանու տակ գործող ուժերին եւ, վերջնարդյունքում, իշխանափոխություն չի իրականացնում Հայաստանում:

Անկասկած, Մոսկվան կարող է Հայաստանում իրականացնել իշխանափոխություն, սակայն այսօր դա Ռուսաստանի շահերից չի բխում: Քոչարյանի՝ Պուտինի հետ՝ իբր կամ իրականում մտերմությունը արժեք չունի ռուսական շահերի տեսանկյունից: Ավելին՝ Նիկոլ Փաշինյանն այս պահին ընդունելի ղեկավար է Ռուսաստանի համար: Կրկնեմ՝ այս պահին: Ինչո՞ւ:

Եթե 2020-ի մեր աղետալի պարտությունից հետո Ռուսաստանը Հայաստանում իշխանության բերեր որեւէ ուժի, ապա պետք է պարտավորված լիներ կատարել իր ռազմավարական, պայմանագրային ու փաստաթղթային պարտավորությունները:

Բայց քանի որ այսօր Ռուսաստանի համար Ադրբեջանը եւ Թուրքիան շատ ավելի կարեւոր են, քան Հայաստանը, Մոսկվային բացարձակապես պետք չէ Հայաստանում ունենալ իր համար ընդունելի իշխանություն: Այստեղ պետք չէ փնտրել ոչ ստոր դավաճանություն, ոչ ապերախտություն, ոչ այլ բան: Ռուսաստանը, ինչպես ամեն պետություն (Հայաստանն այս հարցում, սովորաբար առաջնորդվում է մշտական բարեկամ եւ մշտական թշնամի վարդապետությամբ), առաջնորդվում է ի՛ր շահերով:

Պետք չէ զարմանալ, որ Մարիա Զախարովան ու Կրեմլի այլ պաշտոնական ու ոչ պաշտոնական խոսնակներ ամեն առիթով մեղադրում են Փաշինյանին՝ իբր թե նա արեւմտամետ է, ՆԱՏՕ-ին Կովկաս բերելու փորձեր է անում եւ այլն:

Իրականում Փաշինյանի իշխանության լինելը Մոսկվան կարողանում է հայ ժողովրդի մի ստվար հատվածի մոտ ստեղծել հավատ, որ հե՛նց Փաշինյանի պատճառով է, որ մենք այս անվերջանալի մղձավանջի մեջ ենք, որ հենց նրա ու իշխանությունների պատճառով է, որ պարտություն ենք կրել Արցախում եւ կորցրել այն:

Բազմիցս է գրվել, որ Փաշինյանը մեր պարտության թիվ մեկ մեղավորն է ու պատասխանատուն, բայց նա պատասխանատու է, առաջին հերթին, այն պատճառով, որ շարունակեց Քոչարյանի ու Սարգսյանի «ոչմիթիզական» գիծը ու մեզ բերեց այս աղետն ու անվերջանալի մղձավանջը:

Այստեղ հարց է ծագում՝ Մոսկվայի համար այդքան դժվա՞ր է Հայաստանում իշխանափոխություն իրականացնել՝ հաշվի առնելով այն, թե ինչ է կատարվում Ուկրաինայում:

Բացարձակապես դժվար չէ: Պարզապես Փաշինյանն ու նրա, իբր, արեւմտամետ թիմը հրաշալի առիթ են Մոսկվայի համար՝ արդարացնելու իր ռազմավարական եւ պայմանագրային պարտավորությունների չկատարումը:

Այն պահին, երբ Մոսկվայի շահերի համար ավելի կարեւոր կլինի Հայաստանը, ինչպես է՛ր 1990-ական թվականներին, ապա Փաշինյանն ու թիմը չեն լինի իշխանության եւ, գուցե, Սերժ Սարգսյանի «թավշյա» հեռացմանը երանի տան:

Հիմա գնանք 1920 թվականի գարուն: Երբ ապրիլի 28-ին բոլշեւիկները Ադրբեջանը խորհրդայնացրեցին, չէի՞ն կարող նույնն անել նաեւ Հայաստանում: Անշուշտ, կարող էին, պարզապես Լենինին դա դեռ պետք չէր: Բոլշեւիկյան Ռուսաստանը պետք է Արեւմուտքի «գործակալ ու խամաճիկ» վարչապետ Համո Օհանջանյանին ու Բյուրո-կառավարությանը մեղադրանքներ հասցներ, որպեսզի արդարացներ իր անգործությունը եւ թուրքերի հետ Հայաստանը բաժաներ:

Բոլշեւիկները չէի՞ն կարող Կարսը պահել ՀՀ կազմում, Արցախը պահել ՀՀ կազմում, Արարատն ու Անին պահել ՀՀ կազմում… Օրվա իշխանությունը՝ ՀՅԴ-ն է՞ր խանգարում:

Այն պահին, երբ արդեն ռուս-թուրքական գործարքն ավարտական փուլին էր հասնում, առանց դժվարության ու առանց պատերազմի իշխանությունից հեռացրին ՀՅԴ-ին ու բերեցին Հայհեղկոմին:

Այսօր՝ այն պահին, երբ արդեն ավարտական փուլին հասնի ռուս-թուրքական նոր գործարքը, «արեւմտամետ եւ հակառուս» Փաշինյանին հեռացնելը կլինի օրերի ու շաբաթների գործ:

 

Թաթուլ Հակոբյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: