Երեքշաբթի, Ապրիլի 30, 2024

Խմբագրական

Խորացող ճգնաժամ

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, կարելի է բնորոշել մեկ արտահայտությամբ՝ համընդհանուր ճգնաժամ, որի բաղադրիչները շատ են՝ կառավարման ճգնաժամ, ռազմաքաղաքական, վստահության, բարոյահոգեբանական, մտքի, արժեհամակարգային եւ այդպես շարունակ: Բայց նախ՝ փորձենք հասկանալ, թե ինչ ասել է ՝ «ճգնաժամ»: Այն առաջացել է հունարեն կռիզիս՝ κρίσις բառից, որի հիմքում ընկած բայը նշանակում է ընտրել, դատել, որոշել։ Արդեն պարզ է դառնում, որ երբ կա ընտրության կամ որոշելու հնարավորություն, ուրեմն ամեն ինչ դեռ կորած չէ:

Բառի ստուգաբանությունն ինքնին, կարծես թե, «տեղ է թողնում» իրավիճակը փոխելու, դասեր քաղելու համար: Ցավոք, տվյալ պարագայում ճգնաժամային վիճակներից դասեր քաղելու հասցեատերը ՀՀ կառավարությունն է՝ որոշում կայացնող եւ դրա իրականացումն ապահովող մարմինը, որի վրա հույս դնելը նույնն է, թե սառույցի վրա գրես, արեւի տակ պահես: Ի դեպ, իրավիճակին անհամարժեք է ոչ միայն գործող կառավարությունը, այլեւ դրա հնարավոր այլընտրանքը՝ գործադիրի ղեկը ստանձնելու հավակնություններ ունեցող քաղաքական ուժերը, որոնց կողմից եւս այլընտրանքային որեւէ նախագիծ, հայեցակարգ, ճանապարհային քարտեզ չի ներկայացվում:

Սա արդեն խորացվող ճգնաժամի տեսակ է, որի համար առանձին բառեզր հին հույները չեն հորինել: Ինչ վերաբերում է Հայաստանի ներկա պահի հրատապ խնդիրներին ու առաքելությանը՝ մեր ասելիքը կարող է ամպագոռգոռ հնչել, քանզի դեռ ոչ ոքի չի հաջողվել սահմանել կամ գոնե հասկանալ, թե որն է ՀՀ պետականության արդի գործառութային նպատակը՝ պարզապես գոյատեւո՞ւմը, թե՞ ժամանակ շահելը, մինչեւ որ աշխարհաքաղաքական զարգացումները տարածաշրջանում եւ ողջ աշխարհում որոշակի չափով կբյուրեղանան՝ դուրս գալով տուրբուլենտության վիճակից: Երկու դեպքում էլ պետք է ունենալ գործողությունների ծրագիր եւ գործնական քայլերի ուղեցույց:

Սակայն այդքան խորքային հարցերը դեռ մի կողմ, խոսենք ավելի պարզ թեմաներից: Մենք տեսնում ենք, թե ինչ ցածր մակարդակի կառավարության եւ ԱԺ իշխող խմբակցության հետ գործ ունենք: Իսկ հույս կա՞, որ հաջորդ կառավարության նշաձողն ավելի ցածր չի լինի: Այսպիսի մի մտավարժանք կառաջարկեի. գուշակենք, թե ինչպիսին է լինելու հաջորդ կառավարության եւ հաջորդ խորհրդարանական մեծամասնության կազմը: ԱԺ-ում այժմ ունենք երկու ընդդիմադիր խմբակցություն, եւ հետաքրքիր է իմանալ, թե որոնք են նրանց ստվերային կառավարությունները, վարչապետը, պաշտպանության նախարարը, էկոնոմիկայի, կրթության, մյուս ոլորտների նախարարները:

Բրիտանիայում կա մի ուսանելի ավանդույթ, որը ոչ ոք չի խախտում: Խորհրդարանական ընդդիմությունները հանրությանն են ներկայացնում ստվերային կառավարությունների կազմերն ու ծրագրերը, իսկ «ստվերայինները» նույնիսկ միջազգային հանդիպումներ են ունենում, բանակցություններ վարում այլ երկրների՝ իրենց ապագա գործընկերների հետ:

Շատ կարեւոր է, որ Հայաստանում նույնպես նման փորձ լիներ, ավելին՝ դա պարտադրվեր օրենսդրորեն: Այ, այդ դեպքում մենք հնարավորություն կունենայինք համեմատել գործող ու ստվերային կառավարությունների կազմերի ու ծրագրերի որակները: Սա արդեն կլիներ առարկայական քննարկումների արդյունավետ հարթակ, իսկ գործող ընդդիմության պարագայում՝ նրա վերակենդանացման կամ, ընդհակառակն, ի վերջո, գրողի ծոցն ուղարկելու արդարացի վճիռ:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: