Գարեգին Նժդեհ, «Գլխովին կորչելու վտանգը», հրապարակագրություն, «Վերնատուն» հրատարակչություն, 208 էջ, 2021թ.:
Այս գիրքը Գարեգին Նժդեհի հրապարակագրության երրորդ ժողովածուն է: Գրքում Նժդեհն անդրադառնում է Հայաստանի աշխարհագրական դիրքին, որն ավելի մտահոգիչ է, քան քաղաքական ճակատագիրը: Նա ասես կանխատեսել էր Քառասունչորսօրյա պատերազմը՝ մատը դնելով պանթուրքիզմի նկրտումների վրա:
Խոսելով գլոբալիզացման մասին եւ դրա դեմ՝ Նժդեհը կարեւորում է հայրենասիրությունն ու սեփական ուժերին ապավինելու հանգամանքը: Նա քննադատում է դժբախտություններն արտաքին պատճառների վերագրելու եւ փրկությունը դրսի ուժերից սպասելու մոլորությունը: Նժդեհն աններելի է համարում պարտությունը՝ չընդունելով որեւէ արդարացում: Քանի որ «սեփական ուժերով ինքնապաշտպանվելու անընդունակ ժողովուրդները պատժվում են մահվամբ», Նժդեհը հորդորում է կենտրոնանալ, նորոգվել, կրթվել, վերադաստիարակվել ու զինվել:
«Չգիտեմ՝ մեր ժողովուրդը գիտակցո՞ւմ է, որ իր գլխովին կորչելու վտանգը երբեք այնքան մեծ չի եղել, ինչպես այսօր... Արեւմտյան Հայաստանի նահանգներն այժմ անհայաբնակ են, ինչպես մեծ գերեզմաններ: Արարատյան դաշտի մի մասն է այժմ հայի հայրենիքը, ընկած մահմեդական երկրների ճանապարհի վրա՝ մի կամուրջ Արեւմուտքի եւ Արեւելքի մահմեդականության համար»,- ցավով նկատել է Նժդեհը:
Նա գլխավոր վտանգը տեսնում էր պանթուրքական ուժերի ագրեսիվ ծրագրերի շարունակական իրագործման մէջ: 1918թ. մայիսի վերջից իրանական Ադրբեջանից կողոպտված անվանումով արհեստածին «Ադրբեջանի թաթարական» կամ «Արեւելա-կովկասյան մուսուլմանական հանրապետությունն» իր ստեղծման պահից Թուրքիայի պանթուրքիստական նպատակների իրագործման գործիքն է եղել:
Ելնելով այդ իրողությունից, Գարեգին Նժդեհը գրել է. «Հանրածանոթ իրողություն է, որ ռուսական տիրապետությունից ազատվելու ցանկությամբ թաթար Ադրբեջանը երազել է եւ պիտի երազի մի օր թուրքերին տեսնելու Անդրկովկասում: Ծանոթ իրողություն է եւ այն, որ Թուրքիան փորձել է եւ պիտի փորձի մի օր Ադրբեջանի եւ Դաղստանի իսլամությունը, ինչպես եւ Անդրկովկասի բնական ամրությունները դարձնելու պատնեշ Ռուսաստանի դեմ: Ասել է՝ մեզ, մեր ժողովրդին վիճակված է մի օր կենացմահու կռիվ մղելու համաիսլամ երկրների՝ մեր վրայով իրար միանալու ձգտման դեմ: Դժվարի՛ն պայքար»:
Մերօրյա արցախյան հաղթանակի՝ որպես հայկական տարածքների ազատագրման սկզբնավորման մասին էր երազում Գարեգին Նժդեհը, երբ ամեն անգամ նայելով քարտեզին՝ խոր ցավ էր զգում հայ ժողովրդի համար ստեղծված վտանգավոր վիճակի համար՝ գրելով. «Բացէ՛ք քարտէզը եւ ձեր տեսողութիւնը սեւեռէ՛ք այն փոքրիկ տարածութեան վրայ, որ կազմում է այսօրւայ Հայաստանը՝ Արարատեան դաշտի մի մասը եւ Սիւնեաց երկիրը: Աչքի անցկացրէք այն գիծը, որ նրա արդի սահմաններն է կազմում: Թուրքերը Իգդիրում՝ Էջմիածնի պատերի տակ: Թաթարը Շարուրում՝ Երեւանի պատերի տակ: Նոյնը Նախիջեւան-Օրդուբադում՝ դարանամուտ՝ Սիւնիքի թիկունքում»: