Շաբաթ, Դեկտեմբերի 07, 2024

Գրքի մեկնություն

Մոհամեդ Մբուգար Սառ «Հիշողության թաքստոցում»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Մոհամեդ Մբուգար Սառ, «Հիշողության թաքստոցում», վեպ, 456 էջ, թարգմանությունը՝ Սամվել Գասպարյանի, «ՆյուՄեգ» հրատ., 2024թ.:

Շատ մեծ ու հետաքրքիր վեպ է։ Ընթերցողները կարող են իրենց նախասիրությունները գտնել այս գործում, քանի որ կան եւ՛ սեր, եւ՛ սենեգալցի ժողովրդի սովորությունները, նիստուկացը, արմատներից կտրվածի հոգեբանությունը։ Սենեգալցիները գնում են Ֆրանսիա, կտրվում արմատներից, բայց չեն մոռանում իրենց անցյալն ու հայրենիքը, ինչպես մենք՝ հայերս։

Գիրքը նաեւ ինքնակենսագրական է։ Այն դուր կգա ամենատարբեր ժանրեր նախընտրող ընթերցողներին: Սյուժեն ուշագրավ է. Ֆրանսիայում ապրող աֆրիկացի գրողը փնտրում է տասնամյակներ առաջ մեծ աղմուկ հանած ուրիշ աֆրիկացի գրողի՝ փորձելով հասկանալ՝ ինչու գրեց իր վեպը, արդյոք այն իսկապես գրագողության ծնունդ էր եւ, ամենակարեւորը, ինչու վեպի հրապարակումից հետո հեղինակն անհետացավ ու խզեց բոլորի հետ իր կապերը։

Վեպը պարզապես «բուրում» է, եւ «բույրի» առաջին շերտով հնչում է դեդեկտիվը։ Երբ կարդում-հոտոտում ես ու սկսում զգալ նրբերանգները, լրիվ ուրիշ պատկեր ես ստանում. մի պտղունց մոգական ռեալիզմ, մի քանի կաթիլ ռասիզմի նրբություններ, հետո բացվում է Ֆրանսիան՝ ուրիշ ու «ռիսկային» կողմից. եթե Ֆրանսիան հաճախ չքնաղ ու անթերի ենք պատկերացրել, այս գրքով Սառը կարողանում է շատ երկակի զգացողություններ առաջացնել, ի դեպ՝ առանց  երկրին որեւէ որակավորում տալու։

Գրքում անդրադարձ կա նաեւ աֆրիկացի ու եվրոպացի ժողովուրդների կյանքին, գաղութատիրության վերքերին։ Այն մի քանի գրական ժանրերի խառնուրդ է, ինտելեկտուալ դեդեկտիվ, փիլիսոփայություն, քաղաքական պամֆլետ, մոգական ռեալիզմ ու պոստմոդեռնիզմ։ Վեպն ավարտելուց հետո երկար ժամանակ ընթերցողը կմնա տպավորությունների տակ ու կխորհի։ Հեղինակը կարողացել է երկար պատումի մեջ չհոգնեցնել քեզ, ընդհակառակը, չես էլ նկատում՝ ոնց ես տասնյակ էջերը ժամերից առաջ ընկած կարդում։

Սառը առաջին աֆրիկացի հեղինակն է, որն արժանացել է «Գոնկուր» ֆրանսիական գրական մրցանակի: Նրան անվանում են Աֆրիկայի Մարկես։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: