Քսենոփոն Աթենացի, «Կյուրոպեդիա», պատմավեպ, հին հունարենից թարգմանությունը՝ Սիմոն Կրկյաշարյանի, 408 էջ, «Էդիթ Պրինտ» հրատարակչություն, 2024թ.:
Ութ գրքից բաղկացած «Կյուրոպեդիա»-ն Ք. ա. 5-4-րդ դդ. հույն դասական պատմիչ Քսենոփոն Աթենացու առաջին պատմավեպն է համաշխարհային գրականության մեջ, որի հիմքում ընկած են պատմական հավաստի դեպքեր։ Գիրքն ունի նաեւ գեղարվեստական բարձր արժեք։
Աշխատության հիմնական բովանդակությունը պարսից միապետության հիմնադիր Կյուրոս Մեծի (Ք. ա. 600-530 թթ.) կյանքն ու գործունեությունն է: Հեղինակի «Անաբասիս» երկի հետ՝ «Կյուրոպեդիան» բացառիկ նշանակություն ունի հայ ժողովրդի հնագույն պատմության համար, քանի որ բովանդակում է ականատեսի ձեռքով գրված եզակի, այլ աղբյուրներում չհանդիպող ճշգրիտ տվյալներ Հայաստանի մասին:
Քսենոփոնը հիացած է եղել Կյուրոսով, նրա անձի իդելականացման խնդիրն է իր առջեւ դրել եւ շատ դեպքերում շեղվել է զուտ տեղեկություն փոխանցողի գործառույթից։ Կա գլխավոր հերոս, որի շուրջը հյուսվում է ամբողջ պատմությունը, կան ուրիշ հերոսներ, երկխոսություններ, այսինքն՝ Քսենոփոնի այս երկը ստեղծագործություն է, ոչ թե զուտ պատմական աղբյուր:
Ք․ա․ 6-րդ դարի կեսերի Հայաստանի մասին «Կյուրոպեդիայի» տվյալները շատ դեպքերում համահունչ են Մովսես Խորենացու «Պատմությանը». այս երկու սկզբնաղբյուրները փոխադարձաբար լրացնում են միմյանց։

