Նաիրա Սահակյան, «Խաղաղության հայկական գինը», գիտահանրամատչելի, 304 էջ, Նյու Մեգ ՍՊԸ, 2023թ.:
Հայ միտքը 100 տարի առաջ ներշնչված էր եվրոպական արժեքներով։ Առաջ սոցիալիզմն էր, այժմ՝ ժողովրդավարությունը։ 100 տարի առաջ էլ, այսօր էլ գլխավոր հարցը մնում է նույնը՝ ի՞նչ հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ։
Օսմանյան, իրանական ու ռուսական կայսրություններում հայերն անցած դարասկզբին ակտիվորեն մասնակցում էին ապագային միտված գաղափարական քննարկումներին: 1917-ի կովկասյան իրադարձություններն ի ցույց դրեցին հայ քաղաքական գործիչների եւ մտավորականների գաղափարական տարբերությունները։ Վերաիմաստավորվեց Կովկասի դերը։ Այն հայոց հնագույն թագավորության մասնիկն էր, հետեւաբար՝ հայկական ինքնավար գոյության, հետո նաեւ պետության վերականգնման տարածքը։
Աշխատության մեջ հետազոտվում է 1917թ. ռուսական հեղափոխությունների օրերին հայ մտավորականության պատկերացումները Հայաստանի ապագայի վերաբերյալ: Գրքի առանցքում հայ մտավորականության միջեւ գաղափարական տարբեր հոսանքների եւ դրանց արտաքին գաղափարական ազդեցության կենտրոնների փոխառնչություններն ու համընկնումներն են:
Որո՞նք էին ցարական կառավարությունից, ապա բոլշեւիկյան իշխանությունից հայկական կուսակցությունների ակնկալիքները։ Արեւմտյան Հայաստանի ճակատագիրն ինչո՞ւ էր հայերին բաժանել լենինյան ու պլեխանովյան գաղափարական ճամբարների։ Ինքնորոշման իրավունքի մասին հայերի պատկերացումները 100 տարի առաջ. ի՞նչ է փոխվել: Այս հարցերն են գլխավորապես արծարծվում սույն աշխատության մեջ: