Գաբրիել Գեւին, «Մեր հայրերի մոխիրը. Լեռնային Ղարաբաղի անկման պատմությունը», գիտահանրամատչելի, 268 էջ, «Մեդիամաքս մեդիա քոմփանի» հրատ., 2025թ.:
Գրքում Politico պարբերականի թղթակից Գաբրիել Գեւինը ականատեսի աչքերով ներկայացնում է իրադարձությունները, որոնք ծավալվել են 2020թ. պատերազմից հետո մինչեւ Արցախի 2023-ի սեպտեմբերյան հայաթափությունը:
«Կարծում եմ, որ կարգավորման չհասնելը որոշ չափով պայմանավորված էր բավարար ուշադրության բացակայությամբ: Ես դառնորեն հիասթափվեցի 2023թ. սեպտեմբերին, երբ, չնայած նախազգուշացումներին, աշխարհը ոչինչ չարեց, երբ Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը ստիպված լքեց իր տունը: Ինձ համար դա շատ դառը փորձ էր»,– ասում է հեղինակը:
«Մեր հայրերի մոխիրը» տեղի եւ նրա մարդկանց սուր, հզոր ու հուզիչ դիմանկար է: ԼՂ-ի մասին գուցեեւ մոռացել են համաշխարհային առաջնորդները, բայց ոչ Գաբրիելի հրաշալի գրքի ընթերցողները եւ շատ ճիշտ է, որ նրանց թվում կլինեն նաեւ հայերեն կարդացողներ: Մեդիամաքսը «Մեր հայրերի մոխիրը. Լեռնային Ղարաբաղի անկումը՝ ներսից» գրքի հայերեն թարգմանությունը լույս կընծայի 2025թ.-ի ընթացքում:
«Երեք տարվա մեջ, երբ հավաքում էի գրքի նյութը, ճանապարհորդել եմ ողջ Հայաստանով. խնձորի օղի եմ խմել Սոթքում, երբ գնդակոծված տները դեռ ծխում էին, հայկական սուրճ եմ խմել Կոռնիձորում՝ Արցախից իրենց ընտանիքի անդամներին սպասող մարդկանց հետ»,- գրել է Գեւինը: Սովորական հայերից եւ ադրբեջանցիներից լսած պատմությունները դրդել են նրան գրել այս գիրքը՝ հուսով, որ նրանցից ոմանք հնարավորություն կունենան այն կարդալու:

