Փոլ Էքման, «Խաբիր ինձ», հոգեբանական հետազոտություն, 300 էջ, անգլերենից թարգմանությունը՝ Լիլիթ Քալաշյանի, «Անտարես», 2022թ.:
Ուսումնասիրության հիմքում մարդու հույզերի եւ խաբեության բնույթի փոփոխությունն է՝ էմպիրիկ հետազոտությունների ընթացքում: Էքմանը ժխտում է մարդաբանների համոզմունքը, որ մշակույթն է թելադրում դիմախաղերը՝ անշեղորեն պնդելով, որ դրանք համընդհանուր բնույթ եւ կենսաբանական հիմք ունեն:
Հեղինակն այժմ թարմացրել է իր հետազոտությունները՝ առավել խորը ներթափանցելով ստի եւ ստերը քողազերծելու մեթոդների մեջ: Միջազգայնորեն ճանաչված գործիչների, օրինակ՝ Ադոլֆ Հիտլերի, Ռիչարդ Նիքսոնի խաբեության մարտավարությունները եւ հավատարմության երդումը խախտած ամուսինների ու հանցագործների վարքը վերլուծելով՝ Էքմանը ցույց է տալիս, որ ստախոսի հաջողությունը հաճախ կախված է հոժարակամ եւ անմեղ «զոհից»:
Փոլ Էքմանը ամերիկացի հոգեբան է, հույզերի եւ ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում 20-րդ դարի լավագույն փորձագետներից մեկն է համարվում: Առաջինն է քննության առել մարդկային հույզերն ու դրանց կապը դիմախաղերի հետ: Նա նկարագրում է ստերի տեսակները եւ ստի ձախողման պատճառները, մեկնաբանում, թե ինչպես են ստախոսի մարմինը, ձայնը եւ դիմախաղերը մատնում սուտը: