Նարինե Աբգարյան, «Ապրել», գեղարվեստական արձակ, ռուսերենից թարգմանությունը՝ Նարինե Գիժլարյանի, 228 էջ, «ՆյուՄեգ» հրատարակչություն., 2025թ.:
Գիրքը 31 պատմվածքի ժողովածու է։ Բերդ քաղաքի մարդկանց մասին է, ովքեր կրում էին Արցախյան առաջին պատերազմի զրկանքները։ Իրենց առօրյայով, ցավերով ու հույսերով ապրող տավուշեցիների պատմություններն են։ Այն պատերազմից փրկվածների մասին է ու նրանց մասին, ովքեր դարձան այդ արհավիրքի զոհը։ Հեղինակն ասում է՝ պատերազմի մասին գրելը նշանակում է նայել մահվան աչքերի մեջ ու փորձել չփախցնել հայացքը։ Չէ՞ որ ինքդ քեզ կդավաճանես, եթե չկարողանաս ուղիղ նայել։
Կյանքը մահից արդար է. սա է ճշմարտությունը։ Սրան պետք է հավատալ՝ ապրել կարողանալու համար: Նրա ռուսերենը լի է հայերեն խոսքի պատկերայնությամբ, կշռույթով ու ենթատեքստով։ Դա այն ռուսերենն է, որում հայկական ընտանիքի համեղ ուտելիքի բույր ու Տավուշի ժայռերի վրա նստած մանկության ստվեր կա։
«Ապրել»-ը գիրք է, բայց ոչ միայն գեղարվեստական։ Այն փաստագրական չէ բառի դասական իմաստով, բայց փաստ է՝ ապրածի, վերապրածի, չմոռացվածի։ Պատմվածք առ պատմվածք՝ այս գիրքը թույլ է տալիս մոտենալ ցավին՝ առանց վախենալու խոցվելուց, խոսել վնասվածքի մասին՝ առանց այն գեղագիտության վերածելու։