Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Գրքի մեկնություն

Շառլ-Տիրան Թեքեյան, «Քառամյա պատերազմն Արեւելքում. ֆրանս-հայկական գործընկերությունը պատերազմի ընթացքում»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շառլ-Տիրան Թեքեյան, «Քառամյա պատերազմն Արեւելքում. ֆրանս-հայկական գործընկերությունը պատերազմի ընթացքում», հուշապատում, աշխատասիրությամբ՝ Կ. Ա. Արիստակեսյանի, թարգմանիչներ Աննա եւ Սոնա Խալաֆյաններ, 136 էջ, «Անտարես», 2020թ.:

Ինչի՞ մասին է հայկական հինավուրց եւ նշանավոր «Թեքեյան» տոհմի շառավիղներից մեկի՝ Շառլ-Տիրան Թեքեյանի (1887-1965) երկլեզու հուշագրությունը: Պատասխանը շատ դիպուկ համառոտված է գրքի վերջաբանում: Ահավասիկ՝ Հայաստան: 1915 թվական: Գաղթ: Սով: Համաճարակ: Մահ: «Արյուն էր հեղվում եւ ասվում, որ Հայաստանն արյամբ միայն պիտի վերածնվի: Հայկական հողատարածքները ծածկված են դիակներով ու ոսկրակույտերով…»:

1915 թվական: Հայաստան: Հայը պիտի մեռնի: Սա խորշակածին Գորշ գայլի պատգամն է: Այո՛, Թուրքը դահիճն է: Հայը՝ զոհը: Հանդիսատեսը՝ քաղաքակիրթ աշխարհը: Դատավորը՝ պատմությունը: Սակայն… ինչպե՞ս մեռնել: Ո՞ւր է ամենափրկիչ Աստված: Հայոց աշխարհում՝ Շապին-Գարահիսարում, Ուրֆայում, Վանում, Մուսա լեռան վրա Հայն ընդվզել է: Հայի հոգին փոթորկված է: Հայն Աստվածային պատգամի եւ Պատգամաբերի կարիք ունի: Իսկ ո՞ւր է ամենակարող Աստված…

«Ահա գրեթե հիսուն օր է, որ մենք անառիկ ենք պահում լեռը: Մահը մահ է. մենք նախընտրում ենք պատվով մեռնել…»:

Գիրքը մուսալեռցիների փրկագործության եւ Առաջին աշխարհամարտի տարիներին Արեւելքում ընթացող ռազմածովային պատերազմի սկզբից բնականորեն զարգացած ֆրանս-հայկական գործընկերության ու «Հայկական լեգեոնի» կազմավորման սկզբնական ժամանակաշրջանի դեպքերի մասին է: Մուսա լեռան հայերի՝ Ավետյաց երկիր վերադարձի ճանապարհի պատմության մասին է, հայրենի երկրից դեպի երկինք՝ Մովսեսի լեռը ելնելու եւ Աստվածատես Մովսեսին հանդիպելու ու փրկագործվելու մասին:

Իսկ հուշապատումի եզակի արժեքը, ինչպես անաչառորեն նկատված է հուշապատումի նախաբանում, ընթերցողի սիրտն ու հոգին գրավող անկեղծությունն ու արժանահավատությունն է:

Դրվատանքի արժանի է նաեւ Կարեն Արիստակեսյանի կազմած հետաքրքրաշարժ «Ծանոթագրությունների» բաժինը, որն ընթերցողին է փոխանցում պատմական իրադարձությունների մանրամասներ ու բազմաթիվ «ինչ» եւ «ինչու» հարցերի պատասխաններ՝ նպաստելով հուշապատումի խորը եւ բազմակողմանի ընկալմանը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: