Ֆրանց Վերֆել, «Երեմիա», վեպ, գերմաներենից թարգմանությունը՝ Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանի, 696 էջ, հեղինակային հրատարակություն, 2022թ.:
Վերֆելի վիթխարի գրական ժառանգության մեջ մեծ տեղ է գրավում նրա «Երեմիա» վերտառությամբ հոյակապ վեպը, որը ներկայացնում է Երեմիա մարգարեի կյանքն ու գործունեությունն իր բոլոր ծալքերով: Այն իր մեջ պարփակում է նաեւ կրոնական, խորհրդապաշտական եւ մարդկային վեհ ու ապաշնորհ զգացումների մի ամբողջություն:
Ինչպես «Մուսա լեռան քառասուն օրը» վեպում, այստեղ էլ Վերֆելի նպատակը համարյա նույնն է՝ նախազգուշացնել մարդկությանը բարքերի ապականության, կռապաշտության եւ մարդկային աստվածադրոշմ նկարագրի խաթարման մասին, որոնք միշտ առաջնորդում են դեպի անխուսափելի կործանում:
Գրքի մի շարք հատվածներում՝ իբրեւ ենթավերնագիր, հեղինակը գրում է. «Լսե՛ք ձայնը», այսինքն՝ լսեք Տիրոջ ձայնը, քանզի Երեմիա մարգարեի բերանով խոսողը հենց Ինքը՝ Աստված է: Բայց այդ ձայնը, դժբախտաբար, չի լսվում մարգարեի ժամանակակիցների կողմից, ինչը պատճառ է դառնում Սեդեկիա թագավորի եւ Հուդայի երկրի ու ժողովրդի կործանման:
Նույն վիճակն է նաեւ այսօր: Աշխարհն ու մարդկությունը ահասարսուռ կործանումից փրկելու համար պետք է անպայման լսել Աստծու հուսատու եւ կենսապարգեւ ձայնը, որի աղբյուրն է հիմնականում Աստվածաշունչը եւ աղոթքների միջոցով ձեռք բերված հոգեւոր ներշնչանքը:
Դժբախտաբար՝ Վերֆելի այս գործը բավական անծանոթ է, որովհետեւ այդ բնույթի աշխատություններ, մանավանդ ներկա դրամապաշտ եւ այլասերված շրջանակների համար, բոլորովին անհասկանալի ու ավելորդ են: