Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ
Շաբաթվա ամենաչարչրկված խոսույթը հայտնի բարերար եւ ձեռնարկատեր Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին երկու օր տեւած դատական քննությունների շուրջ էր: Հանրության գերակշիռ մեծամասնության համար պարզ էր, որ խափանման միջոցի որեւէ փոփոխություն չի ակնկալվում. իշխանությունն ամեն ինչ անելու է՝ Կարապետյանի ազատությունը եւս 2 ամսով սահմանափակելու համար: Դատական այս զավեշտախաղը մեկնարկել է հոկտեմբերի 14-ի երեկոյան եւ տեւել մինչեւ կեսգիշերն անց: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 15-ին այն վերսկսել էր եւ լույս 16-ի գիշերն, ի վերջո, կայացվել, այսպես կոչված, «փոխզիջումային» դատավճիռ:
Դատավոր Վահե Դոլմազյանը երկու օր քննելուց հետո որոշել է բարերարի կալանքը երկարաձգել 30 օրով։ Այս մասին դատարանում հավաքված նրա կողմնակիցներին հայտնել են փաստաբանական խմբի ներկայացուցիչները։ Դատարանը հիմնավոր չի համարել Սամվել Կարապետյանին դատախազության կողմից մեղսագրվող՝ փողերի լվացման ու տնտեսական հանցագործությունների մասով մեղադրանքները եւ կալանքի երկարացման համար որպես հիմք է ընդունել, իբր, սահմանադրական կարգի տապալման կոչը։
Հիշեցնենք, որ հանրահայտ գործարարը կալանավորված է հունիսի 18-ից։ Նախ նա արգելանքի վերցվեց ի պաշտպանություն ՀԱԵ-ի՝ հնչեցրած մի անմեղ հայտարարության պատճառով («Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, մենք մեր ձեւով կմիջամտենք եկեղեցու դեմ արշավին»), ինչն «այն մյուս տղայի» հրահանգով իրավապահները որակեցին որպես իշխանության զավթման կոչ։ Հետագայում մեղադրանքը լրացվեց, ավելացվեց նաեւ տնտեսական բնույթի մեղադրանք՝ փողերի լվացման հոդված, որով, սակայն, դատարանը հաստատված չէր համարել հիմնավոր կասկածը։ Այժմ իրավապահները որոշել են փողերի լվացման մասով ավելացնել եւս մեկ դրվագ, որը դիտորդների կարծիքով՝ ավելի անհեթեթ է, քան նախորդը, ուստի արժանացավ նրա «բախտին»։
«Իրենք շատ են հայտարարում, թե որեւէ մտահոգություն չունեն Կարապետյանից եւ նրա սկսած շարժումից… բայց եթե մտահոգություն չունեն, ինչո՞ւ են կալանավորել, ինչո՞ւ են այդպես ակտիվ ուզում երկարացնել նրա կալանքը»,- Հակակոռուպցիոն դատարանի բակում հավաքված ԶԼՄ-ների հետ զրույցում նշել է «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, որ «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարի եղբորորդին է։ Նրա խոսքով՝ կալանավորումը երկարացնելու դատական որոշման պարագայում շաբաթավերջին բողոքի մեծ հանրահավաք ու քայլերթ է լինելու… թող իշխանությունները տեսնեն, որ կալանավորումներով բարձրացած այս հզոր ալիքը չեն կարող «քնեցնել»:
Հիրավի, դատավարության երկու օրը դատարանի ընդարձակ բակում, ինչպես ասում են, ասեղ գցելու տեղ չկար: Մարդկանց հոսքը չէր դադարում, ինչից էլ իշխանական վախերը գնալով աճում են, թեպետ խնամքով թաքցնում են իրենց մտատանջող ցավը: Կար ժամանակ՝ իշխանականները պնդում էին, թե դատի օրերին մարդկանց քանակությունն այստեղ բերվող ՀԷՑ-ի աշխատակիցների հաշվին է մեծանում: Հիմա ՀԷՑ-ն իրենք են կառավարում, բայց աջակիցների շարքերը երբեք չեն նվազում, ընդհակառակն՝ ավելի են ստվարանում: Դիտարկմանը, թե մտավախություն չկա՞, որ իշխանությունները կարող են կալանավորել նաեւ այս օրերին Երեւանում գտնվող աշխարհաճանաչ փաստաբան Ամստերդամին, Նարեկը կատակի է տալիս, թե չի բացառվում, բայց բանտերում տեղ չկա:
Կարապետյանն՝ ինքը, ներկայացված մեղադրանքները չի ընդունում եւ համոզված է, որ իր նկատմամբ կատարվողը քաղաքական հետապնդում է։ Իզուր չէ, որ Փաշինյանի «գրպանային» իրավապահներն այս օրերին «մեղադրանքների» անդուլ որոնումների մեջ են: Նրանք հասկացել են, որ «կարված» մեղադրանքը շատ վտիտ փաստարկ է ազդեցիկ մարդուն ավելի քան 120 օր անազատության մեջ պահելու համար: Ինչ-որ մեկը պե՞տք է պատասխան տա, թե՝ ոչ: ՀՀ առաջատար փաստաբաններից մեկի՝ Արամ Վարդեւանյանի դիտարկմամբ, իշխանությունը զավթելու կոչն ավելի հարիր է հանրությանը լայնորեն հայտնի մեկ այլ հայտարարության, այն է՝ «Կա՛մ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա»:
Տեղին կլիներ, եթե այն ժամանակվա դատական ատյանն այդ սպառնալիքը գնահատեր որպես իշխանությունը զավթելու կոչ եւ փողոցից եկած արկածախնդիրների հետ վարվել ճիշտ այնպես, ինչպես քաղաքական իր ընդիմախոսների հետ այժմ վարվում է ՔՊ-ի միահեծան առաջնորդը: «Մերժվող» Սերժի թուլացած իշխանակարգը, սակայն, նորահայտ «ուսապարկերի» այդ խայտաբղետ խմբակին ձեռք չտվեց անգամ այն բանից հետո, երբ գրոհեցին Ռադիոտան վրա, ջարդեցին մուտքի դուռը եւ ներխուժեցին ռազմավարորեն չթույլատրվող տարածք: Որքան էլ թույլ՝ իշխանությունը կարող էր եւ բոլոր հիմքերն ուներ մեկուսացնելու հանցագործ խմբակին, բայց չարեց: Ինչո՞ւ: Այդ հարցը ցօրս չի գտնում իր պատասխանը:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Ադրբեջանի պետական ԶԼՄ-ները հաղորդում են Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների դեմ շարունակվող «դատավարության» հերթական նիստի մասին: APA գործակալության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 13-ին հրապարակվել են հայկական ԶՈՒ մի շարք գաղտնի փաստաթղթեր, որոնք «ապացուցում են, որ հայկական ԶՈՒ տարբեր կառույցներին, ինչպես նաեւ ինքնահռչակ ռեժիմի, այսպես կոչված, «բանակին» հանձնարարվել են տարբեր ռազմական առաջադրանքներ կատարել նախկինում օկուպացված ադրբեջանական տարածքներում»։ Ադրբեջանական աղբյուրի վկայությամբ՝ դատարանի հրապարակած «գաղտնի հրամաններն, իբր, 2016թ. մայիս եւ դեկտեմբեր ամիսներին ստորագրել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը եւ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ, գնդապետ Սարգսյանը։ Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փակումից հետո հայ գերիները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ։ Անցած երեք ամիսներին որեւէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցել:
Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 13-14-ն աշխատանքային այցով Եգիպտոսի արաբական հանրապետությունում էր, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով Շարմ Էլ Շեյխ քաղաքում մասնակցում էր Մերձավոր Արեւելքի Խաղաղության գագաթաժողովին: Ավելի քան 20 երկրի ղեկավար կմասնակցի Գազայի ապագայի հարցերով գումարվող այդ ֆորումին, որի շրջանակում ակնկալվում է խաղաղության վերաբերյալ փաստաթղթի ստորագրում: Նախագահելու են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին: Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի փաստաթուղթը ստորագրել են Եգիպտոսը, Կատարը եւ Թուրքիան՝ ԱՄՆ նախագահի հետ:
«Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն օրերս չէր բացառել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ համագործակցությունը: Իսկ կհամագործակցի՞ արդյոք ՀԱԿ-ը նոր ուժի հետ. «Մենք կհամագործակցենք ցանկացած ռացիոնալ եւ իրատեսական մտածողություն ունեցող քաղաքական ուժի հետ, որն ընդունում է իրական խաղաղություն կառուցելու, Հայաստանը ճիշտ ռելսերի վրա դնելու մեր մոտեցումները եւ կանգնած է մեր պատմամշակութային ինքնությունը պահպանելու դիրքերում»,- «Ազատությանը» փոխանցել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:
Ծանրամարտի առաջնության գերծանր քաշային կարգում Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի չեմպիոն: Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ընտրանու անդամը պոկում վարժությունը սկսեց 206 կգ-ից, իսկ երկրորդ փորձից կարողացավ բարձրացնել 211 կգ: Հրում վարժությունում Լալայանն առաջին մոտեցմամբ բարձրացրեց 245 կգ, ապա՝ 250 կգ: Երկու վարժությունում էլ նա առաջինն էր: Երկամարտի 461 կգ արդյունքով մեր ծանրամարտիկը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց ոսկե մեդալը՝ հռչակվելով աշխարհի կրկնակի չեմպիոն:

