Ընթացիկ համար#44/2026

Էթել Լիլիան Վոյնիչ «Բոռը»

Էթել Լիլիան Վոյնիչ «Բոռը»
Էթել Լիլիան Վոյնիչ, «Բոռը», վեպ, Երևան, «Դավինչի» հրատարակչություն, 2026թ., 360 էջ:

19-րդ դար․ 1830-40-ականներ։ Ավստրիայի գերակայության ներքո գտնվող մասնատված, ոչ միասնական Իտալիա։ Վեպի գլխավոր հերոս Արթուր Բերթոնը սոցիալ-քաղաքական շարժման՝ Ռիսորջիմենտոյի էպիկենտրոնում է։ Մի թեժ պայքար՝ հանուն երկիրը միավորելու և միասնական պետություն ստեղծելու։

Երիտասարդ Բերթոնը, չնայած անգլիացի լինելուն, «Երիտասարդ Իտալիա» ընդհատակյա հեղափոխական կազմակերպության անդամ է և խորապես հետաքրքրված է Իտալիան վերականգնելու խնդրով։ Հեղինակը մեզ թույլ է տալիս ներթափանցել հեղափոխական փոփոխությունների, երկրի համար մղվող պայքարի ներքին խոհանոց, ականատես լինել բոլոր անարդարություններին, դժվարություններին և զոհողություններին։

Այնուամենայնիվ, Ռիսորջիմենտոն չէ, որ կազմում է վեպի գլխավոր սյուժետային գիծը։ Մեզ վիճակված է վերապրել հերոսի տառապանքներն ու մտորումները, հարցականի տակ դնել աշխարհում և կյանքում արդարության հաղթանակը, մարդկանց վարքագծի շարժառիթները, հավատքի, սիրո, մտերմության ուժն ու արժեքը։ Գրքի կարևորագույն թեմաներից է Արթուրի և իր հոգևոր առաջնորդ Հայր Մոնտանելլիի փոխհարաբերություններն ու քննարկումները հավատքի, կյանքի մասին, և թե ինչպես է Մոնտանելլիի հանդեպ ունեցած մեծ սերն ու հարգանքը հանկարծակի վերածվում ատելության և վրեժխնդիր լինելու ցանկության։

Մի շարք հիասթափություններ ապրելուց հետո Արթուրը որոշում է անհետանալ ու մոռանալ ամեն ինչ, մոռացվել բոլորի կողմից։ Տասներեք տարի անց նա որպես քաղաքական ոլորտի լրագրող վերադառնում է՝ «Բոռ» գրական անվան տակ երգիծական հոդվածներ տպագրելով։ Ինչի կհանգեցնի վաղեմի ընկերների, կորսված սիրո՝ Ջեմմայի հետ վերամիավորումը այդքան տարիներ անց՝ կիմանաք, եթե անպայմանորեն ընթերցեք այս հրաշալի գիրքը։

Հատկանշական է, որ վեպում նկարագրված բազմաթիվ դեպքեր, ինչպես նաև կերպարներ իրապես Իտալիայի պատմության մասն են։ Օրինակ՝ Ռիսորջիմենտոն, հերոսներից Ջուզեպպե Մացցինին՝ «Երիտասարդ Իտալիա» կազմակերպության հիմնադիրը, միավորման համար բարդ պայքարը և այլն։ Կարևոր է նշել, որ հեղինակը միշտ հետաքրքրված է եղել Ռուսաստանով և ռուսական հեղափոխական շարժումներով․ երևի դա է պատճառը, որ հե՛նց Խորհրդային Միությունում այս գիրքը լայն տարածում ստացավ։ Ըստ որոշ պատմաբանների՝ վեպի գլխավոր հերոս Արթուր Բերթոնի նախատիպը Ռուսաստանում ծնված և Միացյալ Թագավորության գաղտնի հետախուզական ծառայության գործակալ Սիդնեյ Ռեյլին է, ում Վոյնիչը հանդիպել էր 1895 թվականին՝ գրքի տպագրությունից երկու տարի առաջ։

Ճիշտ է դա արդյոք, թե ոչ, դժվար է վստահաբար ասել, սակայն պարզ է մի բան՝ Էթել Վոյնիչին հաջողվել է մանրակրկիտ կերպով ցուցադրել իր պատկերած հերոսի ներաշխարհն ու մտորումները՝ մեզ թողնելով նրա հետ համաձայնելու և կարեկցելու կամ մերժելու որոշման առջև։