Ընթացիկ համար#44/2026

Ադրբեջանի «բարի կամքն» ու խաղաղությունը

Ադրբեջանի «բարի կամքն» ու խաղաղությունը

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրության ընդունումը հնարավորություն կտա ոչ միայն ստորագրելու և վավերացնելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը, այլև հաստատելու «ինստիտուցիոնալ, տևական և անշրջելի» խաղաղություն։  Միևնույն ժամանակ հերքելով ինքն իրեն՝ փորձում է համոզել, որ  սահմանադրական փոփոխությունները բխում են Հայաստանի ներքին անհրաժեշտությունից, չանսալով, որ Բաքուն վաղուց Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը դիտարկում է որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայմաններից մեկը։

«Հարձակողական ռեալիզմի» տեսությունը

Արդյո՞ք միջազգային հարաբերություններում հնարավոր է երկարաժամկետ խաղաղություն հաստատել՝ շղթայաբար կատարելով առավել ուժեղ կողմի պահանջները, բայց չվերականգնել ուժային խախտվածությունը, որից ծնվում են այդ պահանջները։  Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների ներկայիս վիճակը քաղաքագիտական առումով յուրահատուկ դեպք չէ։ Չիկագոյի համալսարանի անվանի պրոֆեսոր Ջոն Միշայմերի «Հարձակողական ռեալիզմի» մասին տեսության մեջ այս հարցադրումը խորապես ուսումնասիրվել է։  Իր «Գերտերությունների քաղաքականության ողբերգությունը» աշխատության մեջ Միշայմերը միջազգային հարաբերությունների բնույթը բացատրում է հինգ հիմնարար դրույթներով։

  • Միջազգային համակարգն անարխիկ է. գոյություն չունի պետություններից վեր կանգնած համաշխարհային իշխանություն, որը կարող է անվերապահորեն ապահովել նրանց անվտանգությունը։
  • Պետություններն ունեն ռազմական կարողություններ, որոնք կարող են օգտագործվել այլ պետությունների դեմ։
  • Որևէ պետություն չի կարող լիովին վստահ լինել մյուս պետությունների իրական և հեռակա մտադրությունների հարցում։
  • Պետության առաջնային նպատակն իր գոյության պաշտպանությունն է։
  • Պետությունները ռացիոնալ դերակատարներ են և իրենց ռազմավարությունը ձևավորում են անվտանգության ու շահերի հաշվարկի հիման վրա։

Այս տեսության առանցքային գաղափարներից մեկն այն է, որ պետության անվտանգությունը չի կարող հիմնված լինել բացառապես հարևան պետության առկա մտադրությունների կամ նրա ղեկավարի զուտ խոստումների վրա։ Առավել ևս, որ այդ պետությունն ավտորիտար Ադրբեջանն է, որի իշխանության գաղափարախոսության հիմքում հայատյացությունն է։ Ավելին, ավանդաբար պարզ մուսուլմանական ինքնագիտակցություն ունեցող այդ զանգվածն աշխարհիկ ազգի է վերածվում հայերի հանդեպ ատելության շնորհիվ։ Այս առումով հակահայկական մտադրությունները կարող են փոփոխվել շատ արագ, մինչդեռ պետությունների ռազմական, տնտեսական և աշխարհաքաղաքական կարողությունները ձևավորվում են տարիների ընթացքում։ Նույնիսկ եթե ընդունենք, որ Ադրբեջանն այսօր իրապես շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ, դա ինքնին բավարար չէ եզրակացնելու, որ նրա քաղաքական նպատակները նույնը կմնան հինգ, տասը կամ քսան տարի անց։

Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների պարագայում հարցը հետևյալն է. Հայաստանի ներկայիս կառավարությունը խաղաղության իր ռազմավարությունը կառուցում է Ադրբեջանի դիկտատորի «բարի»  խոստումների՞, թե՞ նրա հնարավոր վարքագիծը սահմանափակող մեխանիզմների հիման վրա։

Խաղաղության պայմանագի՞ր, թե՞ պահանջների հաջորդականություն

2025 թվականի մարտին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը խաղաղության պայմանագրի ստորագրման համար առաջադրել էր երկու հիմնական նախապայման՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը և ԵԱՀԿ Մինսկի գործընթացի ու հարակից կառույցների լուծարումը։ 2025 թվականի նոյեմբերի 30-ին Մինսկի գործընթացի լուծարումն արդեն ավարտվեց։ Այժմ քննարկվում է երկրորդ նախապայմանի կատարումը։

 Ի՞նչ է տեղի ունենալու դրանից հետո։ Քաղաքական ռեալիզմի տեսանկյունից որևէ պահանջի բավարարումն ինքնին չի վերացնում նոր պահանջներ առաջադրելու հնարավորությունը։ Այստեղ անհրաժեշտ է տարբերակել երկու հասկացություն՝ պահանջի բավարարում և պահանջ առաջադրելու հնարավորության վերացում։

Առաջինը կոնկրետ քաղաքական հարցի լուծումն է, երկրորդն՝ այն ռազմավարական ուժերի դիսբալանսի փոփոխությունը, որի առկայության դեպքում պետությունը կարող է ճնշում գործադրել իր հարևանի նկատմամբ։ Եթե պահանջներ առաջադրելու միջոցով պետությունը կարողանում է հասնել իր նպատակներին, առանց էական քաղաքական, տնտեսական կամ ռազմական ռիսկերի ու իրական հակադարձման սպառնալիքի, ինչպես դա հայ-ադրբեջանական այսօրվա հարաբերություններում է, ապա ռեալիզմի տեսանկյունից այդ գործելակերպը շարունակվելու է, մինչև նման պահանջները դիմակայության չհանդիպեն։

Ուժերի հավասարակշռությունը և զիջումների տրամաբանությունը

Միշայմերի տեսության առանցքային դրույթներից մեկն այն է, որ կարևոր է ոչ միայն այն, թե որքանով է պետությունն ինքնին ուժեղ, այլ նաև այն, թե որքանով է այն ուժեղ կամ թույլ իր հնարավոր հակառակորդների համեմատությամբ։ Այսինքն՝ կարևոր է հնարավոր հակառակորդների հետ ուժերի բալանսը։ Այստեղից էլ բխում է ուժերի հավասարակշռության նշանակությունը։ Խաղաղությունը չի ենթադրում պարտադիր ռազմական հավասարություն։ Սակայն ուժային հարաբերակցությունը կարող է սահմանափակել միակողմանի ճնշման արդյունավետությունը՝ բարձրացնելով դրա քաղաքական, տնտեսական և անվտանգային գինը։

Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում սահմանադրական փոփոխությունները կարող են լուծել կոնկրետ քաղաքական կամ իրավական տարաձայնություն, սակայն ինքնին չեն վերացնում ռազմական և տնտեսական անհամաչափությունը։ Մենք ունենք մի վառ օրինակ՝  Իրանի և ԱՄՆ-Իսրայել ռազմական հակամարտությունը։ Իրանի քաղաքական ու ռազմական ղեկավարությունը լիկվիդացվեց, հարվածներ հասցվեցին աղջիկների դպրոցին, որի նպատակն էր բնակչության շրջանում սարսափ տարածելը, ավելին, ԱՄՆ նախագահը սպառնաց վերացնել իրանական քաղաքակրթությունը, սակայն Իրանը չկոտրվեց, շարունակեց դիմակայել, արդյունքում Իրանի միջազգային դերը բարձրացավ։ Այս հակամարտությունում ուժերի բալանսն անհամեմատելի է, սակայն Իրանը ցույց տվեց, որ պատրաստ է ցանկացած գին վճարել ուժող հակառակորդների հետ բախման պարագայում, իսկ ի՞նչ գին են պատրաստ վճարել ԱՄՆ-ն ու Իսրայելը։ Ժողովուրդների և կառավարությունների ոգու ամրությունը, բարձր գին վճարելու պատրաստակամությունը նույնպես ուժերի բալանսի առումով կարևոր ռեսուրս է։ Ցավոք, դա չի կարելի ասել Հայաստանի ներկայիս ղեկավարության մասին, որը 2022 թվականի Ջերմուկի դեպքերի հետևանքով կոտրվեց ու շարունակում է անհամաչափ զիջումների գնալ, ինչն ավելի է ոգևորում Ադրբեջանի ղեկավարությանը, որն էլ շարունակում է նորանոր պահանջներ առաջադրել։ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կառավարվում է վախի գործոնով, և իր հերթին այդ վախը ներարկում է հանրությանը։  Անկախ իր խոստումներից՝ Ադրբեջանին ձեռնտու չի Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման մասին փաստաթուղթ ստորագրել։ Նույնիսկ եթե նման մի թուղթ ստորագրվի, դա չի երաշխավորում, որ հարմար պահին նա նորից ագրեսիայի չի դիմի։

Հարկադրանքի դիվանագիտությունը և դրա սահմանները

Միջազգային հարաբերությունների տեսության մեջ գոյություն ունի Coercive Diplomacy՝ հարկադրանքի դիվանագիտություն հասկացությունը։ Դրա էությունը ռազմական ուժի կիրառման սպառնալիքի կամ քաղաքական ու տնտեսական ճնշման միջոցով մեկ այլ պետության վարքագիծը փոխելն է։ Դա կարող է վերաբերել ոչ միայն միջպետական հարաբերություններին, այլև հակառակորդ պետության ներքին քաղաքականության, անգամ ինքնության փոփոխությանը։ Հայաստանի դեպքում դա ակնհայտորեն երևում է․ Ադրբեջանի հարկադրանքով Հայաստանը փոխում է իր պետական խորհրդանիշները, պատմության շարադրանքը, դպրոցներից հանվում են զոհված զինվորների նկարները և այլն։ Հարկադրանքի դիվանագիտության արդյունավետությունը կախված է մի շարք գործոններից՝ ուժերի հարաբերակցությունից, սպառնալիքների արժանահավատությունից, դիմադրության հնարավորություններից և միջազգային դերակատարների ներգրավվածությունից։

Ադրբեջանական կողմը պնդում է, որ Հայաստանի գործող Սահմանադրությունը  պարունակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը վերաբերող խնդիր, մինչդեռ Հայաստանի իշխանությունները նախկինում բազմիցս հայտարարել են, որ գործող Սահմանադրությունը տարածքային պահանջներ չի պարունակում։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նաև հղում է կատարել Սահմանադրական դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմանը՝ հիմնավորելով այդ դիրքորոշումը։

Այստեղ առաջանում է իրավաքաղաքական կարևոր հարց, եթե Հայաստանի գործող Սահմանադրությունն իրավական առումով չի խոչընդոտում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը, ապա ինչո՞ւ է դրա փոփոխությունը դարձել խաղաղության հաստատման քաղաքական նախապայման։

Միշայմերը և խաղաղության երաշխիքների խնդիրը

Միշայմերի տեսության համաձայն՝ միջազգային հարաբերություններում  պետություններն ինքնուրույն կերպով պետք է հոգան իրենց անվտանգության կարիքները։ Այսինքն՝ որևէ պետություն չի կարող իր գոյատևման պատասխանատվությունն ամբողջությամբ փոխանցել այլ պետությունների կամ միջազգային կառույցների բարի կամքին։ Սա չի նշանակում, որ միջազգային իրավունքը, պայմանագրերը և դաշնակցային հարաբերություններն անիմաստ են, սակայն միայն դրանց վրա հույս դնելը արդյունավետ չէ։

Հայաստանի պարագայում պետք է տարբերակել խաղաղության երեք մակարդակ՝ ռազմական գործողությունների բացակայությունը, իրավականորեն ամրագրված խաղաղությունը և ռազմավարական առումով կայուն խաղաղությունը։

Խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է ապահովել երկրորդ մակարդակին անցնելու կարևոր նախադրյալ։ Սակայն երրորդ մակարդակը պահանջում է նաև կանխատեսելի միջպետական հարաբերություններ, փոխադարձ պարտավորություններ և անվտանգության արդյունավետ մեխանիզմներ։

Հատկանշական է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին նախաստորագրված խաղաղության համաձայնագիրն արդեն ներառում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, ուժի կիրառումից հրաժարվելու և վեճերի կարգավորման վերաբերյալ դրույթներ։ Ուստի, կարևոր է նաև հասկանալ, թե ինչու այդ փոխադարձ պարտավորությունները բավարար չեն համարվում փաստաթղթի ստորագրման համար։ Իսկ գուցե Ադրբեջանին ոչ թե ինչ-որ պայմանագիր ստորագրելն է պետք, այլ առհասարակ նման պահանջների առաջ քաշումը, որի ընթացքում նորանոր զիջումներ է պարտադրում Հայաստանին։

Ե՞րբ են ավարտվում պահանջները

Միշայմերի տեսության շրջանակներում խաղաղության կայունությունը պայմանավորված է ոչ միայն հայտարարված մտադրություններով, այլև ուժերի հարաբերակցությամբ և պետությունների ռազմավարական հաշվարկներով։ Հետևաբար, Հայաստանի առջև ծառացած առանցքային հարցը միայն այն չէ, թե արժե արդյոք փոխել Սահմանադրությունը խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ Առավել հիմնարար հարցն այն է, թե սահմանադրական փոփոխություններից հետո ինչ նոր քաղաքական, իրավական և անվտանգային իրականություն է ձևավորվելու տարածաշրջանում։

Սահմանադրությունը կարող է կարգավորել Հայաստանի քաղաքական կառուցվածքը, սակայն չի կարող կարգավորել Ադրբեջանի աշխարհաքաղաքական ախորժակը։

Արա Սմբատյան