Ընթացիկ համար#44/2026

Նիկոլի վարած կադրային քաղաքականությունը աղետ է

Նիկոլի վարած կադրային քաղաքականությունը աղետ է

Նիկոլի բերած ավերի կարեւոր մեկ այլ դրսեւորման վրա եմ ուզում կենտրոնանալ։ Կարծում եմ՝ այն խոսում է այդ անձի՝ հայ ժողովրդի կյանքում փորձանք լինելու մասին։

Նիկոլի՝ իշխանության գալուց հետո բոլորիս աչքի առաջ է եղել նրա վարած կադրային քաղաքականությունը։ Նա իբր թե առաջնակարգ տեղ էր տալիս երիտասարդ կադրերին։ Դա իրականում ոչ մի կապ չուներ սերնդափոխության հետ։ Տարիներ առաջ ժողովուրդն այդ երեւույթին տվել էր «մանկապարտեզ» անունը։ Թվում էր, թե տարիների ընթացքում այդ մարդիկ պետք է փորձ ձեռք բերեին եւ իրենց գործում հմտանային։ Սակայն դա հաջողվեց միայն մի քանիսին։ Ընդ որում՝ ողջ խնդիրը այդ անձանց մեջ չէր, այլ՝ նրանց նշանակողների։ Նիկոլն ի սկզբանե հակակրանք ուներ իրենից բանիմաց ու փորձառու ավագ սերնդի ներկայացուցիչների նկատմամբ, մինչդեռ երիտասարդները նրան որպես կուռք էին ընդունելու։ Երիտասարդ կադրերին առաջատար պաշտոններում նշանակելու հետեւանքով նրանք անհամատեղելի դարձան իրենց բնագավառներում կայացած առաջատար մասնագետների հետ, ինչի հետեւանքով վերջիններիս մեծ մասը դուրս մղվեց պետական կառավարման համակարգից։ Միայն քչերն իրենց հարմարվողականության շնորհիվ կարողացան պահպանել տարբեր պաշտոններ։

Մի քանի տարվա ընթացքում տեղի ունեցավ ինստիտուցիոնալ հիշողության կորուստ, եւ այսօր պետական կառավարման համակարգում նույնիսկ իներցիայով այլեւս չկա նախկին փորձը վերարտադրելու հնարավորությունը, որովհետեւ այն կրող մարդիկ գրեթե չեն մնացել։ Փորձի փոխանցումը մեկ-երկու տարվա ընթացքում չի կատարվում. դրա համար անհրաժեշտ է առնվազն տասը տարի։ Այսօր հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչների համար ակնհայտ է, որ այն գիտելիքն ու փորձը, որն իրենք ունեն, բացակայում է ներկայիս կառավարողների մոտ։ Տարիների ընթացքում տարեց մարդիկ մահանում են՝ իրենց հետ տանելով ինստիտուցիոնալ հիշողության ու փորձառության հսկայական պաշար։ Մենք շարունակաբար կորցնում ենք այն մասնագետներին, որոնք հնարավորություն չունեն իրենց կուտակած գիտելիքն ու պրակտիկան փոխանցելու նոր կառավարիչներին։

Մի օրինակ բերեմ, որը մի քանի տարի առաջ ճակատագրական նշանակություն ունեցավ սահմանային հարցերում։ Պետական կառավարման համակարգում կամ չգտնվեց մեկը, որը կբացատրեր, որ GPS համակարգով սահմանագծում եւ սահմանազատում չեն իրականացնում, կամ անտեսվեց մնացած մեկ-երկու մասնագետների գիտելիքը։ Այսօր շատերը մոռացել են, բայց ես շատ լավ հիշում եմ Նիկոլի այն տգիտությունը, որի հետեւանքով նա GPS համակարգը ներկայացնում էր որպես ինչ-որ սրբազան կով։ Համոզված եմ՝ նրա եւ իր թիմի համար այդ համակարգը նույն կարգավիճակն ուներ, ինչ, այսպես կոչված, «ՄԱԿ-ի հաստատած սահմանները», որոնք որպես իրավական կատեգորիա բնության մեջ գոյություն չունեն։ ՄԱԿ-ը սահմանները ճանաչում է պետությունների միջեւ կնքված երկկողմ եւ բազմակողմ պայմանագրերի հիման վրա եւ վերջ։

Այս օրինակը բերեցի նաեւ նրա համար, որ նիկոլական կռապաշտ զանգվածը երբեք չփորձի մասնագետների հետ երկխոսության մեջ մտնել՝ սեփական տգիտությունը ցուցադրելու համար։

Տարիների ընթացքում սերունդների միջեւ ստեղծված բաժանարար գծերը հանգեցրել են նրան, որ այսօր այնպիսի բարդ օրգանիզմ, ինչպիսին Երեւանն է, դարձել է անկառավարելի։ Նույն իրավիճակն է նաեւ բազմաթիվ այլ բնագավառներում։ Մի կերպ, երեւի, «յոլա» են տանում ատոմային էներգետիկայի, ջրային տնտեսության եւ այլ ոլորտները։ Տարիներ շարունակ խոսվում է Արարատյան դաշտում արհեստական ջրավազանների պատճառած ավերածություններից, բայց սայլը տեղից չի շարժվում։ Համոզված եմ՝ շատ նախարարներ նույնիսկ պատկերացում չունեն այդ խնդրի եւ դրա հետեւանքների մասին։ Իսկ պատկերացում չունեն, որովհետեւ իրենք չեն անցել պետական կառավարման համակարգի բոլոր աստիճաններով. մի օր եղել են «բարմեն», հաջորդ օրը՝ նախարար կամ փոխնախարար։

Այսօր ցավն այն է, որ աչքիդ առաջ մահանում են մարդիկ, որոնք ինստիտուցիոնալ հիշողության, փորձի ու գիտելիքի կրողներն են, եւ չկա որեւէ ճանապարհ՝ գոնե այդ ամենը պահպանելու համար, էլ ուր մնաց՝ դրա հիման վրա բարեփոխումներ իրականացնելու։

Սարո Սարոյան