Հայկ Խաչատրյան, «Հայկական տեղանվանապատում», գիտահանրամատչելի, 156 էջ, հեղինակային հրատարակություն, 2024թ.:
«Հայկական տեղանվանապատում»-ը յուրօրինակ հանրագիտարան-գանձարան է, որում հեղինակը անուն առ անուն նկարագրում է Հայոց աշխարհի տեղանունները՝ պատմական, աշխարհագրական տեղեկությունները եւ լեզվաբանական բացատրությունները՝ համեմելով ավանդապատումներով ու ժողովրդական ասքերով: Ստորեւ՝ մեկ հատված գրքից.
Ուտիքը Մեծ Հայքի 12-րդ նահանգն է։ Կոչվել է Նաեւ Ուտի, Ուտիացվոց աշխարհ։ Այս նահանգը տարածվում էր Կուր գետի աջափնյա տափարակում եւ ուներ ութ գավառ:
Ավանդությունը հավաստում է, որ ուտիացիների նախարարական տները սերել են Հայկի որդի Սիսակի տոհմից։ Ուտին Հայկի ամենահաղթանդամ ժառանգն էր։ Հայկը սրան հաստատում է Հայոց աշխարհի արեւելյան կողմի եզրապահ եւ ասում. «Մեր հայրենքի չորս կողմերից՝ չորս դռներից ամենակարեւորը արեւելյանն է։ Չպետք է թողնել, որ այդ կողմից թշնամին մուտք գործի մեր տուն։ Եթե մուտք գործի, կկտրի արեւի ճանապարհը, Հայոց աշխարհը կընկնի մթության մեջ եւ, մինչեւ նոր լույս բացվելը, թշնամին ամենքիս ոտի տակ կտա»։
Կատարելով Հայկի հրամանը՝ Ուտին եկավ եւ պինդ նստեց Հայոց տերության արեւելյան գոտու՝ Կուրի ափին։ Ասում են՝ հենց այդ Ուտիի անունով էլ նրա տոհմը կոչվեց ուտիներ, երկրամասը՝ Ուտիք։

