4 դեկտեմբերի 2018թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) այսօր տեղի ունեցավ «Խաղաղության տեսլական. ԼՂՀ հակամարտության մասին կարծիքների վերլուծություն» ուսումնասիրության շնորհանդես-քննարկումը, որին հրավիրված էին փորձագիտական մակարդակով խնդրին տիրապետող գործիչներ, քաղաքագետ-վերլուծաբաններ, լրատվամիջոցների եւ հանրության ներկայացուցիչներ: Նախօրեին ուսումնասիրության նյութերը՝ հայերեն եւ ռուսերեն, էլեկտրոնային փոստով ուղարկվել էին սեմինարի մասնակիցներին։ Իսկ քննարկման ընթացքում վերջիններիս բաժանվեց «Անալիտիկոն» ամսագրի հայերեն տպագիր տարբերակի մեկական օրինակ՝ ուսումնասիրությանը մասնակցած տարածաշրջանային փորձագետների դիտարկումներով։
Շնորհանդես-քննարկումը բացեց ՌԱՀՀԿ գլխավոր խմբագիր Գեւորգ Լալայանը՝ նշելով, որ քննարկվող հետազոտությունը կոչված է ցույց տալու պատերազմի հնարավոր այլընտրանքները, որոնք բխում են Հայաստանի, Ադրբեջանի եւ Արցախի հանրություններից, հակամարտության փոխակերպման ուղիները, ինչպես նաեւ այն հնարավորություններն ու մոտեցումները, «որոնք ներկա պահին չկան կողմերի եւ արտաքին միջնորդների օրակարգում»:
Բանախոսներից Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը նշեց, որ խնդրո առարկա ուսումնասիրությունն իրականացվել է Հայաստանում, Ադրբեջանում եւ Արցախում՝ «Եվրոպական գործընկերություն հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման (EPNK)» նախաձեռնության շրջանակում։ Հետազոտության արդյունքները, նրա դիտարկմամբ, հաստատում են, որ գոյություն ունեն հակամարտության հետ կապված զանազան, լայն տարածում ստացած վարկածներ։ «Նույն արդյունքները միաժամանակ վկայում են, որ երեք հանրություններին միավորում են մի ամբողջ շարք ընդհանուր միտումներ: Իհարկե, կան նաեւ էական տարբերություններ, որոնք վերաբերում են հակամարտության շուրջ առկա խնդիրների հայեցակետերին»,- նկատեց բանախոսը:
Ընդդիմախոսի դիրքերից հանդես գալով՝ ՌԱՀՀԿ հետազոտական ծրագրերի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը նկատեց, որ հետազոտողները դրականի հետ մեկտեղ աչքաթող են արել որոշ կարեւոր կատեգորիաներ: Մասնավորապես, ըստ նրա, հարցումներ անցկացնող փորձագետների ուշադրությունից վրիպել է իրավունք հասկացությունը: «Բայց չէ՞ որ կոնֆլիկտային հարաբերությունների հաղթահարման եւ համերաշխության տանող ցանկացած ճամփա անհաս կմնա, եթե հակամարտող հանրություններն ու մարդիկ ի վիճակի չեն ճանաչել միմյանց իրավունքները»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ տարիներ շարունակ պաշտոնական մակարդակով ճնշվել են Արցախի հանրության իրավունքները, ինչն էլ հանգեցրել է պատերազմի:
Բանախոսություններից հետո ծավալված հարցուպատասխանին եւ մտքերի փոխանակությանը մասնակցեցին ՌԱՀՀԿ հիմնադիր տնօրեն, ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության աշխատակից Աշոտ Մելյանը, «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի ղեկավար Քնարիկ Մկրտչյանը, «Քարվաճառի գիտակրթական կենտրոն» ՀԿ նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Քանանեանը, «Հայկական ընտրություն» կազմակերպության նախագահ Արմեն Աղայանը, Detecktor.am կայքի գլխավոր խմբագիր Էդգար Վարդանյանը, «Ա1+»-ի լրագրող Սերգեյ Առաքելյանը, փորձագետներ Հրաչյա Արզումանյանը, Հայկ Բալանյանը եւ ուրիշներ:
Շնորհանդես-քննարկմանը ներկա էին նաեւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի Խաղաղության եւ զարգացման ծրագրի խորհրդական Նաիրա Սուլթանյանը, Եվրամիության հատուկ հանձնակատարի ներկայացուցիչ Քարին Մարմսոլերը եւ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության ներկայացուցիչ Մարինա Արամյանը: